(ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 105ԱՄԵԱԿ)

Երբ «տասնըհինգ են ասում,
Ես «թուական» եմ յիշում,
Երբ «լեռնային» են ասում,
Ես «ղարաբաղ» եմ յիշում
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Օգոստոսի 25ին լրացաւ Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 105ամեակը: Այդ կապակցութեամբ, առաջարկում եմ ընթերցել նրա ծննդեան տարեդարձին նուիրուած ներքոյ յօդուածը, որի նախորդ տարբերակը տպագրուել է նրա ծննդեան 100ամեակին առթիւ:
Ինքս ինձ կրկնած չլինելու մտահոգութիւնից դրդուած, ստիպուած եղայ լրջագոյն փոփոխութիւններ կատարել նախորդ յօդուածի մէջ, եւ նրա ծննդեան 105ամեակին նուիրուած ներքոյ յօդուածը ներկայացնել նոր լոյսի տակ:
Սիլվա Կապուտիկեանը ծնուել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ, 1919ի Յունուարի 20ին՝ տրապիզոնցի ճանաչուած կուսակցական գործիչ, ուսուցիչ Բարունակ Կապուտիկեանի ընտանիքում:
Սիլվա Կապուտիկեանը 14 տարեկան էր, երբ յօրինեց իր առաջին՝ Յովհաննէս Թումանեանի յիշատակին նուիրուած բանաստեղծութիւնը: Իրենից գաղտնի, ուսուցիչը այն տպագրել տուեց «Պիոներ Կանչ» թերթում:
Սիլվան Հայաստանի Գրողների միութեան անդամ է դարձել 19 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր Պետական համալսարանում:
1940ին, 21 տարեկան Սիլվան հանդիպել է Յովհաննէս Շիրազին եւ կարճ ժամանակ անց նրանք ամուսնացել են, որի արդիւնքում ծնուել է նրանց միակ որդին, յետագայում անուանի քանդակագործ դարձած Արա Շիրազը: Նրանց համատեղ կեանքը կարճ է տեւել: Այդ առթիւ Կապուտիկեանը գրեց.
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը բաժանում եղաւ:
Գաղտնիք չէ, որ Շիրազը իր ողջ կեանքում չկարողացաւ փոքրիշատէ հաշտուել սովետական կարգերի հետ: Այնինչ, խելացի, հեռատես Սիլվան հաշտուեց իրականութեան հետ:
Իսկ ի՞նչ պիտի աներ երիտասարդ, մանուկը կրծքին, անօթի մայրը, երբ հազիւ գրական աշխարհ մտած, ականատես դարձաւ շինծու ազգայնամոլ պիտակի տակ մեղադրուող անխտիր բոլոր գրողների եւ բանաստեղծների դէմ իրակացուող քստմնելի հալածանքներին:
KGB-ի ճիրաններից ազատուեցին միայն չորս գրողներ․ Կոստան Զարեանը չուեց Ամերիկա, Խաչիկ Դաշտենցն ու Պարոյր Սեւակը՝ թռան Մոսկուա, իսկ արձակագիր Նայիրի Զարեանը ազատուեց բանտից՝ ճիւաղ Ստալինին նուիրուած սքանչելի ձօն-բանաստեղծութիւն գրած լինելու շնորհիւ։ Յիշում էք չէ՞․ Հոմերոսն երգեց Ռուստամ Զալին, Ֆիրդուսին…: Գրողի հանճարեղ «Հացաւան» վէպն էլ չօգնեց նրան, որպէսզի կարողանայ մոռացնել տալ իր դաւաճանական արարքը սեփական ժողովրդի նկատմամբ: Միշտ է այդպէս՝ մարդիկ կարող են լաւը մոռանալ, բայց վատը միշտ մնում է նրանց յիշողութեան մէջ:
Գալով Եղիշէ Չարենցին, նա իր մահկանացուն կնքեց յատկապէս հայ բանաստեղծական աշխարհի մարգարիտը եղող, իմ կարծիքով, «Ես Իմ Անուշ Հայաստանի» բանաստեղծութիւնը յօրինած լինելու պատճառով:
Խելացի, ուշիմ, շրջահայեաց երիտասարդ Սիլվան շատ լաւ գիտեր, թէ ինչ ասել է սովետական գրաքննութիւն եւ խօսքի ազատութիւն:
Նա հաւատում էր, որ գրականութեամբ, մշակոյթով հնարաւոր է համերաշխ գործունէութիւն ծաւալել երկու կառոյցներում: Բնատուր տաղանդի շնորհիւ նա կարողանում էր ճիշդ գնահատել իրավիճակը եւ առանց տուրք տալու սովետական գաղափարախօսութեանը, հիմնականում յօրինում էր սիրոյն նուիրուած սքանչելի բանաստեղծութիւններ, որոնք մեծ ժողովրդականութիւն էին վայելում ժողովրդական լայն հասարակութեան մէջ:
Ժամանակին, խորհրդային տարիներին, քիչ չէին Կապուտիկեանի նման այն մտաւորականները, մշակոյթի եւ գիտութեան գործիչները, որոնք գրաքննութեան խիստ պայմաններում անգամ կարողանում էին մեծագոյն արժէքներ երեւան հանել խորհրդային մամլիչի անիւների տակից:
Խորհրդային օրերին չէ՞ր, որ Պարոյր Սեւակը երկնեց «Մարդը Ափի Մէջ», «Եղիցի Լոյս», «Եռաձայն Պատարագ» եւ «Անլռելի Զանգակատուն» հանճարեղ ստեղծագործութիւնները:
Իմ որակումով՝ 20րդ դարի Խրիմեան Հայրիկը, Վազգէն վեհափառը, նորոգութեան անուան տակ, 35 տարիների ընթացքում կառուցեց եկեղեցիներ, վերաբացեց անգործութեան մատնուած բազմաթիւ եկեղեցիներ եւ մատուռներ: Օգտուելով իր մարդկային եւ անձնական հմայքից, «լեզու գտնելով» իշխանութիւնների հետ, նա կարողացաւ Սփիւռքի մեծահարուստ հայերից դրամ հայթայթել Հայ եկեղեցու յաւերժութիւնը ապահովելու համար:
Այնպէս որ, եթէ Սիլվա Կապուտիկեանը «նուագում» էլ էր երկու լարի վրայ, ինչպէս գրել է գրականագէտ Գառնիկ Գալստեանը, նա անում էր միայն ու միայն մեր ժողովըրդի շահերից ելնելով:
Այնուհանդերձ, հիմնական լարը` բասը, որ իր ժողովրդի հոգսերն ու արժէքներն էր մարմնաւորում, աւելի հնչեղ էր ու կայուն, հաստատուն ու անբեկ… Իսկ միւս` բարակ լարը` հնչեղ չէր, դժգոյն էր ու անսիրտ…
Խորհրդային կարգերին բարձրաձայն հակադրուելու պէտք չունէր Կապուտիկեանը, նա շատ լաւ գիտեր`«Կաթից վառուողը մածունն էլ է փչելով ուտում»: Նա գտել էր միջին ճամբայ` առանց նեղացնելու մէկին կամ միւսին: Ազգայինը դարձնելով հիմնական գիծ, իր գրականութեան մէջ հիմնականում կեանքի էր կոչում արտաքուստ անմեղ թուացող թեմաներ. Հայրենիք, սէր, բնութիւն, մայր, երեխայ, քաղաքամայր Երեւան:
Առերեւոյթ, Սիլվա Կապուտիկեանը խոշոր, ընդհանրացնող թեմաներ արծարծող բանաստեղծուհի չէ: Այսինքն` գրում է կարծես անպատրաստի, պահի, դէպքի անմիջական ազդեցութեան տակ: Մասամբ ընդունելով հանդերձ նման բնորոշումը նրա քերթողութեան գնահատման առումով, չենք կարող չհաստատել, որ Կապուտիկեանը առաջին հայեացքից անմեղ թուացող թեմաների շնորհիւ խոշոր, համամարդկային ընդհանրացումներ էր անում: Ահա նման գլուխգործոցներից մէկը` «Խօսք Իմ Որդուն» բանաստեղծութեան վերջին երկու տողը, որը հողագնդի ամէն մի հայ մանուկ, որպէս ԱՂՕԹՔ կարող է արտասանել ցանկացած վայրկեանի: Ահա՝ այդ երկտողը.
Թէ մօ՜րդ անգամ մտքիցդ հանես՝
Քո մայր լեզուն չմոռանաս…
Որդուն ուղղուած նման մի պատգամ, ընդամէնը երկու տողի մէջ, որպէս հայրենասիրութեան, հայասիրութեան փառահեղ դիմում ու հրաման, անթեւ թռչնիկի պէս երեկ, այսօր, վաղը եւ յաւերժ պիտի անպայմանօրէն բուն դնի իւրաքանչիւր հայորդու հոգում` ուր էլ որ նա ապրելիս լինի:
Սիլվա Կապուտիկեանի հայերգութեան մէջ ներառնուած են Հայաստանն ու նրա գիւղերը, բնութիւնը` մարդկանցով, եւ, մանաւանդ Երեւանը` իր խենթուխելառ բնաւորութեամբ, անմիջական, մտերմիկ մարդկանցով լի փողոցներով ու հրապարակներով: Եւ այդ ամէնի մէջ, իր ողջ կեանքում մեր մայրաքաղաքին էր սիրահարուած բանաստեղծուհին:
Անձնական սիրոյ բացակայութիւնը չխանգարեց նրան իր ողջ կեանքում սէր գովերգելէ։
Դժուար չէ հասկանալ, որ բանաստեղծուհու սէրը հիմնականում անպատասխան սէր է: Որքան էլ մերժուած, նա պարտաւոր է յորդոր, պատգամ թողնել մարդկանց.
Է՜հ, ի՞նչ արած, բախտը խռով
Թող աշխարհում մեզ չյիշի,
Միայն ապրենք մենք սիրելով`
Թէկուզ ես`քեզ, դու` ուրիշի
Ահա թէ ինչպէս է գնահատել Կապուտիկեանի սիրերգութիւնը հրաշալի բանաստեղծ Վահագն Դաւթեանը.
«Սիլվա Կապուտիկեանից առաջ հայ պոեզիայում (բանաստեղծութեան մէջ) հոգեբանական խորութեամբ ու այդպիսի ուժով, ոչ ոք չի բացել սիրող, երազող սիրուց երջանկացող ու տառապող կնոջ հոգին…»։
Անշուշտ, միայն «Մասիսացաւ»ով տառապող Շիրազը հազիւ թէ երիտասարդ տարիքում կարողանար հասկանալ, թէ ինչպէս իր համար կեանքի ընկեր ընտրած Սիլվա Կապուտիկեանը ի զօրու է բանաստեղծութեան Մասիսը ելնել ու այնտեղից, Վանից մինչեւ Երեւան գովերգել հայ մարդուն, հա՜յ գիրը, հա՜յ լեզուն, հայ քնարերգութիւնն ու այդ ամէնը ամբողջացնող Մայր Հայաստանը:
Անձնական սիրոյ հանդէպ կարծես անտարբեր բանաստեղծուհին ահա թէ ինչ նոր գոյնով, նորովի ընկալումով է բարձրացնում մարդկային այդ անմեռ զգացումը.
Ո՜ւր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կը գամ
Ո՜չ, չե՜ս կարող, ինձ չե՜ս կարող մոռանալ:
Ժամանակին, Աստծոյ բարի, թէ չար կամօք, համատեղ կեանքը չստացուեց նրանց միջեւ: Գուցէ բարին դա էր, որովհետեւ հակառակը լինելու պարագային, հազիւ թէ մենք ունենայինք կողք-կողքի երկու հանճարեղ բանաստեղծներ:
Սիլվա Կապուտիկեանի արձակ գործերի մէջ առանձնանում են ճանապարհորդութիւնների ընթացքում գրի առած այն գործերը, որոնց մէջ արծարծւում են սփիւռքահայ մարդու հոգսերն ու հայրենի երկրի կարօտից օրէ օր հիւծուող, բզկտուող հոգին:
Սիլվա Կապուտիկեանը փառահեղ «տրիբուն» ( աշխատաւոր ժողովրդի շահերի պաշտպան) էր, հռետոր: Ժամանակին՝ 1960-70ականնեին, նա եղել աշխարի բոլոր հայ համայնքներում ու իր բոցաշունչ հայրենասիրական ճառերով ջերմացրել տասնեակ հազարաւոր հայերի կարօտակէզ հոգիները:
Սիլվա Կապուտիկեանը հայ քնարերգութեան թագուհին, իսկ առօրեայ կեանքում՝ պատկառանք առաջացնող ՄԵԾ ՏԻԿԻՆ էր:
Սիլվա Կապուտիկեանը միայն 15 տարի ապրեց անկախ Հայաստանում: Տեսաւ Ղարաբաղեան պատերազմ, 32 քաղաքական գործիչների եւ մտաւորականների խորհրդաւոր սպանութիւններ, Հայաստանի կառավարութեան գլխատում՝ Հոկտեմբերի 27ին: Վերջինը՝ իր մահից երկու տարի առաջ՝ 2004ին, Ապրիլեան դէպքերը` Երեւանի Բարեկամութեան պողոտայի վրայ, երբ իշխանական բռնի ուժերը ցրեցին խաղաղ ցոյցի մասնակիցներին: Այդ միջադէպի առնչութեամբ, որպէս բողոքի նշան, անուանի բանաստեղծուհին, քաղաքական գործիչ, աննկուն հայրենասէր Սիլվա Կապուտիկեանը սպանիչ նամակի հետ միասին օրուայ վարչապետին վերադարձրեց իրեն շնորհուած «Սուրբ Սահակ, Սուրբ Մաշտոց» շքանշանը:
Լաւ է, որ Սիլվա Կապուտիկեանը չտեսաւ 2020ի 44օրեայ Արցախեան պատերազմը, որն աւարտուեց Հայաստանի պարտութեամբ: Ամէնաահաւորը՝ 2024ի Արցախի հայաթափումն ու երկիր ափսէի վրայ ազերիին յանձնելը:
Իմ վերջին՝ չակերտաւոր հանդիպումը ՄԵԾ ՏԻԿՆՈՋ հետ կայացաւ նրա մահուան օրը՝ 2006ի Օգոստոսի 25ի վաղ առաւօտեան, երբ 30 տարուայ իմ ընկեր, Բանասիրական գիտութիւնների դոկտոր Սուրէն Դանիէլեանի հետ այցելեցինք հանգուցեալ Սիլվա Կապուտիկեանի բնակարանը՝ մեր ցաւակցութիւնը յայտնելու նրա բարեկամներին եւ միակ հարազատին, քանդակագործ Արա Շիրազին: Վերջինս ինձ տեսնելով, փորձեց դագաղի մօտից հեռանալ ու մօտենալ ինձ՝ ես կանխեցի եւ ինքս մօտեցայ նրան ու մենք խոնաւ աչքերով գրկուեցինք, նա միայն հազիւ կարողացաւ շշնջալ․ «Դուք այստե՞ղ մաեստրօ…»
Ուզում ենք հաւատալ, որ Սիլվա Կապուտիկեանի քարաւաններն այսուհետեւ կը քայլեն յետադարձ քայլքով` հանգրուանելու համար Արարատի փէշերին` ուր նրանք կը հիւսեն իրենց նոր բոյնը:
Դո՜ւ, իմ ժողովուրդ, դու ապրել ե՜ս, կա՜ս,
Այսպէ՜ս` ապրելով…
Սեւակեան շնչով գրուած այս երկու տողը բաւարար է Սիլվա Կապուտիկեանի անմեկնելի հայրենասիրութիւնն ու հայասիրութիւնը բնորոշելու համար: