7 Մայիսին տուած մամլոյ ասուլիսին ընթացքին, ՀՅԴի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեան յայտնեց, որ սահմանազատման գործընթացը անվերապահ յանձնուողականութիւն է, ատրպէյճանական ճնշումներուն դէմ ընկրկում է, իսկ իշխանութիւնները ժողովուրդէն գաղտնի կը պահեն քարտէզները, որոնց հիման վրայ կը կատարուի գործընթացը։
Անդրադառնալով «Տաւուշը յանուն Հայաստանի» շարժման՝ Խաչատրեան դիտել տուաւ, որ շարժման մէջ շատ աշխոյժ մասնակցութիւն ունի Դաշնակցութիւնը:
«Մենք միշտ յայտարարել ենք, որ աջակցում ենք շարժմանը, հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետաքրքրուած բոլոր քաղաքական ուժերին միանալ շարժմանը, որովհետեւ սա իշխանութեան համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականութեան, ինքնիշխանութեան, անկախութեան եւ հայ ժողովրդի արժանապատուութեան համար շարժում է», ըսաւ ան՝ հաստատելով, որ ասիկա ժողովուրդին ձայնն է։
Անդրադառնալով իշխանութիւններու ներկայացուցիչներուն այն յայտարարութիւններուն, թէ տաւուշեան շարժման միջոցով որոշ ուժեր կ՛ուզեն Հայաստանը դարձնել ծայրագաւառ` Խաչատրեան ըսաւ. «Ես չգիտեմ, թէ Հայաստանում կայ նման ուժ, որը ցանկանում է երկիրը դարձնել ծայրագաւառ, բայց տեսնում եմ, որ ՔՊն ուզում է Հայաստանը դարձնել գաւառ եւ դրա համար այդքան հաճոյքով Փաշինեանը գնացել էր Էրդողանի երդմնակալութեանը, նստել Ալիեւի թիկունքում եւ նայել նրա ծոծրակին»:
Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութիւններուն, որ եթէ ընդդիմութիւնը աթոռներէն հրաժարի, Հայաստանի մէջ արտակարգ ընտրութիւններ տեղի կ՛ունենան՝ Խաչատրեան ըսաւ. «Մենք մանդատները վայր կը դնենք, բայց Փաշինեանը չպէտք է մնայ վարչապետի պաշտօնակատար եւ օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները (միջոցները) ընտրութիւններում ձայներ ապահովելու համար»։

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՐՔԱՑՄԱՆ ԴԷՄ Է»
«Տաւուշը յանուն հայրենիքի» երթի մասնակից, ՀՅԴի անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեան լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին ըսաւ, որ ժողովրդական երթը դէպի Երեւան Հայաստանի թրքացման դէմ է։
«Ես ինքս Տաւուշից եմ եւ մեծացել եմ այդ հողի վրայ: Մեզ համար այդ հողից ու ջրից աւելի թանկ բան չկայ: Եթէ սահմանը անձեռնմխելի չլինի, ադրբեջանցիները կը ստանան մեր յենակէտերը, եւ թշնամին կը յայտնուի ամէնուրեք: Նաեւ Երեւանում: Գուցէ ինչ-որ մէկը Երեւանում մտածում է, թէ աղէտն իրեն չի հասնելու: Սխալւում է: Ադրբեջանցիներով կը բնակեցնեն ողջ երկիրը, կը չեղարկեն զինանշանը եւ Անկախութեան հռչակագիրը: Հայաստանի իշխանութիւնները սահմանին սահմանափակ թուով սահմանապահներ կը կանգնեցնեն, ընդամէնը 5 հազար: Իսկ ադրբեջանցիները իրենց սահմանապահներին զինում են մինչեւ ատամները, որոնք կարող են հաշուած րոպէներում յայտնուել ամէնուրեք:
«Իշխանութիւնների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման: Բայց արժանապատիւ քաղաքացիները կը պաշտպանեն իրենց պատիւը, եկեղեցիները, կ՛ընդդիմանան թուրքացմանը: Ադրբեջանում հեռուստաալիք են բացել` ի աջակցութիւն «Արեւմտեան Ադրբեջանի», այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Յետոյ ձեռնամուխ կը լինեն Վարդենիսին: Եւ իշխանութիւնները կ՛ասեն` եկէք մի 20 գիւղ տանք ու հանգիստ ապրենք: Չնայած այս ամէնին` գտնւում են այնպիսիները, որոնք շարունակում են հաւատալ իշխանութիւններին: Ինչպէ՞ս կարող էք հաւատել այն ամէնից յետոյ, ինչ տեղի ունեցաւ: Ինչի՞ն էք հաւատում: Եւ եթէ հաւատում էք` եկէք Կիրանց, տեսէք, թէ ինչ է տեղի ունենում: Ադրբեջանցիները հանրահաւաքներ են անցկացնում ի պաշտպանութիւն Հայաստանի իշխանութիւնների: Դա խայտառակութիւն է, իսկ նրանք ուրախանում են: Նրանց յաջողուել է համախմբել ադրբեջանցիներին եւ թուրքերին ամբողջ աշխարհում», ըսաւ Դանիէլեան: