
«ԱՍՊԱՐԷԶ».- Ստորեւ կը ներկայացնենք Հայաստանի Մարդկային Իրաւունքներու պաշտպան («օմպուտսման») Կարէն Անդրէասեանի դիմում-կոչը ուղղուած փաստաբաններուն: Անկեղծ հնչող այս կոչը նորանշանակ պաշտպանին կողմէ բաւական յուսադրիչ է՝ իբրեւ արդարութիւն հետապնդելու կամքի արտայայտութիւն: Յուսանք որ պաշտպանը իր պաշտօնի պահանջած խիզախութեամբ կը կատարէ իր առաքելութիւնը ու կը շահի Հայաստանի իրաւաբաններու յարգանքն ու անոնցմէ կը ստանայ փնտռած աջակցութիւնը:
Երկու ամիս առաջ ես ձեզնից մէկն էի եւ 6 տարի յետոյ պատրաստւում եմ նորից լինել ձեզնից մէկը: Այսինքն, եղել եմ փաստաբան ու, կարծում եմ, ամենապատուաբեր աշխատանքն եմ կատարել, բայց ուզում եմ, որ 6 տարի անց, երբ վերադառնամ իմ աշխատանքին, դատական համակարգի վիճակը այլ լինի: Բոլոր փաստաբանները, համոզուած եմ, հասկանում են, ինչ նկատի ունեմ ասելով՝ այլ վիճակ:
Մարդու իրաւունքների պաշտպան ընտրուելուց յետոյ ես յաճախ եմ խօսում դատարանների մասին, սակայն ամենեւին նպատակ չունեմ յատուկ թիրախաւորել ու քննադատել կամ պիտակաւորել ու փորձել քաւութեան նոխազ դարձնել մի համակարգ, որը բացառապէս յարգանքի արժանի է իր ստեղծման իսկ պահից:
Սակայն, միեւնոյն ժամանակ, պէտք է յատուկ շեշտեմ, որ անիրաւ, անարդար դատաւորները մեր հասարակութեան թշնամիներն ու ամենամեծ վնասարարներն են: Արդեօք քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, հասարակութեան լայն զանգուածների օրակարգում կա՞յ դատական համակարգի խնդիրը լուծելու նպատակ՝ կենտրոնանալով ոչ թէ մէկ կամ երկու դատաւորի, այլ ընդհանրապէս դատական անարդարութիւնների պատճառների եւ դրանց չվերացման հետեւանքների վրայ:
Այսօր մեր հասարակութիւնն ունի երկու խնդիր՝ հացի եւ արդարութեան: Ես կարծում եմ, եթէ այս երկու հիմնական, կենսական՝ սոցիալական եւ արդարադատութեան խնդիրները լուծուեն, ապա նուազագոյնը կարելի է ասել, որ Հայաստանում ապրող ամէն մարդ իր դժգոհութիւնները, որոնք շատ յաճախ արդարացի են, կը կարողանայ բաւարարուած տեսնել:
Մարդու բոլոր միւս իրաւունքներն ածանցւում են արդար դատաքննութեան իրաւունքին կամ բխում դրանից: Կարծում եմ չկայ իրաւաբան, որը յստակ չի պատկերացնում այս կապը:
Անկախութեան առաջին տարիներին բոլորի ուշադրութեան կենտրոնում էր երկրում օրէնսդրական դաշտի ձեւաւորումը, եւ դա արդարացուած էր: Ժամանակի ընթացքում միջազգային կառոյցների, մեր տեղական փորձագէտների, քաղաքական ուժերի ջանքերով այսօր արդէն օրէնսդրական դաշտը բաւականաչափ ձեւաւորուած է: Բայց մարդիկ որեւէ խնդրի լուծումը դեռեւս կապում են օրէնքների փոփոխութեան հետ: Մինչդեռ անհրաժեշտ չէ փոխել յաճախ կատարեալ օրէնքները, անհրաժեշտ է դրանք կիրառել, իսկ օրէնքի կիրառումը պէտք է ապահովեն դատարանները:
Այսօր բոլորն են քննադատում դատական համակարգը եւ օրիգինալ (առանձնայատուկ-Խմբ.) չեմ լինի սոսկ քննադատութեամբ: Քիչ է ասել, թէ համակարգն այսօր ունի լուրջ խնդիրներ, սակայն միեւնոյն ժամանակ դատական համակարգի բոլոր քննադատները, ցաւօք, չեն կարողանում մարդկանց կեանքում որեւէ դրական փոփոխութիւն բերել, մինչդեռ հնարաւոր է եղած լծակներով նպաստել դրան: Բոլոր փաստաբանները գիտեն, որ անարդար դատաւորների դէմ պայքարի օրէնքով սահմանուած միայն մէկ միջոց կայ՝ դա կարգապահական պատասխանատուութեան ենթարկելն է, որի համար հաղորդում կարող է տալ իւրաքանչիւրը: Եւ, իհարկէ, կան դատաւորներ, որոնք ենթարկւում են կարգապահական պատասխանատուութեան, բայց արդեօ՞ք հէնց այն դատաւորներն են ենթարկւում կարգապահական պատասխանատուութեան, ովքեր արժանի էին: Սա եւս մտահոգիչ խնդիր է:
Դատաւորի բարձր կոչմանը հարուածելով՝ որեւէ մէկը չի կարող հպարտանալ, չի կարելի արժէզրկել դատաւորի բարձր դերը հասարակութեան մէջ: Իսկապէս խոնարհման է արժանի այն դատաւորը, ով արդար է դատում եւ, նոյնիսկ այսօրուայ դատական համակարգի պայմաններում, կարողանում է իրականացնել արդարադատութիւն:
Այսօր, իրօք, արդար դատաւորներն արժանի են հերոսացման, նրանք արժանի են , որ իրենց ճանաչեն եւ գնահատեն, նրանք պէտք է լինեն օրինակելի, որովհետեւ իսկապէս կատարում են հերոսական աշխատանք: Սակայն այսօր մեր առաջնային խնդիրը դատական անարդարութիւններն են:
Ո՞վ է դատելու դատարաններին: Այս հարցը հնչել է Եւրոպայում տարիներ առաջ: Եւ այսօր, երբ Սահմանադրութիւնը արգելում է որեւէ պետական մարմնի միջամտել դատարանի գործունէութեանը, երբ ամէն ինչ արուած է, որ դատարանը լինի անկախ, արդեօք մենք ունե՞նք դատական անկախութիւն, թէ՞ ունենք դատական ամենաթողութիւն: Ասելով դատական անկախութիւն, գոնէ ես՝ նկատի ունեմ դատաւորի անկախութիւնը ամէն ինչից՝ այդ թւում վերադաս դատարանից, հարեւանից, ազգականից, քաղաքական եւ ցանկացած այլ ճնշումներից: Բայց, ցաւօք, մենք յաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատաւորը անկախ է իրեն զգում օրէնքից, եւ նոյն դատական համակարգում կայ որոշակի անպատժելիութեան մթնոլորտ:
Արդարադատութեան խորհուրդը ստեղծուած է որպէս մարմին, որը թոյլ չի տայ դատարանին յայտնուել ամենաթողութեան վիճակում: Դա հանրային որոշակի հսկողութեան մեխանիզմ է: Այսօր ամենաբարձր պաշտօնեաները նոյնիսկ բարի նպատակներով չեն կարող իրաւական եղանակներով ազդել դատարանների վրայ, ես յատուկ շեշտում եմ՝ իրաւական եղանակներով: Օրէնքն ու Սահմանադրութիւնը ենթադրել են, որ դատարանից պէտք չէ պաշտպանել մարդուն, մինչդեռ Հայաստանում բազմաթիւ են դէպքերը, երբ անհրաժեշտութիւն է ծագում մարդուն պաշտպանել դատարանից:
Սահմանադրական դատարանը Մարդու իրաւունքների պաշտպանին զրկեց դատաքննութեան ընթացքում գործերին միջամտելու հնարաւորութիւնից, եւ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ որեւէ մէկը իրաւունք չունի միջամտել արդարադատութեան իրականացմանը: Բայց այսօր Պաշտպանին ուղղուած դիմումների մօտ 40%ը բողոքներ են դատարաններից եւ դատարաններից պաշտպանելու խնդրանքներ, որոնք մենք ստիպուած ենք մերժել՝ իրաւասութիւն չունենալու հիմնաւորմամբ:
Որպէս Մարդու իրաւունքների պաշտպան ես այլեւս իրաւունք չունեմ ապացոյցներ ներկայացնել իմ փաստաբանական պրակտիկայից (գործունէութենէն-Խմբ.), քանի որ փաստաբանի խօսքը շատ յաճախ մեկնաբանւում է որպէս կողմնակալ՝ վստահորդի շահերից բխող:
Այսօր ես չունեմ վստահորդներ, չունեմ որեւէ պարտականութիւն որեւէ մէկի շահը պաշտպանելու, բացառութեամբ այն դիմումատուների, որոնց շահերը, սակայն, ես կարող եմ պաշտպանել պետական բոլոր մարմիններում՝ բացի դատարաններից:
Այսօր փաստեր ներկայացնել կարող էք դուք՝ փաստաբանները, իսկ ես հնարաւորութիւն ունեմ ձեզ հետ միասին այդ խնդիրները մատուցել հասարակութեանը, եւ, ես վստահ եմ, որ մեր համագործակցութեամբ կարող ենք շօշափելի արդիւնքի հասնել:
Մարդու իրաւունքների պաշտպանը 2011 թուականի Յունուարի 1ից դատաւորի նկատմամբ կարգապահական վարոյթ յարուցելու հաղորդում տալու լիազօրութիւն ունի: Դատական ակտի ընդունումից յետոյ մէկ տարուայ ընթացքում, ինչպէս շատ այլ պետական մարմիններ, շատ այլ անձինք, Պաշտպանը եւս իրաւունք ունի հաղորդում տալ կարգապահական վարոյթ յարուցելու մասին: Սակայն Պաշտպանը միւսների համեմատ ունի մէկ իրաւական առաւելութիւն. եթէ հաղորդում ստացած մարմինը կարող է, առերեւոյթ հիմքերի բացակայութեան պատճառաբանութեամբ, առանց քննութեան վերադարձնել այն, ապա Պաշտպանի հաղորդումը նա պարտաւոր է քննարկել եւ ընդունուած որոշման մասին յայտնել եռօրեայ ժամկէտում: Բացի այդ, Պաշտպանն ունի եւս մէկ առաւելութիւն. այդ գործերով չի հետապնդում որեւէ շահ, ուստի չի կարող մեղադրուել կողմնակալութեան մէջ:
Կայ նաեւ երրորդ առաւելութիւնը՝ Պաշտպանի ձայնը կարող է շատ աւելի լսելի լինել հանրութեան լայն զանգուածների համար, քան փաստաբանի ձայնը: Իհարկէ, Փաստաբանների պալատը՝ լինելով լուրջ եւ յարգուած կառոյց, նոյնպէս ունի այդ առաւելութիւնը, ուստի մեր համագործակցութիւնը կրկնակի արդիւնաւէտ կը դառնայ:
Պաշտպանն իրաւունք ունի պահանջել եւ ստանալ միայն աւարտուած գործերի վերաբերեալ նիւթերը, իսկ կարգապահական վարոյթ յարուցելու մասին հաղորդում կարող է տալ դատական ակտի կայացումից յետոյ՝ մէկ տարուայ ընթացքում: Այդ ժամկէտում դուք կարող էք դիմել մեզ եւ եթէ յայտնաբերուեն դատավարական ու նիւթական նորմերի կոպիտ խախտումներ, եւ մենք ունենանք հիմնաւոր փաստարկներ, ապա հաղորդում կը ներկայացնենք Արդարադատութեան խորհրդին կամ վարոյթ յարուցելու իրաւասութիւն ունեցող այլ անձանց: Այդպիսով, մեր համատեղ ջանքերով կը կարողանանք նմանատիպ դէպքերը դուրս բերել դատական փակ համակարգից եւ, անգամ անկախ վարոյթի արդիւնքից, կը կարողանանք դրանք դարձնել հասարակական հսկողութեան առարկայ:
Այսօր իրաւական կանխատեսելիութիւն եւ իրաւական որոշակիութիւն չկայ, մի գործով մէկ ատեանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մէկ այլ ատեանը ընդունում է բոլորովին այլ որոշում: Նոյն ատեանում, նոյն դատաւորի մօտ նոյնաբովանդակ գործերով որոշումները կարող են տարբեր լինել: Դատական համակարգը հաշուի չի առնում նախադէպերը, ինչը պատճառաբանւում է դատարանի ունեցած հայեցողութեան լայն շրջանակով կամ կոնկրէտ (մասնաւոր-Խմբ.) գործի հանգամանքներով: Իսկ իրաւական կանխատեսելիութեան բացակայութիւնը խաթարում է արդարադատութեան պատշաճ իրականացման գործընթացը:
Այսպիսով, մեր քննարկման եւ յետագայ համագործակցութեան շրջանակներում ցանկանում եմ յատուկ շեշտադրել իրաւական կանխատեսելիութեան սկզբունքը: Իրաւական կանխատեսելիութեան ապահովման պարագայում փաստաբանները կը լինեն այն լծակը, այն ուժը, որը հասարակութեանը կ՛ուղղորդի դէպի արդարութիւն՝ ինչպէս բոլոր զարգացած երկրներում: