Կը հրատարակենք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի ողջոյնի խօսքը՝ Ընկերվար միջազգայնականի ԱՊՀի, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախումբի ժողովի բացման նիստին, Ուրբաթ, Յունիս 11ին:

Բարի գալուստ Երեւան: Մենք ուրախ ենք բոլորիդ ողջունելու համայն հայութեան հայրենիք Հայաստանի մայրաքաղաքում:
Որպէս գաղափարական նոյն, մեծ ընտանիքի անդամներ՝ մենք միասին շատ անելիքներ ունենք մեր տարածաշրջանում, եւ համոզուած եմ, որ Երեւանում մեր համախմբուելը ինքնին կը նպաստի այդ անելիքների յաջողութեանը: Ընկերվար միջազգայնականի տարածաշրջանային այս յանձնախմբի ժողովը Երեւանում գումարելու որոշումը աւելի քան հինգ տարուայ վաղեմութիւն ունի, սակայն այդ որոշման իրականացումը հանդիպում էր տարբեր խոչընդոտների: Այսօր Երեւանեան այս ժողովի գումարումը նշանակում է, որ այդ խոչընդոտները մեծ մասամբ յաղթահարուել են, իսկ դրանում մեծ է Ընկերվար միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալայի դերակատարութիւնը, ում եւ յայտնում են մեր երախտագիտութիւնը:
Ժողովի մեկնարկից մէկ-երկու ժամ առաջ դեռեւս կարծում էինք, որ այս ժողովը կը կարեւորուի նրանով, որ կը մասնակցեն մեր երկու հարեւան երկրներից՝ Վրաստանից եւ Ադրբեջանից ժամանած կուսակցութիւնների ներկայացուցիչներ: Դժբախտաբար, վերջին պահին, ցարդ անյայտ պատճառներով, Ադրբեջանից պատուիրակը Երեւան չի ժամանել (Հինգշաբթի երեկոյեան Ատրպէյճանի պատուիրակը ժամանած է Հայաստան- Խմբ.): Ճիշտ է, մենք Ադրբեջանի հետ գտնւում ենք դեռեւս չկարգաւորուած հակամարտութեան մէջ, սակայն դա չպէտք է պատճառ լինի, որ մենք՝ գաղափարական նոյն ընտանիքի անդամներս, իրար հետ չխօսենք: Ընդհակառակը՝ արդարութեան համար պայքարող կուսակցութիւնների միջեւ երկխօսութիւնը կարող է միայն նպաստել հակամարտութեան կարգաւորմանը: Այս ակնկալիքով էլ ողջունելու էինք Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան փոխնախագահի մասնակցութիւնը այս ժողովին:
Վրաստանի հետ սերտօրէն է առնչւում մեր կուսակցութեան պատմութիւնը. ի վերջոյ, 120 տարի առաջ մեր կուսակցութիւնը այնտեղ՝ Թիֆլիսում է հիմնադրուել, իսկ 1918 թ. Մայիսի 28ին մեր պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման հռչակումն էլ կատարուել է այնտեղ: Սակայն միշտ չէ, որ մեր յարաբերութիւնները եղել են հեշտ ու հաշտ, ինչն իր հետքն է թողել մեր յարաբերութիւնների վրայ. առկայ են փոխադարձ անվստահութեան երեւոյթներ: Բայց յանուն մեր երկու ժողովուրդների եւ պետութիւնների շահերի՝ մենք այդ երեւոյթները պէտք է յաղթահարենք, եւ դա կարող ենք անել միայն երկխօսութեամբ: Այս յոյսով եմ ողջունում Վրաստանի Լեյբորիստական եւ Սոցիալ-դեմոկրատական զարգացման կուսակցութիւնների ներկայացուցիչների մասնակցութիւնը ժողովին:
Անշուշտ, մենք կը ցանկանայինք այստեղ տեսնել նաեւ Թուրքիայում արդարութեան համար պայքարող կուսակցութիւնների ներկայացուցիչների, ինչը, կարծում ենք, տեղի կ՛ունենայ առաջիկայում:
Բոլորիդ ներկայութիւնը ողջունելով եւ մասնակցութիւնը կարեւորելով հանդերձ՝ թոյլ տուէք յատուկ անդրադառնալ մի շարք կուսակցութիւնների ներկայութեանը:
«Արդար Ռուսաստան» կուսակցութեան հետ մենք ունենք միջկուսակցական համագործակցութեան պայմանագիր, ինչը, համոզուած եմ, իր նպաստը կը բերի նաեւ միջպետական յարաբերութիւնների զարգացմանը:
Շուէդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը վերջին ամիսներին յատուկ դերակատարութիւն ունեցաւ հայկական հարցերում: Նախ՝ Մարտի 11ին, երբ Շուէդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանութեան փաստը, եւ մենք հաստատել ենք, որ առանց Շուէդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան նպաստաւոր դիրքորոշման՝ խորհրդարանը նման որոշում չէր կայացնի: Երկրորդ՝ Մարտի 25-26ը, Շուէդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան նեկայացուցիչը մասնակցեց մեր կազմակեպուած խորհրդաժողովին՝ «Սոցիալիստական մօտեցումներ Հայաստանի մարտահրաւէրներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողութիւններ» թեմայով: Պարզ է, որ Շուէդիայի սոցիալ-դեմոկրատական փորձից մենք ե՛ւ որպէս կուսակցութիւն, ե՛ւ որպէս պետութիւն շատ բան ունենք ուսանելու, բայց այդ ուղղութեամբ աւելի ակտիւ կ՛աշխատենք Շուէդիայում առաջիկայ ընտրութիւններից յետոյ, որտեղ մեր գործընկերներին մաղթում ենք յաղթանակ:
Ուզում եմ յատուկ ջերմութեամբ ողջունել Պաղեստինի «Ֆաթահ» կուսակցութեան ներկայացուցչի մասնակցութիւնը: Վերջին ամիսներին եւ յատկապէս վերջին շաբաթներին որոշ շրջանակներ փորձում են սեպ խրել հայ եւ պաղեստինցի ժողովուրդների միջեւ, փորձում են հակասութիւն սերմանել նոյնանման ճակատագիր ունեցող մեր երկու ժողովուրդների միջեւ: 17 տարի Հայաստանը շրջափակման ենթարկողները երբ խօսում են այլոց կողմից շրջափակման դէմ, երբ սպառնում են երկրից արտաքսել անպաշտպան մարդկանց… չի կարելի անտեսել այս շրջանակների անազնիւ, երեսպաշտ եւ շահախնդիր կեցուածքը: Կան նաեւ այլ ուժեր, որոնք ելնելով պահի քաղաքական իրավիճակից, փորձում են քաղաքական առեւտրի առարկայ դարձնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը: Բարեբախտաբար, երկու կողմում էլ կան զգօնութեան եւ խոհեմութեան կոչ անողներ, եւ մենք այդ ուժերի հետ համագործակցաբար կը յաղթահարենք նաեւ ներկայ դժուարութիւնները: Այս տեսանկիւնից խիստ կարեւոր ենք գնահատում Պաղեստինի ներկայացուցչի մասնակցութիւնը ժողովին:
Յունաստանից, Գերմանիայից եւ Եւրոպական սոցիալիստների կուսակցութիւնից ներկայացուցիչների մասնակցութիւնը կարեւոր ենք համարում որպէս այդ կուսակցութիւնների հետ մեր համագործակցութեան խորացման անհրաժեշտ հնարաւորութիւններ:
Օրակարգի համապատասխան բաժնում աւելի մանրամասն կ՛անդրադառնանք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներին եւ այդ խնդիրներին մեր՝ սոցիալիստական լուծումներ առաջարկելու ճիգին: Այստեղ ուզում եմ շեշտել մէկ հանգամանք. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սոցիալիստական կուսակցութիւն է իր հիմնադրութեան առաջին օրուանից, երբ նպատակն էր Օսմանեան կայսրութեան մէջ արեւմտահայութեան ազատագրումը: Այսինքն՝ Դաշնակցութեան համար հիմնականը եղել է կեղեքման դէմ եւ արդարութեան համար պայքարը: Իսկ մեր պատմութիւնը վկայում է այն մասին, որ յաճախ կեղեքողը եղել է օտար իշխանութիւն, որն իր նպատակների իրագործման համար նոյնիսկ ցեղասպանութիւն է գործել: Այս է պատճառը, որ արդարութեան համար մեր պայքարը ունեցել է եւ ունի նաեւ ազգային նկարագիր: Սակայն Դաշնակցութեան համար «մերժելի է ազգային բացառիկութեան ամէն գաղափար եւ ազգայնամոլութեան ամէն երեւոյթ՝ իբրեւ մարդկային ընկերութեան բնականոն զարգացումն արգելակող դրսեւորումներ» (ՀՅԴ Ծրագիր, 1998):
Այսօր մեր սեփական անկախ պետութիւնում, մենք շարունակում ենք մեր պայքարը կեղեքման դէմ եւ արդարութեան համար, այլ խօսքով՝ սոցիալիստական սկզբունքների վրայ: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հաւատում է, որ ընկերվարութեան իդէալը անիրականանալի է առանց ժողովրդավարութեան, իսկ ժողովրդավարութիւնը թերի է եւ սահմանափակ՝ առանց ընկերվարութեան (ՀՅԴ Ծրագիր, 1998):
Մեր տարածաշրջանում, որտեղ սոցիալիզմը ունի հին արմատներ, բայց տասնամեակներ նաեւ՝ ձեւախեղուած փորձ, այսօր մեծ են հնարաւորութիւնները իսկական սոցիալիզմի սկզբունքների հիման վրայ աշխատելու: Նման հնարաւորութիւն եւ անհրաժեշտութիւն կայ թէ՛ իւրաքանչիւր պետութեան ներսում եւ թէ՛ միջպետական յարաբերութիւններում: Այստեղ մեծ է համագործակցութեան կարիքը թէ՛ տարածաշրջանի եւ թէ՛՜ տարածաշրջանից դուրս գործող կուսակցութիւնների միջեւ, փորձի փոխանակման եւ փոխադարձ վստահութեան վերականգնման նպատակներով: Մենք այս նպատակով հիմնադրել ենք «Հրայր Մարուխեան» հիմնադրամը, որի ծրագրերի յաջողութեան համար ապաւինելու ենք բոլորիդ համագործակցութեանը:
Պարզ է, որ Ընկերվար միջազգայնականը Միաւորուած ազգերի կազմակերպութիւն կամ միջազգային անվտանգութեան այլ կառոյց չէ: Ընկերվար միջազգայնականը ունի իւրայատուկ դերակատարութիւն՝ համախմբելու, համագործակցութեան հնարաւորութիւններ ստեղծելու գաղափարական նոյն ընտանիքին պատկանող, քաղաքական երբեմն հակադիր կեցուածքներով քաղաքական ուժերի, կուսակցութիւնների միջեւ: Այս իմաստով էլ այս ժողովին մաղթում ենք արդիւնաւէտ աշխատանք:
Բարով էք եկել բոլորդ: