Ամենօրեայ սննդակարգը որոշիչ նշանակութիւն ունի մարդու ատամների ու լնդերի առողջութեան համար։ Ատամները կարող են արտաքինից բաւական հարթ թուալ, մինչդեռ իրականում դրանց էմալն (էնամըլ, արծնապակի) ունի ծակոտկէն կառուցուածք, ինչը նշանակում է, որ սննդի մէջ պարունակուող նիւթերը կարող են հեշտութեամբ ներթափանցել դրա մէջ։ Ձեզ ենք ներկայացնում շատ հասարակ ու մատչելի այնպիսի միջոցներ, որոնք կ՛օգնեն պահպանել ատամների ու լնդերի առողջութիւնը․
– Սոդան նման է բնական ատամի մածուկի: Այն պայքարում է բակտերիանների դէմ ու նուազեցնում է բորբոքումը, իսկ եթերային իւղերի՝ խնկածաղիկի ու թէյի ծառի աւելացման շնորհիւ այն կարող է դառնալ բակտերիանների ու ատամնափառի դէմ պայքարող անփոխարինելի միջոց:
– Թէյի ծառի իւղը եզակի նիւթ է, որը կարող է օգնել զգալիօրէն նուազեցնել կարիեսը (ոսկրափուտը), բուժել գինգիւիտը բերանում առաջացած խոցերն ու հանդարտեցնել լնդերի արնահոսութիւնը: Այդ ամէնին հասնելու համար բաւական է միայն ատամի մածուկի մէջ աւելացնել 1 կաթիլ եթերային իւղ:
– Լոռամրգի հիւթը (cranberry juice) լի է անգնահատելի յատկութիւններով: Վերջինիս քիմիական բաղադրութիւնը շատ հարուստ է՝ երկաթ, եօդ, կալիում, կալցիում (կրածին), մագնեզիում, բոր, մանգան, արծաթ, ֆոսֆոր, եւ վիտամիններ (կենսանիւթ) C, K, PP, B1, B2: Լոռամրգի հիւթով բերանի ողողման շնորհիւ հնարաւոր կը լինի ազատուել ատամնաքարերից, իսկ եթէ այն խմել, կամ բերանում առժամանակ պահել, ապա այն նուազագոյնի կը հաւասարեցնի կարիեսի ու պերիոդոնտոզի առաջացումը:
– Քրքումն ունի հակաբորբոքային ու հակամանրէային յատկութիւններ: Օգտագործման բաղադրատոմսը հետեւեալն է: Քառորդ թէյի գդալ քրքումի վրայ աւելացրէք մի փոքր ջուր, որպէսզի ստացուի մածուկանման զանգուած: Լցրէք այն ատամի խոզանակի վրայ ու մաքրէք ատամները:
– 1 ճաշի գդալ աղը լուծէք 200 մլ․ գոլ ջրի մէջ, կատարէք ողողում։ Աղն ունի հակաբորբոքային ազդեցութիւն։
– Կոկոսի կամ քնջութի իւղով ողողումները շատ օգտակար են: Պարզապէս հարկաւոր է մի փոքր քանակութեամբ իւղ լցնել բերանի մէջ ու մօտաւորուես 3 րոպէ ողողել բերանը, որից յետոյ այն հարկաւոր է թափել եւ ոչ թէ կուլ տալ:
– Վիտամին D-ն այն հիմնական վիտամիններից է, որը հարկաւոր է ոչ միայն ատամների այլ նաեւ ամբողջ օրգանիզմի առողջ վիճակի համար: Վերջինիս պակասը բացասաբար է անդրադառնում մարդկանց իմունային (ախտամերժ) համակարգի, ոսկորների, ատամների ու աղեստամոքսային աշխատանքի վրայ: Վիտամին D-ի աղբիւր է հանդիսանում ձուն, ձկան իւղոտ տեսակները, ամբողջական ձաւարեղէնն ու կաթը:
– Խուսափէք վնասակար բաղադրիչներից: Ատամի մածուկների ու ողողման համար նախատեսուած միջոցների մէջ յաճախ պարունակում են բաղադրիչներ, որոնք վնասակար են: Դրանք են՝
1. Նատրիումի լաուրիլ սուլֆատ եւ լաուրեատսուլֆատ (sodium lauryl sulfate, SLS),
2. Նատրիումի կոկոսուլֆատ (sodium coco sulphate, SCS),
3. Ֆտոր (fluoride),
4. Տրիկլոզան (triclosan)
5. Ալիւմինի լակտատ (aluminium lactate)