ԳՈՀԱՐ ԽԱՆՈՒՄԵԱՆ

1964ի Սեպտեմբերի 29ին, «Հայրենիք» թերթի առաջին էջի խմբագրականում Ահարոն Սաչագլեան ի մահուան կապակցութեամբ մասնաւորապէս գրուած էր. «Իր յատկանշական լրջութեամբ մը կը մօտենար հանրային, կուսակցական հարցերուն եւ ամրօրէն հաւատարիմ էր սկզբունքներու: Առաքինութիւն մը, որ հետզհետէ կը պակասի մեր ազգային կեանքի շարք մը աւանդութիւններուն հետ: Ահարոն Սաչագլեան հեռացաւ մեզմէ՝ ձգելով յիշատակը խղճամիտ, պարկեշտ նկարագրով հաւատաւոր դաշնակցականի մը, մէկը անոնցմէ, որոնք մեր կուսակցութեան անխախտ սիւներէն եղան ի կենդանութեան եւ իրենց փայլուն յիշատակովն իսկ կը մղեն մեզ գործի եւ պարտականութեանց իրենց եւ մեր հաւատացած իտէալներու իրագործման համար»:
1990ին Ամերիկայում յայտնաբերուեց «Նեմեսիս» գործողութեան («Յատուկ գործի») անյայտ մասնակիցներից մէկի՝ Ահարոն Սաչագլեանի նամակների, լուսանկարների, փաստաթղթերի արխիւը վերջինիս մահուանից 26 տարի անց: Հետաքրքրականն այն է, որ Ահարոն Սաչագլեանի ընտանիքի անդամները երբեւէ չեն էլ ենթադրել, որ իրենց հարազատը որեւէ դերակատարութիւն է ունեցել «Նեմեսիս» գործողութեան մէջ, քանի որ վերջինս ոչ միայն չի բարձրաձայնել իր կենսագրութեան ուշագրաւ ու պատմական այս դրուագի մասին, այլեւ խնամքով թաքցրել է կողմնակի անձանցից:
2015ին, Մերիըն Մեսրոպեան Մաքքըրդին յայտնաբերուած հարուստ փաստավաւերագրական նիւթերի հիման վրայ հրատարակեց «Սրբազան Արդարադատութիւն. Հայկական «Նեմեսիս» Գործողութեան Ձայներն Ու Ժառանգութիւնը» գիրքը (անգլերէն)՝ դրանում ներկայացնելով նաեւ իր մօրական պապի՝ Ահարոն Սաչագլեանի գործունէութիւնը, յատկապէս՝ նրա մասնակցութիւնը «Նեմեսիս» գործողութեանը:
Ո՞վ էր Ահարոն Սաչագլեանը եւ ի՞նչ կապ ունէր «Նեմեսիս» գործողութեան հետ
«Յատուկ գործ»ը («Նեմեսիս»ը) խիստ գաղտնի գործողութիւն էր, ուստի երկար տարիներ գաղտնազերծուած չէին նրա կազմակերպիչները, անդամները եւ գործին առնչուող ցանկացած տեղեկութիւն: Այդ պատճառով այսօր էլ գործի որոշ մասնակիցների անուններ անյայտ են կամ նորովի են բացայայտւում: 1919ի աշնանը (Սեպտեմբեր 28–Նոյեմբեր 2) առաջին անգամ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքում՝ Երեւանում, գումարուեց ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը: Համաժողովում, երկրի արտաքին ու ներքին քաղաքականութեան բազում հարցերից ու խնդիրներից զատ, հանրապետութեան հիմնական կառավարող ՀՅԴ կուսակցութիւնը խիստ գաղտնիութեան պայմաններում որոշեց մահապատժի ենթարկել Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին եւ իրականացնողներին, որոնք տարբեր պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ընդհանուր ժողովի կողմից հաւանութեան արժանացած այդ գործողութիւնը կոչուեց «Յատուկ գործ», որն աւելի յայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահուեց ՀՅԴ յատուկ կամ պատասխանատու մարմնին: Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման ընդունումից յետոյ սկսուեց Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողութիւնների մանրազնին նախապատրաստութիւնը: Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատուութիւնը եւ վերահսկողութիւնը դրուեցին ՀՅԴ գործիչներ Արմէն Գարոյի (Գարեգին Փաստրմաճեան) եւ Շահան Նաթալիի (Յակոբ Տէր Յակոբեան) վրայ: Յատուկ մարմնի կազմում ներգրաւուեցին Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած երիտասարդներ, որոնք ունէին մարտական հարուստ փորձառութիւն՝ Սողոմոն Թեհլիրեանը, Արշաւիր Շիրակեանը, Արամ Երկանեանը, Միսաք Թորլաքեանը եւ ուրիշներ:

«Նեմեսիս» գործողութեան կազմակերպչական ընդյատակեայ կենտրոններն էին Բոստօնում՝ «Հայրենիք», իսկ Կ. Պոլսում՝ «Ճակատամարտ» թերթերի խմբագրատները: Հրաչ Փափազեանի գլխաւորած խումբը պէտք է տեղեկութիւններ հայթայթեր երիտթուրքերի յանցաւոր պարագլուխների գտնուելու վայրի մասին :
«Յատուկ գործի» կազմակերպման եւ նիւթական միջոցների ապահովման կենտրոնակայանը Բոստօնում հրատարակուող «Հայրենիք» թերթի խմբագրատունն էր, որի աշխատակիցն էր նաեւ Ահարոն Սաչագլեանը:
Նա ծնուել է 1879ի Սեպտեմբերի 9ին, Մալաթիայում (Օսմանեան կայսրութիւն): Հայրը՝ Յարութիւն Սաչագլեանը, յայտնի ճարտարապետ էր Օսմանեան կայսրութիւնում: Նա մահացել է, երբ Ահարոնը ընդամէնը երեք ամսական էր: Ահարոնն ունէր աւագ երկու եղբայր՝ Ստեփան եւ Յակոբ: 16ամեայ Ստեփանը 1890ին լքում է հայրենի Մալաթիան եւ հաստատւում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում: Նրան շուտով հետեւում է կրտսեր եղբայրը՝ 16ամեայ Ահարոնը, որը 1895ին՝ նախքան ծննդավայրում համիդեան կոտորածների սկսուելը, իր մի քանի հայրենակիցների հետ Կ. Պոլսից նաւով տեղափոխւում է Մարսել, որտեղ ծանօթանում է Արմէնական կուսակցութեան հիմնադիր Մկրտիչ Փորթուգալեանի հետ: Այս հանդիպումը ճակատագրական է լինում պատանի Ահարոնի համար. Փորթուգալեանը նրան ասում է. «Տեսնում եմ, որ պայծառ ապագայ ես ունենալու, որովհետեւ դու բարեկիրթ ես ու խելացի: Որդի՛ս, անպայման, կրթութիւն կը ստանաս: Այս երկրները ձուլում են օտարներին, թոյլ չտա՛ս, որ քեզ հետ էլ դա պատահի: Երբեք չմոռանաս ազգութիւնդ ու կրօնդ: Գնա՛, Աստուած քեզ հետ: Կրկնում եմ, չմոռանաս քո լեզուն»: Այս պատգամը ուղեկցեց Ահարոնին ողջ կեանքի ընթացքում: Նա Մարսելում մնում է վեց ամիս: Ապա 1896ին հաստատւում է Հարթֆորդում (Ամերիկա)՝ եղբօր տանը, սովորում անգլերէն եւ Հանթսինգերի քոլեջում ուսանում հաշուապահութիւն (աւարտել է 1898ին): 1902ին նա մի խումբ համախոհների հետ հիմնում է ՀՅԴ Բոստօնի կոմիտէն: 1907-1909ին Ա. Սաչագլեանը աշխատում է Մանիլայում (Ֆիլիպիններ)՝ գեներալ-նահանգապետի գրասենեակում՝ իբրեւ հաշուապահ:
Երիտթուրքական յեղաշրջումից կարճ ժամանակ անց՝ 1909ին, Ահարոնը ճանապարհւում է դէպի Դէօրթ Եօլ (Չորք Մարզպան)՝ հանդիպելու մօրը եւ եղբօրը՝ Յակոբին, որոնց չէր տեսել աւելի քան 14 տարի: Այս ընթացքում նա նամակագրութիւն է սկսում ՀՅԴ անդամ, Օսմանեան խորհրդարանի երեսփոխան Արշակ Վռամեանի (Օննիկ Դերձակեան) հետ: 1909ի Ապրիլի սկզբին, երբ Ահարոնը արդէն գտնւում էր Դէօրթ Եօլում, տեղի հայութիւնը, ինչպէս Կիլիկիայի այլ հայկական բնակավայրերի բնակչութիւնը, դիմել էր ինքնապաշտպանութեան՝ կենաց ու մահու կռիւ մղելով թուրքական մի քանի անգամ գերակշռող ուժերի դէմ: Հայերի յիրաւի հերոսական ինքնապաշտպանութիւնը Դէօրթ Եօլում ղեկավարում էր Միհրան Մելքոնեանը, որն, ի դէպ, Ահարոնի կնոջ՝ Էլիզայի եղբայրն էր: Դէօրթ Եօլի թուրքական պաշարումը դադարեցւում է 13 օր անց միայն՝ հայերի հերոսական պայքարի եւ օտարերկրեայ հիւպատոսների միջամտութեան շնորհիւ, որոնց ինքնապաշտպանութեան օրերին բազմաթիւ խնդրագրեր էր ուղարկել նաեւ Ահարոնը: Նա եղբօր՝ Յակոբի հետ Դէօրթ Եօլի սովեալ հայութեան համար կազմակերպում է Ամերիկայից պարէնի եւ հագուստի տրամադրումը:
Վերադառնալով Ամերիկա՝ նա մի կարճ ժամանակահատուած աշխատում է աւագ եղբօր՝ Ստեփանի արեւելեան գորգերի խանութում՝ Հարթֆորդում, որից յետոյ՝ Բոստօնի «Հայրենիք» թերթում:

1915ին, երբ Օսմանեան կայսրութիւնում սկսուեցին հայերի նկատմամբ իրականացուող ցեղասպանական գործողութիւնները, Ահարոն Սաչագլեանը, օգտագործելով ամերիկեան Կարմիր խաչի եւ միսիոներների հետ իր կապերը, փորձում էր աջակցել իր հայրենակիցներին:
«Յատուկ գործ»ին կամ «Նեմեսիս» գործողութեանը նրա անդամակցութիւնը սկսուել է դեռ 1919ին: Այս ժամանակահատուածում, Ահարոնը սերտ նամակագրութիւն է ունեցել Շահան Նաթալիի, Վահան Զաքարեանցի , Ամերիկայում ապահովագրական գործակալ Համօ Բարաղամեանի (Համոյի մասին իր յուշերում նաեւ Ս. Թեհլիրեանն է գրում) եւ քիմիագէտ Զաւէն Նալբանդեանի հետ: Հետաքրքրական է այն, որ բացի կարեւոր պատմական տեղեկութիւններ պարունակող այս նամակներից՝ Ա. Սաչագլեանի արխիւում պահպանուել է նաեւ հայերի տեղահանութիւնն ու կոտորածները կազմակերպած 100 թուրք ոճրագործների ձեռագիր անուանացուցակը: Բացի այդ՝ արխիւում գտնուել են ցուցակում նշուած որոշ գործիչների լուսանկարներ կամ ժամանակի թերթերից կտրուած նրանց դիմապատկերներով թերթօններ:
Ահարոն Սաչագլեանը ղեկավարում էր «Յատուկ գործ»ի ֆինանսաւորման հարցերը՝ նիւթական միջոցների հայթայթումը եւ անհրաժեշտ ծախսերի ծրագրումը, օգտագործումը: 1920ի Յուլիսին Բոստօնում տեղի ունեցաւ ՀՅԴ Միացեալ Նահանգների 27րդ Շրջանային ժողովը, որը, հիմնուելով Երեւանում կայացած Ընդհանուր ժողովի որոշումների վրայ, գործողութիւնն իրագործելու նպատակով որոշեց ստեղծել ֆինանսական միջոցներն ապահովող յատուկ գումարը («Յատուկ ֆոնդ»ը), որը Շահան Նաթալին անուանում էր «Վրէժի ֆոնդ»: Ահարոն Սաչագլեանը ֆոնդի շրջանակներում իրականացնում է դրամահաւաքներ, կազմակերպում տարբեր երկրներում գործող հետախուզական խմբերի ապահովումը: Ս. Թեհլիրեանի դատավարութիւնը դարձաւ «Յատուկ գործ»ի ամենահնչեղ էջը: Անհրաժեշտ էին զգալի նիւթական միջոցներ՝ Գերմանիայի լաւագոյն դատապաշտպաններին վարձելու եւ Թեհլիրեանի պաշտպանական գործը պատշաճ կազմակերպելու համար: Այդ միջոցները հայթայթւում էին «Յատուկ գումար»ի ֆոնդից: Ա. Սաչագլեան անձնական արխիւում «Յատուկ գումար»ի վերաբերեալ հանդիպում ենք ինչպէս դրամական նուիրատուութիւնների մասին նշումների, այնպէս էլ կատարուած ծախսերի վերաբերեալ հաշուետուութիւնների՝ Ս. Թեհլիրեանի, Արմին Վեգների, Ե. Լեփսիուսի եւ այլոց անունով: Իրեն յատուկ բծախնդրութեամբ նա այդ ամէնը թաքցրել էր անգամ ընտանիքի անդամներից…

1920ին, Էլիզա եւ Ահարոն Սաչագլեանները իրենց երեք երեխաների հետ վերջնականապէս հաստատուեցին Սիրակուզում՝ ակտիւ (աշխուժ) մասնակցութիւն ունենալով հայկական համայնքի կեանքում, նաեւ տեղի հայկական եկեղեցու հիմնադրման գործում:
Ահարոն Սաչագլեան ը մինչեւ 1933 ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի անդամ էր, իսկ մինչեւ մահը՝ ՀՅԴ անդամ: Նա մահացել է 1964ի Օգոստոսի 5ին, 85 տարեկան հասակում:
Կնոջն ասուած նրա վերջին խօսքերն էին. «Ես կարող էի անել աւելին…»:
Կնոջ՝ Էլիզի հետ ամուսնութիւնից ունէր երեք զաւակ՝ Աստղիկ, Արփինէ եւ Յարութիւն, որին անուանակոչել էր հօր պատուին:
Սաչագլեանի մահուան 10ամեայ տարելիցի կապակցութեամբ «Հայրենիք» թերթում նրա կուսակցական ընկեր Ս. Տարտունին գրեց.
«Լուրջ մարդ էր, պարկեշտ եւ ուղղամիտ, բարի՝ բառին լայն առումով:
«Լուռ, սակաւախօս, տեղին միայն խօսող եւ՝ քանի մը բառով միայն: Այո՛, իսկապէս հոյակապ ընկերը 62 տարիներ ծառայեց մեր կազմակերպութեան՝ առանց փառք եւ պատիւ փնտռելու, առանց նիւթական վարձատրութեան ակնկալութեան»:
«ԴՐՕՇԱԿ»