ՆԱՅՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

Այս շաբաթավերջին ԱՄՆ պետքարտուղարի Եւրասիայի եւ Եւրոպայի հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն կ’այցելի Հայաստան, եւ նրա այցը, հնարաւոր է, համընկնի Հայ ազգային կոնգրէսի վճռորոշ հաւաքի օրուան: Այժմ ամերիկացի դիւանագէտը Ադրբեջանում է, որտեղից մէկ օրով կը մեկնի Թբիլիսի, այնուհետեւ կը գայ Երեւան: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի այցը, ամենայն հաւանականութեամբ, այս անգամ կապուած չէ տարածաշրջանային գործերի, այլ Հարաւային Կովկասի երկրների ներքաղաքական հարցերի հետ:
Բաքւում Թինա Քեյդենաուն ոչ այնքան կարեւոր յայտարարութիւն է արել Ղարաբաղի հարցով, մանաւանդ տեղի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ նրա հանդիպումների համեմատութեամբ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան հանդիպման մասնակիցներին, որոնք ներկայացնում էին Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպութիւնները, հաւաստիացրել է, որ ԱՄՆը կ՛աջակցի նաւթով հարուստ նախկին խորհրդային հանրապետութիւնում ժողովրդավարութեանը, եւ որ պաշտօնական Վաշինգտոնը ուշի ուշով հետեւում է իրավիճակին:
Անցած երկու ամիսներին Բաքւում ընդդիմադիր երիտասարդութիւնը բողոքի ակցիաներ է անցկացրել, որոնք իշխանութիւնները ցրել են: Ակտիւիստները «գործիչները-Խմբ.) ձերբակալուել են, մի քանի տասնեակին էլ մեղադրանքներ են առաջադրուել:
Դեռեւս պարզ չէ՝ արդեօք Քեյդենաուի այցը Հայաստան կապուա՞ծ է ներքին գործընթացների հետ: Տեղի փորձագէտների պնդմամբ՝ ՀՀ իշխանութիւնները կատարում են ընդդիմութեան պահանջները արեւմտեան հանրութեան ճնշման տակ: Մասնաւորապէս, ԱՄՆ դեսպան Մարի Եովանովիչը Փետրուարի 28ից սկսած իր հանրային ելոյթներում մէկ անգամ չէ, որ յայտարարել է երիտասարդութեան եւ ընդհանուր առմամբ հանրութեան ակտիւացման (աշխուժացման, գործունեայ դառնալու-Խմբ.) անհրաժեշտութեան մասին՝ երկրի ժողովրդավարացման նպատակով: Վերջին յայտարարութիւնները, որ Հայաստանն այլեւս չի կարող յաւելեալ տնտեսական աջակցութիւն ստանալ ԱՄՆից՝ «Հազարամեակի մարտահրաւէր» ծրագրի շրջանակներում ապացոյցն է այն բանի, որ ԱՄՆը բաւարարուած չէ երկրում ժողովրդավարութեան ներկայիս մակարդակով եւ սպասում է փոփոխութիւնների:
Յիշեցնենք, որ Ապրիլի 28ին նշանակուած ՀԱԿի հանրահաւաքից մէկ շաբաթ առաջ իշխանութիւնը կատարել է ընդդիմութեան 3 պահանջներից միանգամից 2ը, որը սպառնում էր պահանջների չկատարման դէպքում վճռական գործողութիւնների դիմել, ընդհուպ մինչեւ Բաղրամեան պողոտայի շրջափակումը, որտեղ տեղակայուած են նախագահի աշխատակազմը եւ խորհրդարանը: Ի կատարումն ընդդիմութեան պահանջների՝ Սերժ Սարգսեանը, ըստ էութեան, կոչ է արել նոր նախաքննութիւն սկսել 2008 թ. Մարտի 1ի գործով, երբ յետընտրական ցոյցերը ցրելու ժամանակ սպանուել է 10 մարդ:
Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանը վերանայեց իր որոշումը եւ արտօնեց Ապրիլի 28ին Կոնգրէսի հանրահաւաքը Ազատութեան հրապարակում, որը 2008 թ. մարտից փակ էր ընդդիմութեան համար:
Այժմ կառավարութեանը մնացել է կատարել միայն մէկ պահանջ՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկեալներին, որպէսզի համոզուած լինեն, որ Ապրիլի 28ը, ինչպէս խոստացել է ընդդիմութիւնը, դառնայ «երկխօսութեան օր», այլ ոչ թէ «իշխանութեան եւ հասարակութեան միջեւ ջրբաժանի օր», ինչպէս նախազգուշացրել է:
Իշխող ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանն արդէն յայտարարել է, որ Սերժ Սարգսեանը կարող է ներում շնորհել ընդդիմադիր ղեկավարներից մէկին՝ Սասուն Միքայէլեանին, որը 2008 թ. խռովութիւնների հետ կապ ունենալու մեղադրանքով դատապարտուել էր 8 տարուայ ազատազրկման եւ այժմ առողջական խնդիրներ ունի:
ՆԱՅՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ «Արմէնիանաու»ի թղթակից է: