Արցախի ժողովուրդի հիմնարար իրաւունքներու պաշտպանութեան յանձնախումբը 10 Մարտին հրապարակեց օրեր առաջ գումարուած ժողովին կատարուած քննարկումներուն վերաբերեալ հետեւեալ յայտարարութիւնը.
«Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը հաւաքուել էր Շաբաթ օրը Երեւանում ամբողջ կազմով: Հանդիպման ընթացքում յանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները եւ պլանաւորել (ծրագրել) ծրագրային հետագայ քայլերը: Բացի այդ, յանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցի եւ ԱԺ պատգամաւորների հետ:
«Օրակարգում` Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի ապահովումը, Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպէս նաեւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան եւ ունեցուածքի պաշտպանութիւնը:
«Ստեղծման օրուանից յանձնախումբն իր ջանքերն ուղղել է Արցախի բռնի տեղահանուած ժողովրդի անվտանգ, հաւաքական եւ արժանապատիւ վերադարձի ապահովմանը: Այն աշխատել է Բաքուի բանտերում ապօրինաբար պահուող հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ, ինչպէս նաեւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան եւ ունեցուածքի պաշտպանութեան ապահովման նպատակով:
«Վերջին տարուայ ընթացքում միջազգային համայնքի հետ շարունակական համագործակցութեան արդիւնքում աճել է աջակցութիւնը վերադարձի իրաւունքին: Տեղահանուած ժողովուրդների վերադարձի իրաւունքը ամրագրող միջազգային իրաւական եւ դիւանագիտական նորմերին զուգահեռ` Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը լրացուցիչ ամրապնդուել է ՄԱԿի Արդարատադութեան միջազգային դատարանի 2023 թուականի Նոյեմբերի 17ի որոշմամբ եւ Եւրոպական խորհրդարանի 2024 թուականի Մարտի 12ի եւ Հոկտեմբերի 25ի բանաձեւերով, որոնք, վերահաստատելով Արցախի ժողովրդի իրաւունքները, կոչ են անում Ադրբեջանին ապահովել անվտանգ վերադարձ:
«Աւելի՛ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները` ԱՄՆը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, հրապարակայնօրէն աջակցել են վերադարձի իրաւունքին: Վերջերս Շուէյցարիայի Ազգային խորհուրդն ընդունել է առաջարկ, որը կոչ է անում ստեղծել հարթակ, որտեղ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են ներգրաւուել երկխօսութեան մէջ: Նմանատիպ մի քանի բանաձեւէր քննարկւում են եւրոպական մայրաքաղաքներում եւ ԱՄՆ Կոնգրեսում: Այս զարգացումները վկայում են լայն միջազգային համաձայնութեան մասին եւ հիմքեր ստեղծում հետագայ շարունակական աշխատանքների համար:
«Հիմնուելով առկայ ձեռքբերումների վրայ` յանձնախումբը մտել է իր ջանքերի վճռորոշ փուլ: Առաջիկայ ամիսներին այն մասնակցութիւն կ՛ունենայ Վաշինգտոնում, Բրիւսելում, Ժնեւում եւ այլ քաղաքներում կազմակերպուելիք միջոցառումներին, ինչպէս նաեւ կ՛ունենայ բարձր մակարդակի հանդիպումներ, որոնք միտուած են ձեւաւորելու միջնորդական գործընթացի համար անհրաժեշտ դիւանագիտական մթնոլորտ:
«Յանձնախումբը նաեւ որոշեց հնարաւորինս մեծացնել ջանքերը Բաքւում պահուող հայ պատանդների ազատ արձակման ուղղութեամբ` ընդգծելով նաեւ Հայաստանի կառավարութեան մտահոգիչ անգործութիւնը: Յանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին` յատկապէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, ստանձնել գլխաւոր դերակատարութիւն` ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումը:
«Յանձնախումբը մնում է անսասան իր առաքելութեան մէջ` ապահովելու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների ճանաչումը եւ պաշտպանութիւնը: Այն շարունակելու է համագործակցել միջազգային դերակատարների հետ, ներառեալ ՄԱԿը, ԵԱՀԿն եւ մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւնները, որպէսզի հասնի արդարութեան եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած կոնկրետ (յստակ) քայլերի»: