
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակը 29 Ապրիլին հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.
«ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակը Բաքւում պահուող 23 հայ գերիների (ներառեալ` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) պատասխանատուներին` առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿի տրամադրութեան տակ գտնուող գործիքակազմերը` ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի յանձնառութիւնների համատեքստում գնահատելու օրէնսդրական եւ վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպէս նաեւ համապատասխան առաջարկներ եւ խորհրդատուութիւններ կատարելու համար:
«ԵԱՀԿ ի բարձրաստիճան պաշտօնեաներին փոխանցուած են նաեւ մի շարք տեղեկութիւններ Ադրբեջանում դատական համակարգի թերութիւնների, ինչպէս նաեւ ի աջակցութիւն հայ գերիների` տարբեր պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների դիրքորոշումների մասին:
«Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական գրասենեակի կողմից ստեղծուած հարթակը` https://armeniancause.net/ հասցէով, որտեղ հնարաւոր է ստորագրել առցանց խնդրագիր` ուղղուած ԵԱՀԿ համապատասխան պաշտօնեաներին:
«Իւրաքանչիւր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրութեան ու կեանքի համար: Միջազգային հանրութիւնը պէտք է ճնշում գործադրի Ադրբեջանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի վրայ, որպէսզի դադարեցուեն մարդու իրաւունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակուեն ապօրինի կերպով ձերբակալուած բոլոր հայ գերիները:
«Ստորագրութիւնների թիւը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն: Ուստի, ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակը, նրանց, ովքեր դեռեւս չեն միացել յիշեալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը եւ օժանդակել Բաքւում ապօրինի պահուող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին»: