ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
Հայկական մշակոյթի ամենագեղեցիկ, խորհրդանշական եւ խորհրդաւոր արժէքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների եւ գործառոյթների մէջ առաւել խօսուն են խտացուել եւ մարմնաւորուել մեր հաւատալիքները: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու դժբախտութիւնից զերծ պահող յատկութիւններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատութիւնը, պտղաբերութիւնը, արգասաբերութիւնը, ընտանեկան եւ անձնական յաջողութիւնները:
Թերափը, Նուրին, Խուճկուլուլուն, Չիլի մաման, Պուռմատիկինը, Ծաղկամերը, Ակլատիզը եւ այլ տիկնիկներ, որոնք հայի կենցաղի անբաժան մասն են կազմել, հիմա մոռացուել ու անտեսուել են: Այսօր մեզանում քիչ թէ շատ յայտնի է Նուրի տիկնիկը եւ նրան ուղեկցող ծէսը: Նուրին պատրաստում էին անձրեւի եւ երաշտի օրերին: Տարբեր գաւառներում նրանք տարբեր անուանումներ ունէին, բայց ամենատարածուած տարբերակը Նուրին էր, կա՛մ անձրեւի հարսը (Թերափ, Խուճուրուրուկ, Չիլի մամա, Մամա չթթիկ, Չամչա խաթուն, Ալլապիտիկ եւ այլն):
Նուրին երաշտի ժամանակ հայ գիւղացու միակ փրկութիւնն էր: Նա յայտնւում էր Ծաղկազարդի տօնին եւ երաշտ եղած ժամանակ: Ժողովրդական պատկերացումների համաձայն Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ: Ժողովուրդը հաւատում էր, որ Նուրիի աչքերից էին ծնւում շաղն ու ցօղը, անձրեւի կաթիլները: Նա բարեսիրտ է ու գթառատ: Երբ մարդ ու անասուն տառապում են ջրի սակաւութիւնից, Նուրին արտասւում է, եւ նրա արցունքներով թրջուած հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ տալիս: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ նրա մէջքի գօտին ծիածանն էր: Նորիին ուղեկցող ծէսը կարեւոր էր հայ գիւղացու համար: Նոյնիսկ մեր օրերում այն չի մոռացուել եւ պահպանուել է որոշ գիւղերում:
Իւրայատուկ նշանակութիւն ունէին խմորից պատրաստուած տիկնիկներ՝ Ասիլիկ-Վասիլիկները (այլ անուանումները՝ Ասիլ-Վասիլ, Ասիլ- Բասիլ, Վասիլիկ, Տիկին, Խրձիկ եւ այլն ): Ծիսական այս տիկնիկները թխւում էին ամանորի նախօրէին գալիք տարուան ուղղուած գուշակութիւններ անելու եւ բարիք ապահովելու նպատակով: Ասիլիկ Վասիլիկները տարբեր կերպարանք էին ստանում կախուած այն բանից, թէ ում կա՛մ ինչի համար էին գուշակութիւններ անելու տուեալ տիկնիկի միջոցով: Վասիլիկները կարող էին լինել մարդու, կենդանու, քսակի տեսքով: Ծիսական Տարեհացի (Կրկենի, Դովլաթ Կրկենի, Կլօճ, Փուռնիկ եւ այլն) խմորից մի կտոր էին պոկում, համապատասխան տեսք էին տալիս զարդարելով չամիչով, ընկոյզով, վրան ձու էին քսում, որ գեղեցիկ լինի:
Արական սեռի տիկնիկները պիտի պարտադիր գօտի եւ արական խորհրդանիշ ունենային: Գուշակութիւն անում էին ըստ թխուող տիկնիկի փքուելու աստիճանի, եթէ փքուէր, յաջողութեան նշան էր, եթէ սմքէր հակառակը: Օրինակ, եթէ թխուելու ընթացքում կանացիակերպ տիկնիկի փորը ուռչեր, ապա գալիք տարում տանը երեխայ է ծնուելու: Կային նաեւ Վասիլիկների հետ կապուած այլ հաւատալիքներ:
Ուշագրաւ են Բարեկենդանի ու Պահոց շրջանին նուիրուած ծիսական տիկնիկները: Օրինակ Ուտիս տատը կնոջ կերպարանաւորող, գզգզուած, քրքրուած տիկնիկ էր, որ բարեկենդանի վերջին օրը՝ երեկոյեան, հանդիսաւոր կերպով գլորում էին սարի գլխից, այլ կերպ ասած, վռնդում էին ներս հրաւիրելով Պաս պապին: Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետութեան շրջանը, ուտիս օրերը, իսկ Մեծ պասի ծիսական տիկնիկը, Ակլատիզը կամ Պաս պապը՝ արական տիրապետութեան եւ պաս օրերի շրջանը: Ուտիս տատը եւ Պաս պապը գտնւում են մշտական ծիսական պայքարի մէջ: Նրանց վէճն արտայայտւում է Լոռուայ բանահիւսութեան հետեւեալ պատառիկի մէջ. «Տատը գնաց շերեփը ձեռքին, պապը եկաւ չոմբախն ուսին»: Ակլատիզը խստահայեաց ծերունու տեսքով տիկնիկ է : Տարբեր գաւառներում տարբեր էին Ակլատիզի անուանումները՝ Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ եւ այլն: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ) վրան եօթ փետուր որ ներկայացնում էին պասի եօթ շաբաթները: Պասի վերջին օրը, վերջին փետուրը հանելուց յետոյ երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը ու չարախնդելով ջուրն էին գցում: Իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը տանտիրուհիները պահում էին եւ գցում ճաշի մէջ: Հին Հայաստանի որոշ վայրերում սոխը թաթախում էին մածնի մէջ ու նետում տանիքը: Ըստ ժողովրդական աւանդոյթի, Ակլատիզը թռչուն էր դառնում, գնում միւս տարի վերադառնալու համար: Այս պատկերացումի համաձայն, սոխի մի կողմից թռչնի կտուց էին դնում:
Յատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում այն տիկնիկները, որոնք հարսանիքից մի քանի օր առաջ թաքուն պատրաստում էր հարսնացուի տատիկը կամ մայրը: Տիկնիկը օժիտի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն յաճախ ունենում էր յղի կնոջ տեսք: Փոխանցւոմ էր մօրից աւագ աղջկան: Տիկնիկը հարսնացուի համար խորհրդատու եւ զրուցակից էր հանդիսանում:
Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տօնի տիկնիկը՝ վիճակի արուսը: Տարածուած էին նաեւ աւելից պատրաստւած տիկնիկները: Տան աչքի ընկնող մասում կախուած զարդարուն աւելը կոչւում էր պուպրիկ: Պատրաստել են նաեւ զարդարուն Զնջան աւելներ, որոնցով մաքրել են հացի փշրանքները սեղանից:
Ցաւօք մեր մշակոյթի ամենագեղեցիկ արժէքներից մէկը՝ հայկական ծիսական տիկնիկը, այսօր գտնւում է մոռացման եզրին: Նկարագրուած ծէսերից ու տօներից շատերն արդէն չեն նշւում, բնականաբար մոռացուել են նաեւ դրանց ուղեկցող բազմաթիւ երեւոյթներ՝ երգեր, պարեր, ուտեստներ: Եթէ չի իրականացւում ծէսը, չեն ստեղծւում նաեւ տիկնիկներ:
Այս աւանդութիւնը մոռացումից փրկելու համար, վերջերս ԱՐԱՏՏԱ երիտասարդական ակումբը կազմակերպեց «Անձրեւի հարս» խորագրով ցուցահանդէս-մրցոյթ: Մրցոյթը պահանջում էր մասնակցողներից ներկայացնել հեղինակային վառ երեւակայութեամբ՝ հայկական ծիսական տիկնիկներ մնալով հաւատարիմ տիկնիկի էութեան ու խորհուրդին:
Ներկայացրեց՝ ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ. Արմինէն Լոս Անճելըսէն է: Ներկայիս ան կը բնակի Երեւան: