ՌՈՄԻԿ ՅՈՎՆԱՆԵԱՆ
«Վան-Վասպուրական»
Հայրենակցական հասարակական կազմակերպութեան նախագահ
Հայ ժողովրդի նորագոյն պատմութեան փառաւոր էջերից մէկը Վանի 1915 թուի ապրիլեան նշանաւոր հերոսամարտն է, որի 97րդ տարեդարձը լրանում է այս տարի:
20րդ դարի սկզբին Թուրքիայում իշխանութեան գլուխ անցած երիտթուրքերի պարագլուխները, օգտուելով առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարաւորութիւնից, 1915թ. գարնանը որոշում ընդունեցին զանգուածային տեղահանութեան անհրաժեշտութեան անուան տակ բնաջնջել Արեւմտահայաստանի եւ Թուրքիայի տարբեր բնակավայրերում ապրող հայ ազգաբնակչութեանը, նպատակ ունենալով մէկընդմիշտ վերջ տալ Հայկական հարցին:
Այդ նպատակով, ինչպէս արւում էր սուլթան Աբդուլ Համիդի օրօք, հայաշատ գաւառներում հրահրում էին հայ-քրդական ընդհարումներ, որոնց հետեւում էին հայ ազգային հասարակական գործիչների ձերբակալութիւններ եւ սպանութիւններ: Թուրքերի այսպիսի գործելակերպը անծանօթ չէր վանեցիներին, որոնք Արմէնական կուսակցութեան առաջնորդութեամբ դեռեւս 1896թ. Յունիսի 3ից մինչեւ 8ը զինուած դիմադրութիւն էին ցոյց տուել թուրք ջարդարարներին՝ ստիպելով Թուրքիայի ոճրագործ կառավարութեանը գնալ որոշակի զիջումների:
1908թ. օսմանեան սահմանադրութեան հռչակումով Վասպուրականի հայութիւնն էլ մի պահ հաւատաց, թէ իր տառապանքները վերջ են գտել եւ ազգամիջեան ընդհարումները դադարելու են: Սակայն 1909թ. Ադանայի կոտորածը եկաւ մէկ անգամ էլ ապացուցելու (դրանից յետոյ նաեւ բազմիցս), որ թուրքը մնում է թուրք, եւ չպէտք է նրան ոչ վստահել եւ ոչ էլ հաւատալ: Նա իր հայաջինջ քաղաքականութեան համար միշտ էլ, որպէս գործիք, օգտագործել է հայ գիւղացու բնակակից տգէտ քրդութեանը, որը մինչեւ վերջ անընդունակ եղաւ ըմբռնելու իր չարն ու բարին, միշտ առաջնորդուեց կրօնական մոլեռանդութեամբ ու ընչաքաղց աւազակաբարոյ բնազդով՝ ուղղակի պատուհաս դառնալով հայերի համար:
Իրադարձութիւնները Թուրքիայում այս վիճակումն էին, երբ պայթեց առաջին համաշխարհային պատերազմը (19.07.1914թ.), ու Թուքիան Հոկտեմբերի 16ին պատերազմական գործողութիւններ սկսեց Ռուսաստանի դէմ:
Եւ ահա, օգտուելով պատերազմի ընձեռնած հնարաւորութիւնից, երիտթուրքերի կառավարութիւնը անցաւ իր հրէշաւոր պլանների իրականացմանը՝ Արեւմտահայաստանի հայ ազգաբնակչութեան բնաջնջմանը:
Արեւմտահայաստանում ամենահայաշատ նահանգը, Սեբաստիայից յետոյ (370000 հայ), Վասպուրականն էր (242000 հայ), իր Վան կենտրոնով եւ Այգեստան արուարձանով, որտեղ ապրում էր 25000 հայ:
Կովկասեան ռազմաճակատում կրած ջախջախիչ պարտութիւնների մէջ մեղադրելով հայերին, թուրքական կառավարութիւնը հրահանգեց Վանի կուսակալ æեւդեթին արագօրէն մաքրել հաշիւները Վասպուրականի հայութեան հետ: æեւդեթը վանեցիներից պահանջեց յանձնել 18-45 տարեկան բոլոր զինուորացուներին, իբր օսմանեան բանակի ամրաշէն զօրամասերում ծառայելու համար: Երիտասարդութիւնը տատանւում էր՝ գնալ, թէ չգնալ: Հէնց այս ճակատագրական օրերին գտնուեցին ժողովրդի միասնական ուժն ու կամքը համախմբող գործիչներ՝ Արամ Մանուկեան, Հայկակ Կոսոյեան, Արմենակ Եկարեան, Բուլղարացի Գրիգոր, Կայծակ Առաքէլ եւ ուրիշներ, որոնք կազմակերպեցին Վանի հերոսամարտը:
Պատրաստուելով թուրքական իշխանութիւնների նոր բռնութիւններին՝ Վանի տեղական կազմակերպութիւնների ջանքերով ձեռք էր բերուել զէնք ու զինամթերք, ստեղծուել էին ինքնապաշտպանութեան գօտիներ, զինուած խմբեր, նշանակուել շրջանապետներ ու խմբապետներ:
Վասպուրականի գաւառներում Մարտ ամսուայ վերջերին փաստօրէն սկսուել էր կոտորածը: Դէպի Վան ուղեւորուող օտարերկրեայ միսիոներներն ամէնուր հանդիպում էին դիակների՝ փռուած ճանապարհի երկու կողմում: Արդէն Մարտի 29ին լուր հասաւ Վան, թէ Շատախի երիտասարդութիւնը դիրքերն է մտել, եւ որ ընդհարումն անխուսափելի է: æեւդեթն այս դէպքը վարպետօրէն օգտագործեց՝ ծուղակը գցելով ՀՅԴի Վասպուրականի ղեկավարներից Իշխանին (Նիկոլ Միքայէլեան) եւ նրա երեք ընկերներին, որոնք դաւադրաբար սպանուեցին Հիրճ գիւղում: Սա ցնցող լուր էր, որ միանգամից սթափեցրեց եւ ոտքի հանեց Վանի հայ ազգաբնակչութեանը՝ մէկ մարդու նման դիմելու միայն ու միայն ինքնապաշտպանութեան փրկարար գործին:
Դեռ այս լուրը Այգեստան չհասած՝ յաջորդ որը æեւդեթը նոյն խորամանկութեամբ ուզեց ծուղակը գցել Արամին եւ Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր Արշակ Վռամեանին: Նրան յաջողուեց ձերբակալել Վռամեանին, որն այնուհետեւ խեղդամահ արուեց Վանայ լճում, իսկ Արամը պատահականօրէն խոյս տուեց ձերբակալումից եւ նշանակուելով Վանի ինքնապաշտպանութեան քաղաքական մարմնի ղեկավար, զինուորական մարմնի հետ, որը գլխաւորում էր ռամկավար Արմենակ Եկարեանը, ղեկավարեց ժողովրդական դիմադրութիւնը Այգեստանում: Ոճրագործ նահանգապետը մտադիր էր վերացնել Վանի հայ ղեկավարութեանը, որ իր առջեւ մնար միայն անպաշտպան ժողովուրդ, որին նա պիտի հեշտութեամբ ոչնչացնէր: Յետոյ նա տեսաւ այդ ժողովրդի կատաղութեան թափը, որի առջեւ անզօր դարձան նրա հիւանդագին ուղեղի յղացած բոլոր միջոցները:
Ապրիլի 5ին Այգեստանի զինուած խմբերը զբաղեցրին իրենց դիրքերը, սպասելով իրադարձութիւնների յետագայ զարգացմանը: Իսկ արդէն Ապրիլի 4ին ընդհատուել էր կապը Վանի քաղաքամիջի եւ Այգեստանի միջեւ: Նրանք անտեղեակ դարձան միմեանց անցուդարձին եւ կայացած որոշումներին: Զինուորական մարմնի որոշումով զինուած խմբերը անցան ռազմական վիճակի: Իսկ թուրքական կանոնաւոր զօրքը՝ շրջապատելով Այգեստանը, պատրաստւում էր յարձակման: Վասպուրականի հայատեաց կուսակալը հրամայել էր, որ Այգեստանի վրայ դուրս բերուեն ողջ ռազմական ուժն ու ոստիկանութիւնը, որոնց պէտք է միանային թուրք ու քուրդ խուժանը, եւ յարձակումը սկսել բոլոր ուղղութիւններով: Նա հրամայել էր նաեւ ոչնչացնել մինչեւ վերջին հայը: Վանեցիները պատրաստութիւն էին տեսնում թշնամու յարձակմանը դիմագրաւելու համար: Լաւ էր, որ թշնամին ձեռնոց նետեց, որով եւ կռուի ազդանշանը տալով չկարողացաւ յանկարծակիի բերել հայ մարտիկներին:
Այգեստանն ունէր պաշտպանական հինգ շրջան, 11 շրջանապետ, 73 դիրք, մօտ 1000 զինուոր, 500 հրացան, 550 մաուզեր եւ 100 000 փամփուշտ: Թուրքերն այս փոքրաթիւ ուժերի դէմ կենտրոնացրել էին 6000 զինուոր, 12 թնդանօթ, մեծ քանակութեամբ հրազէն եւ փամփուշտ: Թուրքերը օղակել էին Այգեստանը համարեա բոլոր կողմերից: Թուրքերը ունէին նաեւ շատ կարեւոր ռազմական յենակէտ: Դա հայկական թաղերի վրայ իշխող Համուդ-աղայի զօրանոցն էր, որը կտրել էր հայկական դիրքերը միմեանցից:
Ապրիլի 7ի առաւօտեան Ուրբաթ առուի կողմից լսուեցին մի քանի կրակոցներ, Այգեստանն օղակող բոլոր դիրքերից սկսուեց հրացանաձգութիւն, թուրքական զօրանոցներից հարիւրաւոր զինուորներ յարձակուեցին հայկական դիրքերի վրայ: Մօտ 70 դիրքերից հայ մարտիկները թշնամուն պատասխանեցին դիպուկ կրակով եւ ջլատեցին նրա ուժերը: Այգեստանը կլանուեց վառօդի ծխի, կրակի ու փոշու մէջ: Եղան առաջին զոհերն ու վիրաւորները, սակայն հայ մարտիկները ոչ մի թիզ չնահանջեցին: Այգեստանը պատնէշի վրայ էր: Նա ինքնամոռաց կերպով կատաղի կռուի էր բռնուել իր դարաւոր թշնամու հետ: Ապրիլի 7ի գիշերը քուրայ եղաւ հայ մարտիկների համար, որոնք կոփուած դուրս եկան նրա բովից, որոնց մէջ կային նաեւ այնպիսիները, որոնք առաջին անգամ էին ստանում կրակի մկրտութիւն:
Ապրիլի 8ի գիշերը հրկիզուեց ու գրաւուեց անգլիական հիւպատոսարանը, որն իր թուրք պահակախմբով տագնապի էր մատնել շրջապատի հայկական դիրքերը: Դիմադրութեան առաջին եւ երկրորդ օրերը թէեւ շատ դիրքեր աւերուեցին, եղան զոհեր, բայց ամէն մի դիրքապահ, հաւատարիմ իր ուխտին, ոչ մի թիզ հող չզիջեց թշնամուն: Վարժապետանոցի մի խումբ աշակերտներից կազմուած նուագախումբը՝ Վանի նշանաւոր «Ֆանֆառը», կռիւների սկզբից մինչեւ վերջ դարձաւ Այգեստանի հերոսամարտի խանդավառ ոգին, որը թնդանօթների որոտներին ի պատասխան յայտնւում էր դիրքերում եւ կատարում «Ամենայն տեղ մահը մի է» երգը՝ գօտեպնդելով հայ մարտիկներին:
Ապրիլի 9ի գիշերը հիմնահատակ կործանուեց բռնութեան ու չարիքի ամրոցը՝ Համուդ-աղայի զօրանոցը Այգեստանում: Այս ձեռնարկը Այգեստանի ինքնապաշտպանութեան պատմութեան ամենահերոսական դրուագներից մէկը եղաւ, Այգեստանն այլեւս անխոցելի եւ անառիկ դարձաւ: Դրանից յետոյ հայ զինուորն սկսեց արհամարհել թշնամու անվերջ յարձակումները եւ ամուր ու անվարան պահեց իր դիրքերը:
Կուսակալ æեւդեթի հարուածը ժայռի հանդիպեց: Նա վճռել էր 24 ժամում հողին հաւասարեցնել Այգեստանն ու Վանը, սակայն տեսաւ թաւալգլոր ընկնող իր ասկեարներին եւ զգաց, որ դեռ շատ արիւն պիտի թափուի մինչեւ հայ զինուորին հասնելը:
Այնուհետեւ հայ մարտիկները տարբեր միջոցներ կիրառելով սկսեցին քանդել եւ աւերել հակառակորդի պատնէշները:
Չնայած Վանի միջնաբերդը գտ-նւում էր թուրքերի հսկողութեան տակ, որտեղից անընդհատ գնդակոծւում էին հայկական դիրքերը, այնուամենայնիւ նրանց չյաջողուեց առաւելութեան հասնել: Թուրքերի ռազմական գործողութիւնները ղեկավարող գերմանական բանակի գնդապետ՝ վենեսուելացի Ռաֆայէլ դէ Նոգալեսը իր յուշերում գրում է, որ հայերը ունէին լաւ պաշտպանական դիրքեր, որոնց շնորհիւ էլ մշտական հսկողութիւն էին սահմանել անցուդարձի վրայ: Նրանք զինուած էին մաուզերներով, որոնցով կարճ հեռաւորութեան վրայ կենտրոնացուած կրակ էին բացում հակառակորդի վրայ, որը կարծում էր, թէ հայ մարտիկները գնդացիր ունեն: Աստիճանաբար վարժուելով մարտական գործողութիւններին, հայ մարտիկները ձեռնամուխ եղան հետզհետէ քանդել ու գրաւել թշնամու պատնէշները, ականներով, ռումբերով եւ յարձակումներով ամրապնդեցին իրենց դիրքերը:
Անընդհատ նորանոր ուժեր տեղափոխելով Այգեստանի ճակատ՝ æեւդեթը հրամայում էր շարունակել յարձակումը շուտափոյթ յաղթանակ տանելու համար: Վանի եւ Այգեստանի գրաւումը նա նոյնացնում էր Կովկասեան ռազմաճակատում ռուսական բանակի դէմ տարած յաղթանակի հետ:
Կռիւների առաջին տասը օրուայ ընթացքում կուսակալն Այգեստանի վրայ սպառեց իր յարձակողական բոլոր միջոցներն ու ձեւերը եւ յաջողութեան ոչ մի երաշխիք չունենալով՝ անցաւ պաշարման եւ սպասեց հայ հերոս պաշտպանների զինամթերքի եւ պարէնի սպառմանը: Դիլմանի ճակատամարտում Խալիլ փաշայի բանակը ջարդելուց յետոյ հայ կամաւորական ջոկատները Անդրանիկի եւ Քեռու (Արշակ Գաֆաւեան) հրամանատարութեամբ, ռուսական բանակի (հրամանատար Թովմաս Նազարբէկով) հետ միասին սրընթաց շարժուեցին դէպի Վան: Այս մասին տեղեակ æեւդեթը Մայիսի 5ին փախաւ Վանից, իսկ արդէն Մայիսի 6ին հայ կամաւորական ջոկատները մտան Վան: Վանեցիները տարան տպաւորիչ եւ փառաւոր յաղթանակ: Նրանք իրենց հոգեկան գերագոյն բերկրանքի պահն էին վայելում եւ իրենց դարաւոր ու նուիրական երազանքը իրականացուած էին տեսնում:
Նրանք յոյսերով ու անձնուէր աշխատանքով էին պատրաստւում գալիք օրերին, տեսնելու համար վերածննդի մեծ տօնը: Բայց աւա՜ղ, կարճ տեւեց այդ ուրախութիւնը: 70 օր անց լսուեց նահանջի չարագուշակ հրամանը: Սկսուեց Մեծ գաղթը 1915թ. Յուլիսի 18ին, որից յետոյ թուրքերն անմիջապէս մտան Վան: Արցունքն աչքերին վանեցին ստիպուած էր հեռանալ իր դարաւոր ծննդավայրից, իր բնօրրանից ու բռնել գաղթի տանջալից ճանապարհը դէպի Արարատեան երկիր, դէպի Արեւելեան Հայաստան, սակայն յոյսը չկտրելով իր բնօրրանը շուտով վերադառնալուց: Եւ իսկապէս, երկու շաբաթ անց՝ Օգոստոսի 2ին ռուսական բանակը նորից անցաւ յարձակման եւ գրաւեց Վանը: Դրանից յետոյ դարձեալ մի քանի անգամ Վանը ձեռքից ձեռք անցաւ, մինչեւ որ 1917-ին ստեղծուեց մի կայուն իրավիճակ Ռուսաստանի վերահսկողութեան ներքոյ: Արեւելեան Հայաստանում ապաստան գտած հայ ազգաբնակչութեան մի որոշ մաս՝ թուով մօտ 20 000, վերադարձաւ Վան, որտեղ կազմաւորուել էր Վասպուրականի շրջանային վարչութիւն, որն աստիճանաբար իր ձեռքում կենտրոնացրեց Վասպուրականի ամբողջ պետական-վարչական իշխանութիւնը: Ռուսաստանի ժամանակաւոր կառավարութեան կողմից Վանի նահանգի կոմիսար նշանակուեց Կոստի Համբարձումեանը: Սակայն, դժբախտաբար, Ռուսաստանում տեղի ունեցաւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնը, եւ ռուսական բանակը լքեց Կովկասեան ռազմաճակատը, դատապարտելով հայ ժողովրդին զրկանքների ու տառապանքների, իսկ Արեւմտահայաստանը յանձնեց թուրքերին:
Այնուամենայնիւ վասպուրականցիները Վանի ապրիլեան հերոսամարտի շնորհիւ կարողացան խուսափել զանգուածային կոտորածներից, պահպանեցին իրենց գենոֆոնդը, իսկ Վանից բերած զէնքն օգտագործեցին Սարդարապատի ճակատամարտում՝ ապահովելով յաղթանակը եւ այս փոքրիկ հողակտորը, որն այժմ կոչւում է Հայաստանի Հանրապետութիւն: Ուստի Վանի հերոսամարտի յաղթանակի օրը՝ Մայիսի 6ը, միայն վասպուրականցիների տօնը չէ, համայն հայութեան ամենայիշարժան ազգային տօներից մէկն է, որը պէտք է միշտ յիշուի ու նշուի՝ փոխանցուելով սերնդէսերունդ:
Ամէն տարի՝ Մայիսի 3րդ Կիրակի օրը Վանի 1915 թ. ապրիլեան հերոսամարտը յաւէրժացնող «Արծիւ Վասպուրականի» յուշակոթողի մօտ՝ Աշտարակ-Գիւմրի աւտոմայրուղու հարեւանութեամբ, տեղի է ունենում աւանդական տօնահանդէս՝ ոգեկոչելու Հերոսամարտի մասնակիցների յիշատակը, վառ պահելու ապրողների եւ գալիք սերունդների սրտերում հայրենաբաղձութեան անմար կրակը:
Փա՜ռք եւ պատիւ հերոսական Վանի քաջարի մարտիկներին