ԼՈՒՍԻՆԷ ԿԷՍՈՅԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, »Հայկական Վարկած«, Հինգշաբթի, Փետրուար 3.- Կառավարութեան այսօրուան նիստն աննախադէպ էր: Աննախադէպ էր՝ քանի որ Արդարադատութեան՝ դեռ հազիւ մէկուկէս ամիսը բոլորած նախարարը ստիպեց պոռթկալ բազմամեայ, բազմափորձ եւ արդէն թոշակի գնացող ԱԱԾ պետ Գորիկ Յակոբեանին:
Իսկ Գորիկ Յակոբեանի պոռթկալը ներկաներից շատ քչերին է յաջողուել տեսնել:
Հրայր Թովմասեանը ներկայացնում էր վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում եւ եւս աւելի քան մէկ տասնեակ օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրէնքների նախագծերը, որոնցով կանոնակարգուելու են հաւաքների եւ հանրային միջոցառումների անցկացմանն առնչուող իրաւայարաբերութիւնները: Թովմասեանն ասում էր, թէ »հանրահաւաքների, ցոյցերի եւ նման այլ ծիսակատարութիւնների« ժամանակ (այստեղ իմացանք, որ հանրահաւաքներն ու ցոյցերը ծիսակատարութիւններ են), սա եւ սա այլեւս արգելուելու է եւ այլն…, նախարարը ներկայացնում էր, երբ մէկ էլ մի այնպիսի տեղից ձայն լսուեց, որտեղից երբեք ձայն չէր սպասւում եւ որտեղից որեւէ մէկի մտքով չէր անցնի, թէ կարող է ձայն լսուել:
Ձայնը Ազգային անվտանգութեան ծառայութեան պետ Գորիկ Յակոբեանինն էր: Եւ քանի որ Գորիկ Յակոբեանի ձայնը լսելը հազուագիւտ երեւոյթ է, լսելուց էլ անհնար է չփշաքաղուել, ուստի ուղղակի անխղճութիւն է որեւէ տառ փոխել նրա արտաբերածի մէջ կամ փորձել ինչ-որ բան կրճատել, քանի որ չի բացառւում, որ սա լինի Հայաստանի ազգային անվտանգութեան այս բազմափորձ, շատերի կողմից յարգուած պետի վերջին ելոյթը: Նա փորձում է ասել, թէ նախարարի ներկայացրած օրէնքը բանի պէտք չէ, եւ նախարարը չի էլ հասկանում, թէ ինչ են գրել ու տուել իրեն ներկայացնելու.
»Երբ որ 8րդ կէտն ասում է, որ Ազգային անվտանգութեան աշխատակիցներն իրենց պարտականութիւնները կատարելիս իրաւունք չունեն մասնակցել հաւաքների եւ շարունակում է՝ »հաւաքներին մասնակցելիս նրանք պէտք է քաղաքական չէզոքութիւն, զսպուածութիւն ցուցաբերեն«: Նախ, անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում մասնակցել: Մենք ընդհանրապէս չենք մասնակցում: Մասնակցել նշանակում է ելոյթ ունենալ, ծափ տալ, պլակատ թափահարել… կանգնե՛լ կարելի՞ ա, ներկայ գտնուելու հարցը պէտք այ պարզ գրուի, գիտէ՞ք ինչ, մեր աշխատակիցները, եթէ օրէնքը գր-ուէր, խնդրէինք, ուզէինք, չէին գնայ, եթէ զանգուածային անկարգութիւններ, երբ որ մահ՝ հազարաւոր՝ Աստուած չանի, ով պէտք է… (այստեղ ոչ մի կերպ չհասկացուեց, թէ ինչ է ասում ԱԱԾ պետը), Մարտի 1ը ո՞վ էր ամբողջը ֆիքսում, եւ իշխանութիւնները ո՞նց էին ռեգուլիրովատ (կանոնաւորել-Խմբ.) անում, դա մենք օնլայն տալիս էինք ամբողջ ինֆորմացիան, հիմա, Դուք ինձ սխոդու (ոտքի վրայ-Խմբ.) ասեցիք, ներողութիւն իմ բառապաշարի համար, որ Ձէր օրէնքով ինչ-որ կէտ մնացել ա եւ մենք կարանք ղեկավարուել: Ես ենթադրում եմ, որ իրաւաբանները, ովքեր գրել են, ընդհանրապէս չեն հասկացել ինչ են գրում: Մեր օրէնքով գրուած է, որ մենք իրաւունք չունենք կազմակերպել գործադուլներ, հանրահաւաքներ, երթեր, ցոյցեր, կամ ծառայողական պարտականութիւնները չկատարմամբ պայմանաւորուած մասնակցել դրանց: Շատ հոյակապ գրուած է: Այսինքն կարելի այ կանգնել մասնակցել, եթէ պաշտօնական հարց ենք լուծում: Հիմա, Դուք սա հանել էք եւ թողել էք՝ կազմակերպել գործադուլներ, կամ մասնակցել դրանց: Այսինքն՝ հանրահաւաքներ եւ միւս բոլոր մասերը չկայ, ո՞ւր են դրանք: Եւ ընդհանրապէս, ենթադրում եմ, պարոբն վարչապետ, ես ուզում եմ հարցի պատասխանը հասկանալ, եւրոպական էքսպերտները (մասնագէտները-Խմբ.) ընդունո՞ւմ են, որ մենք պէտք այ ներկայ գտնուենք, թէ՞ ոչ: Եթէ չեն ընդունում, ըտենց էլ գրենք՝ մենք իրաւունք չունենք ներկայ ըլնելու«:
Բոլորին թուաց՝ վերջ, Հրայր Թովմասեանը ոչնչացուած է, դեռ հազիւ պաշտօնավարած, արդէն այս ձեւով խայտառակ արուեց… երբ մէկ էլ պարզուեց, որ Արդարադատութեան նախարարը ոչ միայն չէր կորցրել իրեն, այլ ընդհակառակը, սկսեց մի բան էլ հակառակուել, այն էլ ում՝ ԱԱԾ պետին:
»Շնորհակալութիւն, պէտք չի միջազգային փորձագէտներին մատնանշել, կարելի ա Հայաստանի Սահմանադրութիւնը կարդալ, 29րդ յօդուածը, որտեղ խօսելով հաւաքների ազատութեան մասին, խօսքը գնում է միայն համապատասխան ծառայութիւններում ծառայողների իրաւունքների սահմանափակման մասին, եւ ոչ թէ արգելման մասին եւ եթէ սահմանադիրը նկատի ունէր, որ այդ ծառայութիւններում ընդհանրապէս արգելւում է, ինչը այսօր գործող օրէնքում նախատեսուած է եւ ինչը միջազգային փորձագէտների կողմից մատնանշւում է որպէս հակասահմանդրական եւ միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող, ապա ես էստեղ անդրադառնամ: Եթէ փորձէք համակարգային վելուծութեան ենթարկէք Սահմանադրութիւնը, ապա կը տեսնէք, որ այն յօդուածներում, որտեղ սահմանադիրը նկատի է ունեցել այդ իրաւունքի վերացումը չտրամադրելը, ապա այդպէս էլ սահմանել է: Նոյն 30րդ յօդուածով, որտեղ սեւով սպիտակի վրայ սահմանում է՝ այս իրաւունքից զրկուած են: Ուստի 29րդ յօդուածը ինչպէս ոստիկանութեան, զինծառայողների, դատախազութեան, այնպէս էլ ազգային անվտանգութեան ծառայողների համար սահմանում է, որ այդ իրաւունքը կարող է սահմանափակուել եւ այս սկզբունքի, այս նորմի իրացումն է, որ սահմանում է այս ծառայողների համար…«
Այստեղ ԱԱԾ պետը ինչ-որ բան փորձեց ասել, առարկել, ինչին նախարարը վրայ բերեց.
– Ես, ես նաեւ ճիշտ եմ ասում:
Վարչապետը, զգալով, որ իրավիճակը թէժանում է եւ նման կառոյցների ղեկավարների բախումից կառավարութիւնը կարող է պարզապէս պայթել, փորձեց միջամտել.
– Յարգելի՛ գործընկերներ…
Սակայն արդարադատութեան նախարարը, ոգեւորուած, որ կարծես թէ կարողացաւ »տեղը դնել« ԱԱԾ պետին եւ նրան ցոյց տալ, թէ Սահմանադրութիւն չգիտի, լաւ կ՛անի գնա սահմանադրութիւն կարդայ, ոգեւորուած փորձեց շարունակել.
– Թոյլ տուէք, ես նաեւ պատասխանում եմ: Այդ դէպքում, իրաւաբանները թող Ձեզ մեկնաբանեն եւ վերլուծեն:
Վարչապետը տեսաւ, որ բանը բանից անցնում է եւ արդէն միջամտելու փորձը մի կողմ դրած, անցաւ իսկապէս միջամտելուն.
– Յարգելի՛ գործընկերներ, օրէնքում կան յօդուածներ, որոնք անհրաժեշտ է խմբագրել, պարոն Յակոբեա՛ն, եւ մենք անպայման ձեզ հետ միասին կաշխատենք օրէնքի նախագծի վրայ եւ ձեր բարձրացրած հարցը կը դառնայ քննարկման առարկայ, անպայման:
ԱԱԾ պետը էլի ինչ-որ բան ասեց տեղից, ինչը սակայն չհասկացուեց, վարչապետը դարձեալ վրայ բերեց՝ »շատ լաւ, ձեզ հետ միասին կը լրամշակենք եւ ձեզ հետ միասին կը ներկայացնենք ազգային ժողովի քննարկմանը, համոզուած ենք, այնտեղ էլ բազմաթիւ հարցադրումներ են լինելու, որովհետեւ ինքը ունի լուրջ քաղաքական բովանդակութիւն« եւ դրանով բանավէճ-վէճը եզրափակուեց: