Իշխանութիւնների Հետ Երկխօսութեան Փորձերը՝ Չինական Պատի Հետ Մենախօսութեան Են Նման
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ.- Դուք Հոկտեմբերի 23ին ներկայ էիք կոնսերվատորիայի դիմացի այգում Թեղուտի պաշտպանութեան խմբի կազմակերպած համերգ-հանրահաւաքին, որն անցկացնելու համար Երեւանի քաղաքապետարանն առաջարկել էր այլ վայր: Միջոցառման ընթացքում կոնսերվատորիայի դիմաց գտնուող սրճարանից, չնայած նախնական պայմանաւորուածութեանը, հրաժարուեցին հոսանք տրամադրել՝ պատճառաբանելով ստացուած հեռախօսազանգը: Ո՞րն է նման խոչընդոտների պատճառը. արդեօք իշխանութիւնն այնքան թո՞յլ է, որ վախենում է անգամ բնապահպանական նման փոքրիկ հաւաքներից:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Շատ յայտնի ձեռագիր է: Եթէ իշխանութիւնը համոզուած լինէր եւ ունենար այն զգացողութիւնը, թէ հասարակութեան մէջ կարողացել է սոցիալական արդարութեան ու համերաշխութեան վիճակ ստեղծել՝ պիտի որ խնդիր չունենար: Յստակ է՝ իշխանութիւնը համարձակութիւն չունի, նաեւ պատրաստ չի խօսել ժողովրդի հետ: Իրականութիւնն այնքան պարզունակ է եւ ծիծաղելի, որ նոյնիսկ օպերայի ողջ մերձակայքն են վերածել գնչուական բալագանի ու շարունակ լցնում են շաքարաքլոր վաճառողներից մինչեւ թենիսի սեղաններ՝ միայն թէ տարածքի բոլոր քառակուսիները զբաղեցուած լինեն, եւ հնարաւոր չլինի անցկացնել զանգուածային միջոցառումներ: Ո՞վ չգիտի, որ նոյնիսկ կազմակերպում են պատուէրով զբօսանքներ: Մնում է իսկական ճաղավանդակներով օպերան պատնէշեն ժողովրդից: Ինձ նախ եւ առաջ անհանգստացնում է օպերայի այս վարկաբեկեալ վիճակը, երբ Թումանեանի եւ Սպենդիարովի արձաններն ուղղակի փոքրացել են՝ բատուտների վրայ թռչկոտող երեխաների, վարձով տրուող հեծանիւների եւ մանկական լողաւազանների ֆօնին: Հիմա էլ տաղաւարներ են տեղադրել՝ իբր թէ տօնավաճառ է: Իրօք բալագանի՝ կրկէսա-գնչուական, թափառաշրջիկական մթնոլորտ են ստեղծել, երբ օպերան իրապէս ազգային արժէք է: Այդ շէնքն ինքնին մշակութային կոթող է եւ պէտք է ունենար օպերայի բնոյթին համարժէք միջավայր:
Իսկ ընդդիմութեանը նման ձեւերով արգելափակելը պատնէշուած գետի էֆեկտին արդիւնաւէտութեան-Խմբ.) է հաւասարազօր. ինչքա՞ն կարող ես գետի հունը պատնէշել՝ այն մի օր ճեղքում է իր ճանապարհը: Այն, ինչ կատարւում է Հայաստանում՝ աւելի լուրջ ու քաղաքակիրթ լուծում ունի՝ լինել իրապէս ժողովրդավար, սոցիալական եւ իրաւական պետութիւն: Գնալով խնդիրները խորանում են, եւ ինչքան էլ գետը սահմաններ ունի, բայց երբ երկար է մնում է նոյն վիճակում՝ ճահճանում է:
Ես երբեմն կարեկցում եմ իշխանութեամբ զբաղուողներին՝ իրենց ուսերին դրել ենք ժողովրդավարական իշխանութիւն իրականացնելու պարտականութիւն ու պատասխանատուութիւն, բայց իրենց արժէքային համակարգը, քաղաքական ընկալումն ու հանրային ըմբռնումը բոլորովին այլ են: Նրանք այլ կերպ չեն էլ կարող. նրանց արժէքները բռնութիւնն է, օրէնքները շրջանցելը եւ կլանային ղեկավարումը:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ.- Հեռուստակապուղիների այժմ ընթացող մրցութային գործընթացում մի կողմից ականատես ենք, որ յարաբերականօրէն մի քիչ աւելի ազատ երկու հեռուստաընկերութիւններին՝ «Երկիր Մեդիային» եւ «Կենտրոնին», առանց մրցակցութեան հանրապետական սփռման արտօնագիր է տրամադրուելու, միւս կողմից՝ 18ից մրցոյթներից միայն 2ի դէպքում, որոնցից մէկին «Ա1+»ն է մասնակցում՝ կայ իրական մրցակցութիւն: Եւ էլի նոյն հարցն է ծագում՝ միթէ՞ այդքա՛ն թոյլ է իշխանութիւնը, որ չի կարող հանդուրժել առանց վերահսկողութեան գործող ազատ խօսքի առկայութիւնը մեր երկրում:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Իշխանութիւնը ոչ միայն թոյլ է, այլեւ իրապէս տառապում է քաղաքական կարճամտութեամբ: Մէկ կէտից, մէկ կոճակով կառավարուող աւտորիտար երկիր ենք: Եւ քաղաքական մեծամասնութիւնն էլ այդ ամբողջ հիերարխիայի (նուիրապետութեան-Խմբ.) մի արտայայտութիւնն է: Շուրջ 2 ամիս առաջ, բառիս բուն իմաստով, մեր վզին փաթաթուեց «Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» օրէնքի նոր խմբագրութիւնը: Հանրային ընդվզում եղաւ, մասնագիտական դաշտից՝ բազմաթիւ բողոքներ, ՀՅԴն ու «Ժառանգութիւնը» տասնեակներով առաջարկներ ներկայացրին, եւ մեր հիմնական մտահոգութիւնն այն էր, ինչին բախուել ենք այսօր: Եւ ՀՀ նախագահի «օրհնութեան» թանաքը դեռ չի չորացել այդ օրէնքի վրայ՝ արդէն աշխատանքային խումբ են ստեղծել բոլոր խոցերը, խութերն ու ականները վնասազերծելու մտածումով: Բա այն ժամանակ մտածէիք՝ ձայն բարբառոյ էին բոլոր բողոքները:
Վերջերս մի բանաձեւումի եմ եկել՝ այս իշխանութիւնների հետ երկխօսութիւնը վերածուել է չինական պատի հետ մենախօսութեան: Շատ յաճախ մտածում եմ, թէ խնդիրները չեն լուծւում ոչ միայն այն պատճառով, որ չեն ուզում, այլ չե՛ն կարող, ի վիճակի չեն՝ քաղաքական կամքի եւ իմացական բաւարար պաշարի կարողունակութեան բացակայութեան պատճառով: Յայտարարուած ժողովրդավարական արժէքների հետ (իսկ ազատ խօսքը ժողովրդավարութեան առանցքային արժէքն է) նրանք չունեն որեւէ առնչութիւն: Մենք իշխանութիւնից երկխօսութիւն, համախոհութիւն ու սոցիալական համերաշխութիւն ենք պահանջում, բայց էլի եմ ասում՝ իրենց արժէքները չեն դրանք:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ.- Բայց արդեօք մի՞շտ է իշխանութիւնների հետ երկխօսութիւնը վերածւում «չինական պատի դէմ մենախօսութեան»: Հակառակի օրինակը հանրային ընդվզման առարկայ դարձած մէկ այլ նախաձեռնութիւն է՝ լեզուի եւ հանրակրթութեան մասին օրէնքներում փոփոխութիւնները. այն, ինչ ներկայացուել էր Ապրիլին, եւ այն, ինչ այս քառօրեայի օրակարգում է՝ երկու մեծ տարբերութիւններ են:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այսօր ԱԺ մտնելիս նորից տեսայ «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբին՝ հայ ժողովրդի որակեալ փոքրամասնութեանը, որը վերջին ճիգով ուզում է Հայաստանի անկախ Հանրապետութիւնում պահպանել մայրենին, հայոց լեզուն, որը Սահմանադրութեամբ ամրագրուած արժէք է: Այո, նախագիծը վերածուել է մուտանտի (այլասեռուած է-Խմբ.): Նախնական յղացումը եւ նոյնիսկ հիմնաւորումը, որով ԿԳ նախարարը ներկայացրել էր այս օրէնքը՝ այսօր չի վերաբերում այն նախագծին, որը շարունակաբար քաշքշւում է: Եւ ինչո՞ւ է մնում օրակարգում, քանի որ սպասարկելու է ոչ թէ գլխաւոր ազգային շահը՝ ազգային դպրոցի ամրացումը, կայացումը, զարգացումը, այլ սպասարկելու է մի գործարարի տուած խոստումը՝ միջազգային դպրոց բացել Դիլիջանում: Խոստում են տուել ու կրակն ընկել դրա ձեռքը:
Բայց չինական պատի դէմ մենախօսութեան վերաբերեալ ասածս վերաբերում է նաեւ Երեւանի քաղաքաշինութեանը: 2008ին ԱԺում շատ լուրջ լսումներ եղան, եւ շահագրգիռ էր խօսակցութիւնը: Ճիշդ է, գիտեմ, որ իշխանութիւնն իրականացնում են պրագմատիկներն (գործնապաշտները-Խմբ.) ու ցինիկները, բայց քաղաքականութիւնն առաջ են տանում ռոմանտիկները: Ինքս ինձ տեսնում եմ երկրորդ բանակում: Այդ լսումներում ցաւերի ու խնդիրների շեշտադրումներն այնքան ճիշդ դրուեցին, որ ռոմանտիկ լինելով՝ ինձ թւում էր, թէ կ՛ունենանք ինչ-որ մի առաջընթաց: Ի վերջոյ՝ սա բոլորիս երկիրն է, ժամանակաւոր խաղադաշտ չէ, որ ով ինչ թռցրեց՝ թռցրեց: Բայց այսօր իշխանութիւնն առաջնորդւում է փախցրածի համար ժամանակաւորապէս պատասխանատուութիւն չտուողի հոգեբանութեամբ: Իսկ ընդհանրապէս բնապահպանութիւնը քաղաքակիրթ պետութեան հոգս է: Սակայն մենք քաղաքական քաղաքակրթութիւնից այնքա՜ն հեռու ենք, որ թքա՛ծ ունենք բնապահպանութեան վրայ: Նրանք մեր հայրենիքի իւրաքանչիւր սանտիմետր դիտում են որպէս բետոնապատման շինհրապարակ: Եւ դեռ լաւ է, որ Հայաստանում կան մարդիկ (յատկապէս երիտասարդների շրջանում եմ տեսնում այդ քաղաքացիութիւնը), որոնք գիտեն, թէ այնուամենայնիւ քաղաքի տէր լինելը քաղաքապետի յայտարարութեամբ չէ, եւ իրապէս ունեն տիրոջ զգացողութիւն, որը ոչ թէ լոզունգ է Էրեբունի-Երեւան տօնակատարութեան շրջանակներում, այլ իրական զգացողութիւն: