ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յունիսի սկզբին Ս. Փեթերզպուրկ
ի տնտեսական համաժողովի շրջանակներում պլանաւորուած է Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների հանդիպում։ Ինչպէս յայտնի է, Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ հանդիպումը, որը Մայիսի 7ին տեղի է ունեցել Պրահայում, որեւէ չափով էական բէկում չի մտցրել ղարաբաղեան կարգաւորման գործընթացում։ Հիմքեր կան պնդելու, որ Ռուսաստանի հիւսիսային մայրաքաղաքում եւս հազիւ թէ նշանակալի որեւէ բան տեղի ունենայ։ Ուշագրաւ է, որ ԵԱՀԿի Լեռնային Ղարաբաղի գծով Մինսկի խմբի համանախագահ Մէթիու Պրայզան էլ նոյնիսկ, ով, որպէս կանոն, միշտ լաւատեսօրէն է տրամադրուած, ծայրաստիճան զուսպ է եղել իր մեկնաբանութիւններում։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սարգսեան-Ալիեւ հանդիպումից չեն սպասում Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ փոխհամաձայնութեան ձեռքբերում բոլոր հիմնական սկզբունքների գծով», ասել է դիւանագէտը։ Այդուհանդերձ, նա հաւատարիմ է մնացել իրեն եւ յոյս յայտնել, որ «առաջիկայ մի քանի ամսուայ ընթացքում աշխարհը կը տեսնի, որ նրանք բեկումնային քայլ են կատարել»։ Պրայզայի նոյնիսկ այդ զգոյշ՝ մի քանի ամսով յետաձգուած լաւատեսութիւնն անգամ կիսելու լուրջ պատճառներ, կարծում ենք, չկան։
Եթէ հետեւենք Պրահայից յետոյ յաջորդած՝ կողմերի յայտարարութիւններին, ապա կարելի է ամենայն վստահութեամբ արձանագրել, որ դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունեցել։ Նոյնիսկ ընդհակառակը, դրանց խստացում է տեղ գտել, եւ ամէնից առաջ՝ Ատրպէյճանի կողմից։ Իսկ դա նշանակում է՝ փեթերզպուրկեան հանդիպմանը Երեւանի եւ Պաքուի մերձեցման առումով արմատական որեւէ առաջընթաց, ճեղքում սպասելն անհարկի է, եթէ չասենք՝ միամտութիւն։
Դիմենք փաստերին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելելու տառացիօրէն նախօրեակին, ինչպէս հռչակւում էր՝ Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների հէնց իսկ փեթերզպուրկեան հանդիպման նախապատրաստման համար, Իլհամ Ալիեւն աչքի ընկաւ հերթական յայտարարութեամբ, որում հիմնախնդրի հնարաւոր խելամիտ լուծման ամենաչնչին իսկ յոյսի տեղ չթողեց։
«Բանակցութիւնների սեղանին չկայ եւ չի կարող լինել Ատրպէյճանից Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ։ Ոչ այսօր, ոչ 10 տարի յետոյ, ոչ 100 տարի յետոյ Լեռնային Ղարաբաղն անկախ պետութիւն չի լինելու։ Բանակցութիւնների սեղանին օկուպացուած բոլոր հողերն Ատրպէյճանին վերադարձնելու հարցն է, բոլոր գաղթականներին իրենց հարազատ օճախները վերադարձնելու հարցը», ասել է Ալիեւը։ Նա վերստին նշել է «ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը տարածքային ամբողջականութեան սկզբունքի հետ հաւասար, միեւնոյն մակարդակի» ներկայացնելու անթոյլատրելիութիւնը։ Ըստ որում, ընդգծել է, թէ՝ «Համաշխարհային հասարակայնութիւնը մերժում է այդպիսի մօտեցումը»։
Տարօրինակ է նման բան լսել մի մարդու շուրթերից, ով հաստատապէս գիտէ, որ միջազգային իրաւունքը ճանաչում է յիշատակուած երկու սկզբունքների համահաւասարութիւնը, որ «համաշխարհային հասարակայնութիւնը», ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ թէ «մերժում է այդպիսի մօտեցումը», այլ՝ որոնում է հիմնախնդրի լուծումը հէնց այդ երկու՝ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սզբունքների հիման վրայ, ընդ որում, դրանց աւելացնում է նաեւ ուժի չկիրառման սկզբունքը։ Ի դէպ, Ալիեւը վերստին յիշեցրել է Ատրպէյճանի ռազմական պիւտճէի եւ պաշտպանական հզօրութեան մեծացման մասին՝ որպէս «հիմնախնդրի լուծման մէկ այլ եղանակի», ինչը բացայայտ սպառնալիք եւ կարգաւորման վերը նշուած երեք սկզբունքներից երրորդի ուղղակի խախտում է հանդիսանում։
Պէտք է խոստովանել, Ատրպէյճանի նախագահի խօսքերում նոր ոչինչ չկայ, ամէն ինչ ցաւալիօրէն ծանօթ է եւ հիմնաւորապէս ճաշակուած։ Դա այլ ինչ չէ, եթէ ոչ պատերազմում ջախջախիչ պարտութիւն կրած Ատրպէյճանի լկտի փորձ՝ իր պայմանները թելադրել ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլեւ համաշխարհային ընկերակցութեանը, որի անուամբ նա ցինիկօրէն քօղարկւում է։ Պաքուն այն աստիճանի է չափն անցել, որ միակողմանի ռազմական-ռազմավարական զիջումներ է պահանջում, մասնաւորապէս՝ տարածքների եւ փախստականների վերադարձի հարցերում, այն էլ համարձակւում է ըստ այդմ հայկական կողմին ոչ կառուցողականութեան մէջ մեղադրել։
«Մենք ոչ մի քայլ դէպի յետ չենք անի։ Մենք այսուհետ էլ շարունակելու ենք մեր քաղաքականութիւնը՝ ուղղուած տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր նախագծերից Հայաստանի մեկուսացմանը», ամենայն լրջութեամբ մոլեգնել է Ալիեւը։ Այսպիսի ագրեսիւ յայտարարութիւնների համապատկերի վրայ միջնորդներն ինչպէ՞ս են «բեկումնային քայլի» յոյս պահում, որը, նրանց կարծիքով, պէտք է կատարեն նախագահները։ Ալիեւի ճչան յայտարարութիւնն այն մասին, թէ ինքը դէպի յետ ոչ մի քայլ չի կատարի, վկայում է հէնց այն մասին, որ այդ քայլը, այն էլ ոչ թէ մէկը, կարգաւորման գործընթացում իր կողմից արդէն կատարուած է։ Կարելի է չկասկածել, որ գործընթացը դէպի յետ է նետուած, այն էլ՝ զգալիօրէն։
Եւ եթէ միջնորդներն իրապէս կարգաւորում են ցանկանում, նրանք պարզապէս պարտաւոր են Ատրպէյճանին հարկադրել քաղաքակիրթ բանակցութիւնների վարման, պրիմիտիւ յոխորտանքից եւ սուր ճօճելուց հրաժարման։ Այլ ոչ թէ ներողամտութեամբ հրահրել նրան՝ պաշտպանելով նրա անիրական պահանջներն ու հիմնախնդրի լուծման ձգտելով գերազանցապէս Պաքուի առաջադրած պայմաններով։ Նման դէպքում, կարելի է չկասկածել, հակամարտութեան գօտում գոյութիւն ունեցող ուժերի ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնն անխուսափելիօրէն կը խախտուի՝ միանգամայն կանխատեսելի հետեւանքներով հանդերձ։
Հակամարտութեան գլխաւոր, հիմնական կողմը Լեռնային Ղարաբաղն է, եւ կարգաւորման գլխաւոր հարցը՝ նրա ապագայ քաղաքական կարգավիճակը։ Իսկ մնացած հարցերը, որոնք Պաքուի կողմից մատուցւում են որպէս հիմնական, ընդամէնը ածանցեալ են, որոնք ծագել են բացառապէս Ատրպէյճանի սանձազերծած ագրեսիւ պատերազմի պատճառով։ Եթէ միջնորդները հաշուի չառնեն այդ ակնբախ ճշմարտութիւնը եւ Լեռնային Ղարաբաղին զրկեն իր համար կենսականօրէն կարեւոր նշանակութիւն ունեցող հարցերի լուծմանը մասնակցելու հնարաւորութիւնից, ապա դիւանագիտական ճեղքման հասնելը ծայրաստիճան բարդ, նոյնիսկ անհնար է լինելու։ Եւ ոչ միայն առաջիկայ փեթերզպուրկեան հանդիպմանը։
«Ազատ Արցախ»