
ԵՐԵՒԱՆ, «ՀՅԴ Մամլոյ Դիւան».- Արցախի անկախութեան 19րդ տարեդարձին նուիրուած ՀՅԴ աւանդական միջոցառումը երէկ երեկոյեան Հանրապետական մարզադաշտի փակ դահլիճ էր հաւաքել ՀՅԴ անդամների, ազատամարտիկների, Արցախի խնդրով մտահոգ եւ Արցախով հպարտ մարդկանց: Մինչ ժողովրդային հաւաքի սկսուելը, մասնակիցները նկարներու ցուցադրութեան միջոցով դիտեցին, վերյիշեցին Արցախեան գոյամարտի տարիները:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը, ով կոչ արեց յարատեւ պայքարի՝ այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի պետութիւնը չի ճանաչուած եւ անկախութիւնը չի ամրագրուած միջազգային ճանաչմամբ:
ՀՅԴ անդամ՝ լրագրող Գեղամ Մանուկեանը յայտնեց, որ Ադրբեջանի նախագահը՝ Բաքւում աշխարհի ամենամեծ՝ 100 մետրանոց դրօշի բարձրացման ժամանակ հպարտացել եւ յոյս է յայտնել, որ այդ դրօշը մի օր կը ծածանուի նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Ի պատասխան Ալիեւի յայտարարութեան, Գեղամ Մանուկեանը ցոյց տուեց մի ադրբեջանական դրօշ, որը երկար տարիներ պահւում էր շէնգաւիթցի ազատամարտիկ Մանուկի տանը:
«Այս դրօշը Մանուկը վերցրել է Շուշիում՝ ադրբեջանական զօրամասի վրայից: Ադրբեջանը դեռ շատ դրօշներ ունի հաւաքելու Հայաստանից եւ Արցախից, մինչեւ մտածի նոր դրօշների մասին»,- ասաց նա եւ յիշեցրեց մի քանի օր առաջ Թալիշի շրջանի դիրքերում ադրբեջանական զոհերի մասին:
Այնուհետեւ խօսք տրուեց օրուայ բանախօս ԳՄ ներկայացուցիչ, Աժ Արտաքին հարցերի յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանին , ով իր խօսքում նշեց. «Չի կարելի զիջելով ազգային շահն ու նպատակները զարգանալ: Անկախութեան 20 տարիների ընթացքում մի անգամ Լեւոն Տէր Պետրոսեանն էր որոշել զարգանալ՝ զիջելով եւ զարգացման համար զոհաբերուելու էր Ղարաբաղը, հիմա որոշել են զարգանալ՝ պահանջատիրութիւնից հրաժարուելով», ասաց նա եւ աւելացրեց, որ բոլոր ազգերը զարգանալու համար հող ու տարածքներ են ձեռք բերում, իսկ մենք, զիջելով տարածքները, մոռանում ենք, որ մեր զարգացման աղբիւրը հէնց դրանց օգտագործումն է: ՀՅԴն գործող իշխանութիւններից պահանջում է չանել քայլեր, որոնք շտկելը յետագայում հնարաւոր չի լինի: Բանախօսը կոչ արեց դուրս գալ հայ-թուրքական արձանագրութիւններից, ոչ թէ կասեցնել դրանք, քանի որ այս դէպքում թելադրողը դարձեալ Թուրքիան է դուրս գալիս:
Անդրադառնալով ԼՂՀ խնդրին՝ Ռուստամեանն նշեց, որ այն դարձեալ ակտիւացել է, բայց ոչ յօգուտ մեզ, որովհետեւ այդ գործընթացի մէջ ի շնորհիւ հայ-թուրքական խայտառակ արձանագրութիւնների, ակտիւօրէն ներգրաւուել է Թուրքիան:
«Ոչ մի իշխանութիւն՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում, իրաւունք չունի շեղուել ԼՂ ժողովրդի երկու հանրաքուէներով առաջադրած կամքից: ԼՂՀն անկախութիւնից պակաս ոչինչ չի ակնկալում եւ ոչ ոք իրաւունք չունի որեւէ այլ կարգավիճակի մասին խօսել», եզրափակեց բանախօսը:
ԳՄ ներկայացուցչի խօսքով այսօր ՀՅԴի հիմնական խնդիրը նոր, ազգային իշխանութեան ձեւաւորումն է: Իշխանութեան պիտի գայ այն ուժը, որը կարող է երկիրը ղեկավարել «զարգանալ՝ չզիջելով» կարգախօսով :
Հաւաքը շարունակուեց տօնական համերգով:
Համերգէն ետք տեղի ունեցաւ երդման արարողութիւն, որուն ընթացքին 18 նորագիրներ համալրեցին ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան շարքերը՝ կնքահայրութեամբ ՀՅԴ Հայաստանի ԳՄի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի: