

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՀՃԳԸ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆԻ ԵՒ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԼԻՆՏԱ ՄԿՐՏԻՉԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութիւնը (ԱՀՃԳԸ-AESA), գործունէութեան 40ամեակը կը նշի երկու նշանակալի միջոցառումներով: Հոկտեմբերի 21ին տեղի կ՛ունենայ «Գիտութեան ոլորտում նուաճումներ եւ նոր սահմաններ» խորագրով գիտատեխնիկական համաժողով Քալսթէյթ Նորթրիջ համալսարանում, որի խօսնակներն ու մասնակիցներն են տարբեր ոլորտներում ճանաչուած մասնագէտներ: Հոկտեմբերի 26ին կը կայանայ դրամահաւաք ձեռնարկ, որի նպատակն է նպաստել Հայաստանում աւիատիեզերական (տիեզերագնացութեան) տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) զարգացմանն ու կրթութեանը: «Կազմակերպութեան առաքելութիւնն է` համախմբելով լաւագոյն մասնագէտների եւ տեխնոլոգիաները` փոփոխութիւն ստեղծել Հայաստանում եւ համայնքում»: Միջոցառումների եւ ծրագրերի մասին «Ասպարէզ»ին մանրամասներ են ներկայացնում Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան նախագահ Ասատուր Տարագճեանն ու փոխնախագահ Լինտա Մկրտիչեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակ ունի այս տարուայ դրամահաւաք ձեռնարկը:
ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆ.- Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների լոյսի ներքոյ փոխեցինք Ամերիկայի Հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան 40 ամեակին նուիրուած տօնական միջոցառման բնոյթը: Նախատեսուած գալայի փոխարէն, տեղի կ՛ունենայ դրամահաւաք, որի նպատակն է աջակցել Հայաստանում աւիատիեզերական տեխնոլոգիաների եւ կրթական կարեւոր ծրագրերին: Այս որոշումն ընդունուել է` հաշուի առնելով Հայաստանում գործող կազմակերպութիւնների եւ նախարարութիւնների պահանջ կոչը: Որպէս գիտական, ճարտարագիտական եւ տեխնիկական ոլորտներն համախմբող կազմակերպութիւն, հաւատում ենք, որ մեր ջանքերը պէտք է ուղղորդենք հայրենիքին առաւել անհրաժեշտ եւ հրատապ ոլորտներին սատարելու ուղղութեամբ, ինչը կազմակերպութեան հիմնական նպատակն է:
Դրամահաւաք ձեռնարկի գլխաւոր բանախօսն է մեր կազմակերպութեան կողմից տարուայ գլխաւոր` Վիկտոր Համբարձումեանի անուան մրցանակին արժանացած Պաուլօ Փիրջանեանը, ով Embodied, Inc.է եւ «Moxie ընկերութիւնների հիմնադիրն է: Ռոբոտաշինութեան (մարդ մեքենայի կառուցման) եւ տեխնոլոգիաների ոլորտում Փիրջանեանի գործունէութիւնը նորարարութիւններին ուղղուած այն ոգին է, որ մենք կը տօնենք ձեռնարկի շրջանակներում:
ԼԻՆՏԱ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Տարուայ մեր գլխաւոր միջոցառման նպատակներից է նաեւ հարթակ տրամադրել գիտութեան ու տեխնոլոգիաների, ինչպէս նաեւ, այլ ոլորտների մասնագէտների` հանդիպելու, մտքեր փոխանակելու եւ համագործակցելու, խթանելու մասնագիտական առաջընթացը: Եթէ ունես լաւ կապեր, կարող ես շատ առաջադիմել, եւ աւելի քան 200 մասնագէտների մէկ վայրում ներկայութիւնը կարող է շատ առիթներ ստեղծել, որ կարող է փոխել ապագան: Միջոցառման հիւրերի թւում են ոլորտի առաջատար դէմքեր, ինրպես նաեւ` նահանգի, Գլենդելի հասարակական քաղաքական գործիչներ: Մենք կը ներկայացնենք կազմակերպութեան քառասուն տարիների գործունէութեան մասին պատմող տեսանիւթ, կը խօսենք ձեռքբերումների, մեր ծրագրերի եւ առաջիկայ նախագծերի մասին: Բացի հիմնական մրցանակից, կը պատուենք նաեւ մեր կազմակերպութեան անդամներին, ովքեր ներդրում են ունեցել մեր յաջողութիւններում: Այս առիթով, շնորհակալութիւն ենք ցանկանում յայտնել նաեւ մեր կամաւորներին, ում աջակցութեամբ հնարաւոր է դառնում մեր ձեռնարկը:
Մեր համայնքին սիրով հրաւիրում ենք մաս կազմելու այս կարեւոր նախաձեռնութեանը` իրենց մասնակցութեամբ եւ նուիրատուութիւններով նպաստելու մեր դրամահաւաքին եւ միասնաբար շարունակելու Հայաստանի տեխնոլոգիական եւ կրթական ոլորտի զարգացմանն ուղղուած մեր յանձնառութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ թեմաներ են ընդգրկուած համաժողովի օրակարգում:
ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆ.- Հոկտեմբերի 21ին Քալսթէյթ Նորթրիջ համալսարանում անցկացնելու ենք «Գիտութեան ոլորտում նուաճումներ եւ նոր սահմաններ» խորագրով գիտատեխնիկական համաժողով: Ճարտարագիտութեան, արհեստական բանականութեան, աւիատիեզերագիտութեան եւ կենսագիտութեան (biology) թեմաներով, բանախօսութեամբ հանդէս կը գան համաշխարհային ճանաչում ունեցող մասնագէտներ, այդ թւում` Նաիրա Յովակիմեանը, Էն Քարակէօզեանը, Տիրան Աբելեանը, Արթուր Դաւոյեանը, Արամ Տէր Մարտիրոսեանը, Րաֆֆի Յակոբեանը, Ալան Սաղաթելեանը, Լէօ Նաթանեանը, Լիւսի Աբգարեանը, Ռիչըրտ Օհանեանը, Արփի Թամրազեանը, Շանթ Քէնտերեանը, Զարեհ Զուրաբեանը, Վահան Մարտիրոսեանը, Մեղեդի Բաբախանեանը: Ներկայացնելու ենք նաեւ ուսանողների թէզային աշխատանքներ, ինչը լաւագոյն միջոցն է քաջալերելու մեր երիտասարդներին: Ձեռնարկին ներկայ են լինելու ոլորտի բազմաթիւ այլ մասնագէտներ, ինչը նաեւ առիթ է ծանօթանալու եւ նոր նախաձեռնութիւնների սկիզբ դնելու: Համաժողովը սկսուելու է ժամը 10ին եւ կը տեւի մինչեւ 4ը: Տոմսերը մատչելի են, ուսանողների համար նախատեսուած են զեղջեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը խնդրէի ամփոփ ներկայացնէիք Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան գործունէութեան 40ամեակի գործունէութիւնը:
ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆ.- 40 տարիների ընթացքում, կազմակերպութիւնը բազմաթիւ նախագծեր է իրականացրել: Անդրադառնամ դրանցից մի քանիսին, եւ սկսեմ Գիտական օլիմպիադայից (ողիմպիականէն): Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան առաջնահերթութիւններից է պատանիների ու երիտասարդների կրթութիւնն ու նրանց աջակցելը: Այս նպատակով, իւրաքանչիւր տարի, Լոս Անջելեսում անցկացւում է Գիտական օլիմպիադա. բացառիկ ձեռնարկ, որին մասնակցում են 6-12րդ դասարանների հայ աշակերտներ: Այն անցկացւում է Կալիֆորնիայի գիտական մրցոյթների չափանիշներով, եւ մեր գնահատող խմբի անդամներն էլ յայտնի մասնագէտներ են: Վերջին մի քանի տարիներին, առցանց համակարգով ներգրաւուել ենք նաեւ Հայաստանի եւ Արցախի աշակերտներին:
Միւս ծրագիրը կրթաթոշակներն են, որ կազմակերպութիւնը տրամադրում է տեղական եւ Հայաստանում սովորող ուսանողներին: Վերջին տարուայ մեր կրթաթոշակները տրուել են գիտութեան, ճարտարագիտութեան եւ մաթեմատիկայի ոլորտներում Հայաստանի Ամերիկեան համալսարանի եւ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ուսանողներին:
Բնապահպանական ծրագրեր ունենք, ինչի շրջանակներում փորձում ենք լուծել շրջակայ միջավայրի աղտոտուածութեան խնդիրները, բարձրացնել իրազեկութիւնը եւ խթանել ծրագրեր, որոնք երկարաժամկէտ ազդեցութիւն կ՛ունենան շրջակայ միջավայրի բարելաւման վրայ: Մեր նախագծերից են Հայաստանում դպրոցների վրայ արեւային վահանակների տեղադրումը, կրթական ծրագրերին աջակցութիւնը, ինչպէս նաեւ վերամշակման ուղղութեամբ աշխատանքներ, որի շրջանակներում իրականացրել ենք փողոցների մաքրութիւն:
Կազմակերպութիւնը մեծ ուշադրութիւն է դարձնում եւ ֆինանսական զգալի միջոցներ է յատկացնում յատկապէս Հայաստանում աւիատիեզերական ոլորտում գիտահետազօտական ծրագրերին: Մենք նաեւ մասնագէտների տուեալների մեծ շտեմարան ունենք, եւ նրանց կապում ենք հայաստանեան մասնագէտների, ուսանողների հետ, անցկացնում քննարկումներ, տրամադրում խորհրդատուութիւն:
ԼԻՆՏԱ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Կազմակերպութեան հիմնական ծրագրերից են դրամաշնորհները, որոնք, ինչպէս Ասատուրը նշեց, ուղղւում են Հայաստանի համար, յատկապէս այսօր ամենակենսական ոլորտներում հետազօտական աշխատանքներին, նոր նախագծերի ստեղծմանը: Հայաստանից մենք ստանում ենք բազմաթիւ նախագծեր, որոնց մեր մասնագէտները ծանօթանում են, քննարկում են, եւ ընտրելու դէպքում` Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութիւնը յատկացնում է համապատասխան ֆինանսական միջոցներ` դրանք կեանքի կոչելու համար: Այս առումով տեղեկացնեմ, որ մեզ կարող են դիմել մեր կայքի միջոցով, որտեղ պէտք է լրացնել համապատասխան ձեւաչափով դիմումաձեւն ու զետեղել ծրագիրը: Կազմակերպութիւնը մեծ թուով ուսանողների է նաեւ փորձում օգնել, քանի որ գիտութիւնը միակ զէնքն է, որ ներկայում ունենք, եւ պէտք է աջակցենք, որ հնարաւորինս շատ գիտնականներ, ճարտարագէտներ ունենանք: Հաւաքական ուժից բացի գիտութիւնն է նաեւ այսօր մեր փրկութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր առաքելութեան շրջանակներում համագործակցո՞ւմ էք այլ կազմակերպութիւնների հետ:
ԼԻՆՏԱ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Մեր նպատակը թէ՛ Սփիւռքին, թէ՛ Հայաստանին օգնելն է, եւ դրան հասնելու համար, այո՛, համագործակցում ենք նոյն տեսլականն ունեցող բոլոր կազմակերպութիւնների, անհատների հետ: Մենք կամուրջ ենք այսօր, որ կապում է Հայաստանում եւ Ամերիկայում առկայ միջոցները: ԱՀՃԳԸն ունի ՆԱԶԱի, ամերիկեան տիեզերագնացութեան, ճարտարագիտութեան եւ գիտական այլ հեղինակաւոր կազմակերպութիւնների, համալսարանների մասնագէտների տուեալներ, եւ միաժամանակ` ամուր կապեր Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի, Հայաստանում Ամերիկեան, Ճարտարագիտական Համալսարանների, Ճարտարագիտական քաղաքի, Ճարտարագէտների միութեան եւ ոլորտի հայաստանեան այլ կառոյցների հետ: Վերջերս ակտիւօրէն (աշխուժօրէն) աշխատում ենք ՖԱՍԹ հիմնադրամի հետ` տարբեր ձեւերով աջակցելով գիտահետազօտական ծրագրերին: Ուրախ եմ նաեւ նշելու, որ մեր անդամներից շատերը դասաւանդել են ԹՈՒՄՕ կենտրոնում:
Միացեալ Նահանգներում, կը ցանկանայի անդրադառնալ յատկապէս մեր մի նախաձեռնութեան, որի շրջանակներում մեզ յաջողուեց միաւորել մեծաթիւ տարաբնոյթ կազմակերպութիւնների եւ անցկացնել ձեռնարկատիրական ոլորտի համաժողով: Սա արդիւնքում վերաճեց եւս մէկ ծրագրի` «Միացեալ ԱՅՈ» (United AIO), որն աւելի քան 35 առաջատար մասնագիտական, բարեգործական կազմակերպութիւնների դաշինք է, որի նպատակն է համախմբել Սփիւռքահայ տարբեր մասնագիտութիւնների անհատների` ռազմավարական նշանակութիւն ունեցող նախագծերի շուրջ, որոնք կը նպաստեն Հայաստանի զարգացմանն ու անվտանգութեանը:


ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆ.- Տարուայ ընթացքում, մենք կազմակերպում ենք նաեւ տարաբնոյթ դասախօսութիւններ, ցանցային միջոցառումներ մասնագիտական աճի մասին, տեղեկութիւններ ենք տրամադրում տարբեր ոլորտներում, ծանօթացնում մասնագէտներին միմեանց հետ, օգնում երիտասարդներին գտնելու անհրաժեշտ աղբիւրներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞վ եւ ինչպէ՞ս կարող է դառնալ Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութեան անդամ:
ԱՍԱՏՈՒՐ ՏԱՐԱԳՃԵԱՆ.- Մեր անդամների զգալի մասը գիտնականներ ու ճարտարագէտներ են, սակայն մենք սիրով ընդունում ենք նաեւ այլ ոլորտների մասնագէտներ: Ցանկացողները կարող են մեր կայքում ընտրել թէ ինչ կարգի անդամակցութիւն են նախընտրում եւ անդամագրուել: Գործում է տարեկան անդամավճար:
ԼԻՆՏԱ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Հայաստանից անդամակցել ցանկացողների համար, մենք սահմանել ենք այլ անդամավճար, որպէսզի հնարաւորութիւն տանք բոլոր ցանկացողներին մեզ միանալու: Նրանք ովքեր անդամ չեն, կարող են բաժանորդագրուել մեր տեղեկագրին եւ ստանալ բազմաբնոյթ տեղեկութիւններ: Այս ամէնի եւ մեր կազմակերպութեան մասին առաւել տեղեկութիւններ կարող էք ստանալ՝ այցելելով կայքը: