ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ազգ».- «Ազգն» իր ընթերցողներին մանրամասնօրէն ներկայացրել է Հայաստանի գրողների միութեան VI համաժողովի ընթացքի մասին, որին 20 երկրներից մասնակցում էին նաեւ 60 գրողներ: Սակայն գրեթէ բոլորը դժգոհ էին համաժողովին հայաստանցի գրողների բացակայութիւնից, վատ կազմակերպուած քննարկումներից, որոնք որեւէ արդիւնքի չեն հասել: Միակ ոգեւորիչ բանը սփիւռքի բոլոր գրողները այսուհետ համարւում են Հայաստանի

գրողների միութեան լիիրաւ անդամ ու ստացան նոր անդամատոմսեր: Ոմանք այս հարցում էլ անճշդութիւն նկատեցին ու կարծում էին, որ ոչ թէ պէտք է համարուեն Հայաստանի գրողների միութեան, այլ Համահայկական գրողների միութեան անդամ: Որպէսզի երկու տասնեակ գրողների նոյնատիպ կարծիքներն ու դժգոհութիւնները չներկայացնենք, առանձնացնում ենք մի քանիսը, որոնք ցանկացել են, որ նման համաժողով չկրկնուի ու բոլոր թերութիւնները շտկուեն:
ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ (գրող, թարգմանիչ, Իրան): Գրողների միութեան վերջին չորս համաժողովներին էլ մասնակցել է եւ ահա թէ ինչ ասաց. «Ես այս համաժողովներից, հանդիպումներից ստանում եմ այն, որ իմ միւս աշխարհասփիւռ գրչեղբայրներին անձամբ ծանօթանում եմ: Դա շատ կարեւոր բան է եւ աւելի ջերմ համագործակցութիւն է ստեղծում: Իհարկէ, հայաստանցի գրողների եւ հրատարակիչների հետ հանդիպումները շատ պէտք է լինեն: Ես առաջարկեցի մի նոր էլեկտրոնային հասցէ բացել ու այնտեղ տեղադրել նոր հրատարակուած բոլոր գրքերի ցանկը, որին աշխարհի տարբեր ծայրերում կարող են ծանօթանալ: Իսկ թէ ի՞նչ ընթացք կ՛ունենայ իմ եւ այլոց առաջարկները՝ պէտք է սպասենք…»:
ՀԱՄԲԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ (գրող, խմբագիր, Լիբանան) – «Համագումարները հիմնականում միտուած են միմեանց ծանօթացնելու հայրենիքի եւ սփիւռքի գրողներին, մտաւորականներին, եւ այդ մէկտեղումը խթան է հանդիսանում հայ գրականութեան զարգացումը խոչընդոտող ազդակները չէզոքացնելուն: Խօսուեց իհարկէ այդ հարցերի մասին: Սակայն սփիւռքում հայ լինել, հայ մնալ, հայ գրող լինել՝ շատ դժուարին հարց է: Սակայն ես ցաւալի երեւոյթ տեսայ՝ մեր փայլուն գրողները իրենց «բացակայութեամբ» փայլում էին համաժողովի օրերին: Մենք եկել էինք հեռուներից ու շատ լաւ գիտակցում էինք, որ հայրենիքում շատ քննարկուելիք հարցեր կան, նիւթեր կան, գրքի ու գրատպութեան 500ամեակն է վերջապէս, ինչ լաւ կը լինէր, որ մենք գրքի մշակներս, Մեսրոպի ծառայողներս, միասնաբար քննարկէինք այդ հարցերը: Կրկին ցաւով եմ նշում, որ յուսախաբ եղայ առանց հայաստանցի գրողների համաժողով անցկացնելու փաստին ականատես լինելով: Յոյս ունեմ ապագայում այդ հարցին կ՛անդրադառնան»:
ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԷԼԵԱՆ (բանասէր, խմբագիր, Լիբանան) – «Իւրաքանչիւր համաժողովի գալիս ենք մեծ ակնկալիքներով, սակայն դժբախտաբար ասեմ, որ վերջին համաժողովները ոչ միայն առաջխաղացում չեն արձանագրել, այլ ճիշդ հակառակը՝ նահանջ են արձանագրել: Նախորդ համաժողովներին գոնէ 10-15 հայաստանցի գրողներ մասնակցում էին ե՛ւ քննարկումներին, ե՛ւ կլոր սեղաններին, իսկ այս մէկում նրանք չկային: Սփիւռքից գրողները գալիս են, իրար հետ հանդիպում, հարցեր քննարկում, իսկ Հայաստանից չկան ու չկան: Ենթադրում եմ, Հայաստանի գրողների կողմից ցուցաբերած անտարբերութիւնը պատճառ է նաեւ, որ ճանաչուած սփիւռքահայ գրողները այլեւս կարեւորութիւն չտան այս տեսակ համաժողովներին եւ իրենք էլ իրենց հերթին բացակայէն: Դժբախտաբար վերջին նիստին հայրենի միայն 2-3 գրող ներկայ եղաւ եւ դեռ կէսից նրանք էլ թողեցին ու գնացին: Եթէ մենք՝ սփիւռքահայ գրողներս, համաժողովին պիտի մասնակցենք ու գրական, ազգային, մշակութային հարցեր քննարկենք, ապա այդ համախմբումը կարող ենք Սփիւռքում անել, ինչո՞ւ պիտի հայրենիք գայինք: Մենք հայրենիք ենք գալիս, ճիշդ է, տեսնելու մեր հարազատ գրչակիցներին տարբեր գաղութներից, բայց հիմնական նպատակը՝ շփուելու, կապեր հաստատելու Հայաստանի գրողների հետ, ծանօթանալու հին ու նոր գրողներին ու նրանց ստեղծագործութիւններին: Իմ գլխաւոր դիտողութիւնը հետեւեալն է. եթէ համաժողովները պիտի շարունակուեն, ապա առաջին հերթին պէտք է հայաստանցի գրողների ներկայութիւնը ապահովուի, երկրորդ՝ շատ աւելի կազմակերպուած պէտք է լինեն»:
ՍԱՐԳԻՍ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ (գրող, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ, Բէյրութ) – Վեց համաժողովներին մասնակցած եւ Բէյրութի 3րդ համաժողովի կազմակերպչական յանձնախմբի անդամ: «Կարծում եմ, բոլոր այն 54 անդամները, որ Հայաստանից մասնակցում էին բէյրութեան համաժողովին, տեսան, թէ ինչպիսի կազմակերպչական յստակ աշխատանք էր տարուել եւ ինչպիսի յաջող ընթացք ունեցաւ: Իսկ այս վերջին համաժողովը, ինչպէս իմ աւագ գրչընկեր Ժիրայր Դանիէլեանն ասաց, իսկապէս յուսալքեց մեզ: Եթէ 20 երկրներից ժամանած սփիւռքահայ գրողներով համաժողով պիտի անէինք, ապա Հայաստան գալը ի՞նչ միտք ունէր: Սփիւռքի որեւէ գաղթօջախում կարող էինք հաւաքուել, քանի որ արդէն տարիներ ի վեր կենդանի կապ ունենք նրանց հետ, բարեկամութիւն ու մտերմութիւններ ունենք: Գործնական որոշ հարցեր քննարկուեցին, մտահոգութիւններ հնչեցին, բայց ոչ այն չափի ու բովանդակութեան, որ սպասւում էր: Միակ ծափահարելի, գնահատելի երեւոյթը մնաց համաժողովի նիստերից դուրս հանդիպումները, երեկոները, երբ համախմբւում էինք ու կիսում մեր ցաւերը, մտահոգութիւնները ու մեր հարցերը որոշում՝ դրանց լուծման ուղղութիւնները գտնելով: Այս առումով համաժողովը եղաւ օգտակար, սակայն մեր ակնկալիքը միայն այս չէր»…
Յ. Գ. Երբ «Ազգը» փորձեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանեանից ճշդել, թէ ինչո՞ւ Հայաստանի գրողները չէին մասնակցում համաժողովին եւ նրանցից շատերը պնդում էին, որ հրաւէր չեն ստացել, պրն. Անանեանն ասաց. «Գրողների միութիւնը գրողի տունն է, մարդուն իր տուն հրաւէր չեն ուղարկում: Եթէ ուզում էին, թող գային ու մասնակցէին: Մի քանի անգամ «Գրական թերթում» համաժողովի մասին տեղեկացրել ենք, ծրագիրը նոյնպէս տպագրել ենք: Երեւի չեն ցանկացել մասնակցել ու հիմա բողոքում են: Թող իրենց մէջ մեղքն ու պատճառը փնտռեն»: