
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«Եթէ մենք կորցնենք Արցախը, կը շրջենք
ՄՈՆԹԷ ՄԵԼՔՈՆԵԱՆ
հայոց պատմութեան վերջին էջը»

Սեպտեմբերի 19ին հայկական աշխարհը հերթական անգամ ալեկոծուեց Արցախից ստացուած լուրերից. «Ատրպէյճանը լայնածաւալ յարձակում է սկսել Արցախի Հանրապետութեան նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր» (1):
Հայաստանի անկախութեան մերան, ընդամէնը 120.000 բնակչութիւն եւ մօտ 2500 կռուող ուժ ունեցող փոքրիկ Արցախը գոյութեան կռիւ էր մղում 10 միլիոն բնակչութիւն եւ 60,000 զօրք ունեցող Ատրպէյճանի դէմ` նոյնիսկ քաղաքական եւ ռազմական օգնութիւն չստանալով Հայաստանի Հանրապետութիւնից:
Երեք տասնամեակի կայացած պետութիւն Արցախը կանգնեց իր բնակչութեան ֆիզիքական գոյութիւնը պահպանելու խնդրի առաջ, իսկ 1991ի Արցախի անվտանգութեան երաշխաւոր համարուող Հայաստանի վարչապետն այս համապատկերի վրայ յայտարարեց. «Այս գործընթացի նպատակներից մէկը Հայաստանին ռազմական գործողութիւնների մէջ ներքաշելն է․ սա նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել» (2):
Ասել է, թէ Հայաստանում քաոս ստեղծած իշխանութիւնը մտադիր չէր օգնել Արցախին, այսինքն իր 120,000 քաղաքացիների հետ վարուեց պիղատոսաբար ձեռքերը լուաց նրանց ճակատագրի նկատմամբ պատասխանատուութիւնից:
Սեպտեմբերի 21ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը զբաղեցնողը հերթական մեծ ծառայութիւնը մատուցեց Ատրպէյճանին` յայտարարելով. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեանն ուղիղ սպառնալիք չկայ» (3): Օրեր անց Նիկոլ Փաշինեանի այս յայտարարութիւնը ՄԱԿում օգտագործեց Ատրպէյճանի արտգործնախարար Պայրամովը` ի պաշտպանութիւն իր երկրի շահերի:
Արցախում իրականացուող «ցեղային զտումների», իսկ իրականում ցեղասպանութեան վերաբերեալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը Ճէյհուն Պայրամովը հակադարձելով` մէջբերեց հէնց Նիկոլ Փաշինեանին (4): Այսինքն պարզից էլ պարզ է, որ ՄԱԿի սպասուող նիստից առաջ Նիկոլ Փաշինեանը պաշտպանուելու համար խաղաթուղթ տուեց Ատրպէյճանին` այդպիսով ցոյց տալով, որ Արցախի ցեղասպանութեան գործում ինքը համերաշխ է Ատրպէյճանի հետ:
Սեպտեմբերի 23ին Արցախի տեղեկատուական շտաբը յայտարարութիւն տարածեց.
«Ռազմական գործողութիւնների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդութեամբ Ատրպէյճանի հետ Սեպտեմբերի 20ին ձեռք բերուած պայմանաւորուածութեան hամաձայն, ներկայ դրութեամբ իրականացւում են հետեւեալ աշխատանքները.
– Պաշտպանութեան բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր` բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ,
– Որոնողական աշխատանքներ` զոհուածների ու անյայտ կորածների յայտնաբերման ուղղութեամբ,
– Ծանր եւ ծայրայեղ ծանր վիրաւորների ու հիւանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատութիւններ` Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ու ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ,
– Արցախ մարդասիրական բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտութեան ապրանքների եւ վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով` ռուս խաղաղապահ առաքելութեան միջնորդութեամբ,
– Սեպտեմբերի 24ից ելեկտրական հոսանքի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ,
– Արցախի եւ նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական խորհրդակցութիւնների կազմակերպում» (5):

Միայնակ մնացած Արցախը փաստօրէն ստիպուած էր զինաթափուել: Բայց սա դեռ ամէնը չէր, զինաթափումը նշանակում էր Արցախի անխուսափելի հայաթափում, որովհետեւ ամենամիամիտներին անգամ պարզ է, որ արցախցին առանց զէնքի ու զինուժի` Ատրպէյճանի տիրապետութեան տակ ապրել չէր կարող, նրա կեանքը ամէնօրեայ կոտորած ու կեղեքում էր լինելու, ինչպէս դարեր շարունակ արեւմտահայերի կեանքն էր օսմանեան Թուրքիայի տիրապետութեան տակ:
Արդէն Սեպտեմբերի 24ին սկսուեց Արցախի բնակչութեան տեղահանման գործընթացը, եւ մինչեւ Սեպտեմբերի 30ը Արցախը ամբողջութեամբ հայաթափուեց: Սա հայոց պատմութեանը յայտնի միակ դէպքն է, երբ Արցախն ամբողջապէս հայաթափւում է: Հարիւրաւոր տարիներ հայկական պետութեան չգոյութեան պայմաններում Արցախը միշտ եղել էր պետականութեան պահպանման կղզեակ:
Արցախի հայաթափումը ուղեկցուեց Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան գերեվարմամբ:
Սեպտեմբերի 28ին Արցախի Հանրապետութեան նորանշանակ նախագահ Սամուէլ Շահրամանեանը ստիպուած եղաւ հրամանագիր ստորագրել, ըստ որի, «Մինչեւ 2024 թուականի Յունուարի 1ը պէտք է լուծարուեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպութիւնները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը դադարում է գոյութիւն ունենալ» (6):
Արցախի Հանրապետութեան նախագահի այս հրամանագիրը, ի հարկէ, իրաւական առումով «խնդիրներ ունի», քանի որ նախ` ստորագրուել է ռազմական սպառնալիքի, այլ կերպ ասած` ահաբեկչութեան իրականացման պայմաններում, երկրորդ` Արցախը Խորհրդային Միութիւնից (ոչ Խորհրդային Ատրպէյճանից, որի կազմից դուրս էր եկել 1988ի Յունիսի 12ի որոշմամբ) անկախացել էր միջազգային իրաւունքի բոլոր կանոններին համապատասխան` համաժողովրդական հանրաքուէի միջոցով, հետեւաբար Արցախի ժողովուրդը ի՛նքը պէտք էր որոշէր ինչպէ՞ս վարուել Արցախի Հանրապետութեան հետ:
Այս փաստաթղթից ի հարկէ կարելի է հրաժարուել, եթէ Հայաստանում տեղի ունենան լուրջ քաղաքական փոփոխութիւններ, եւ իշխանութեան գան արցախեան հիմնախնդրին տիրապետող, ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժեր:
Այս իրադարձութիւնների համապատկերում հարց է առաջանում` արդեօ՞ք շրջուեց հայոց պատմութեան վերջին էջը, եւ արդեօ՞ք հայ ժողովուրդը վերջնականապէս կորցրեց Արցախը: Առաջին հայեացքից թւում է, թէ այո՛, Արցախը վերջնականապէս կորսուած է, Հայաստանի ապագան էլ` անորոշ, բայց յատկապէս վերջին օրերի իրադարձութիւնները ցոյց են տալիս, որ աշխարհաքաղաքական զարգացումները ժամ առ ժամ փոփոխւում են. ձեւաւորւում են տարատեսակ ռազմաքաղաքական դաշինքներ, եւ աշխարհի հերթական վերաբաժանումը անխուսափելի է թւում:
Ինչպէս տեսանք, վերջին շաբաթներին լարուած փուլ մտաւ Իսրայէլ-Պաղեստին հակամարտութիւնը, որի մանրամասների մէջ չմտնելով` նշենք միայն, որ այն կարող է վերաճել կամ առիթ դառնալ խոշոր պատերազմի աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների, այդ թւում` Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցութեամբ: Սա բնականաբար կարող է բերել Հայաստանի ակամայ ներքաշուելուն պատերազմի մէջ, որովհետեւ ակնյայտ է, որ փանթուրքիստական նպատակներ հետապնդող Թուրքիա-Ատրպէյճան քաղզոյգը Հայաստանից հնարաւորինս շատ տարածքներ զաւթելու հնարաւորութիւնը բաց չի թողնի, իսկ հայկական Արցախը` որպէս Հայաստանը պաշտպանող վահան, այլեւս չկայ:
Ի՞նչ անել համաշխարհային սպասուող առճակատման ընթացքում չճզմուելու եւ պատմութեան թատերաբեմից դուրս չմղուելու համար:
Առաջին եւ գլխաւոր նախապայմանը բարեկամ Իրանից հակառակորդ եւ դաշնակից Ռուսաստանից թշնամի կերտող իշխանութիւնից ազատուելն է, այնուհետեւ`
1. Բոլոր արցախցիներին տալ փախստականի կարգավիճակ, տրամադրել անհատոյց բնակարաններ:
2. Ճանաչել Արցախի Հանրապետութիւնը 12․5 հազար քառ․ քլմ․ տարածքով եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում Արցախի գործող կառավարութեանը տալ վտարանդի կառավարութեան կարգավիճակ եւ ՀՀ կառավարութեան մասնաշէնքերից մէկը կամ երկուսը տրամադրել Արցախի վտարանդի կառավարութեանը:
3. Ճանաչել Ատրպէյճանին բռնագրաւող, որը բռնագրաւել է Արցախի Հանրապետութեան տարածքը ու բարձրաձայնել այդ մասին հնարաւոր բոլոր միջազգային հարթակներում:
4. Արցախի վտարանդի կառավարութեան համար առանձնացնել պիւտճէ:
5. Պետական քաղաքականութեան գերխնդիրը պէտք է լինի Արցախի ազատագրումը, եւ դա պէտք է ամրագրուի սահմանադրութեամբ:
6. ՀՀ ՊՆն եւ ԳՇն պէտք է ղեկավարեն արցախցիները, կամ Արցախի վերահայացման նպատակը որդեգրող այլ հայ զինուորականները, եւ դա պէտք է ամրագրուի յատուկ օրէնքով:
7. Հայաստանի Հանրապետութեան ներկայ կառավարութեան եւ ԱԺ ՔՊ խմբակցութեան անդամները պէտք է կանգնեն դատարանի առաջ:
յս գործողութիւններից յետոյ անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի պաշտպանունակութիւնը, վերազինել ու վերակազմաւորել հայկական բանակը, վերականգնել յարաբերութիւնները դաշնակիցների հետ եւ պատրաստուել դիմակայելու գալիք մարտահրաւէրներին` մշտապէս օրակարգում ունենալով Արցախի ազատագրումը եւ Արցախի Հանրապետութեան վերականգնումը` որպէս գերնպատակ, քանզի Արցախը ոչ միայն հայրենիք է, այլեւ Հայաստանի` որպէս պետութեան գոյութեան մերանը` Հայաստանի պաշտպանական վահանը եւ քաղաքական յաղթաթուղթը, հետեւաբար անձամբ մեզ եւ համոզուած ենք` նաեւ հայ ազգի մի ստուար հատուածի համար Արցախը վերջնականապէս կորսուած, Հայաստանի պատմութեան վերջին էջն էլ փակուած չէ, պարզապէս խաւար է պայծառ արեւածագից առաջ, սակայն այդ արեւածագին հասնելու համար ազգային ուժերը պարտաւոր են գործել արագ, վճռական եւ արդիւնաւէտ, հակառակը պատմութիւնը չի ների:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
2. https://zarkerak.am/show/71635:
3. https://www.aravot.am/2023/09/21/1370963/:
4. https://www.yerkir.am/public/hy/article/2023/10/03/18916:
6.https://mediamax.am/am/news/karabakh/52684/:
ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ
1. https://www.facebook.com/ArtsakhInformation
«ԴՐՕՇԱԿ»