ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Այսօր պիտի սկսենք աւանդական ձեւով. Ուրբաթ, Օգոստոսի 18ին, 2023 թ., երեկոյեան ժամը 7ին, «Լարք»ի կրթամշակութային կենտրոնի Էօժէնի եւ Գէորգ Քէշիշեան համերգասրահում տեղի ունեցաւ մի համերգ։ Մենակատարն էր հայազգի սոպրանօ երգչուհի Շուշիկ Պարսումեանը, ում դաշնամուրով նուագակցում էր Եութայի համալսարանի երաժշտութեան բաժնի պրոֆեսորի պաշտօնակատար Սթիվըն Վանհաուերթը։
«Լարք»ի կողմից պատրաստուել էր գեղեցիկ մի բրոշիւր, ուր կար ամէն մի մանրամասնութիւն՝ համերգի ծրագիրը, Թագուհի Արզումանեանի ներածական խօսքը, կատարուող երգերի բնագրերն իրենց անգլերէն թարգմանութիւններով, կոմպոզիտորների մեծադիր նկարները, մասնակից արուեստագէտների ստեղծագործական կեանքն ու գործունէութիւնը։ Նաեւ կար «Լարք»ի շնորհակալական խօսքը համալիրում գործող Մշակութային թեւաշէնքի բարերարներին՝ իրենց անուններով, եւ յիշուած էին այն բոլոր ձեռնարկները, որ տեղի էին ունեցել նորակառոյց սրահում, 2023 թուականի Փետրուարից սկսեալ. դրանք թուով 20 հատ էին։
Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչ է նշանակում այս. Գլենդելի մի փոքրիկ հողակտորի վրայ, երկյարկանի շէնքում տեղաւորուել է մի հաստատութիւն, որ 6 ամիսների ընթացքում ներկայացրել է 20 ելոյթներ՝ կատարողական գործիքների, թատրոնի, պարի, ասմունքի, շրջանաւարտների, ու այդ բոլորն այդ օրը եզրափակւում էր փառայեղ համերգով՝ Շուշիկի մենահամերգը։ Յաջորդ օրն իսկ սկսւում էր «Լարք» երաժշտանոցի նոր ուսումնական տարին՝ 2023-2024։
Համերգն սկսուեց Թագուհի Արզումանեանի բացման խօսքով։ Ապա մեզ ներկայացան հետեւեալ կոմպոզիտորները՝ Պիեր Ադոլֆօ Տիրինդելլի, Ռիխարդ Շտրաուս, Տիգրան Մանսուրեան, Ռոմանոս Մելիքեան, Գուրգէն Ալեմշահ, Կոմիտաս, Գեղունի Չթչեան։ Հայ կոմպոզիտորները ներկայացուած էին երկու գործերով։
Բազմիցս անդրադարձել ենք Շուշիկ Պարսումեանի ելոյթներին. նրա շրջանաւարտութեան համերգը Հարաւային Քալիֆորնիայի համալսարանում, «Լարք»ի կազմակերպած բազմաթիւ համերգներում, օպերաների եւ օպերետների գլխաւոր հերոսուհիների մարմնաւորումը, առաւել՝ նրա մասնակցութիւնը իր ապրած եւրոպական երկրների երաժշտական խմբերի ելոյթներում։
Այդ օրը նա «Լարք»ում էր։ Համերգի ծրագրի գրքոյկում եղած Շուշիկ Պարսումեանի նկարի ետեւում զարմանալիօրէն յայտնուել էր Վաչէ Պարսումեանը։ Պատահական չէր այս համադրութիւնը։ Տարիներով՝ Գեղարուեստական երգի ներկայացման սկզբունքներ մշակած Վաչէն իր նկատառումները փոխանցել էր Շուշիկին, եւ մենք ունկնդրելու էինք այդ երգերի նորովի կատարումները՝ բոլորովին տարբեր մեկնաբանութիւններով։


Գրքոյկի ներածականում նշւում էր. «Գեղարուեստական երգի պոեզիան նպատակ ունի համառօտ խօսքով ներկայացնել հոգեվիճակ, իսկ երաժշտութիւնը հետեւում է բառերին գերագոյն հաւատարմութեամբ»։
Երբ լսում էինք երգչուհուն, զգում էինք այն բազմաշերտ վերլուծութիւնները, որ փոխանցուել էին Շուշիկին, եւ նա կարողանում էր արմատապէս համոզել ունկնդրին՝ երգերի կերպարների բացայայտման առումով։ Վաչէն ասել էր. «Երգերու կերպարները այնպէս պիտի ստեղծես, կարծես եթէ ձեռքդ երկարես, պիտի կարենաս բռնել զայն»։ Պարսումեան երգչուհին՝ արդէն իր կատարողական հմտութամբ, լեզուական իմացութեամբ, բեմական վարպետութեամբ դրանք տեղաւորելով ճոխ մի սկուտեղի վրայ, ներկաներին հրամցնում էր այդ, եւ բոլորս ըմբոշխնում էինք այն։
Հիմնական շեշտը դրուած էր բանաստեղծական խօսքի իմաստը կարեւորելուն, որն աւելի պիտի ամբողջանար մեղեդիով եւ դաշնամուրի հաւատարիմ նուագակցութեամբ։ Ուրիշ բան, որ այդ նուագակցութիւնները որոշ ստեղծագործութիւններում մեր սրտին մօտ էին, իսկ այլոց մէջ՝ չսպասուած անակնկալներ։ Ահա այս պարագաներում է, որ խօսքի յստակ ըմբռնման կարեւորութիւնը մեզ կապում էր այդ անակնկալներին, եւ մենք կարողանում էինք ընկալել կերպարը։
Գեղարուեստական երգի նորարութիւնները կարող էին կերպարանաւորուել միմիայն բարձր արհեստավարժ մակարդակի կատարման առկայութեամբ, որ երգչուհի Պարսումեանի մօտ ապահովուած էր ամբողջութեամբ։
Իտալացի Տիրինդելլին եւ գերմանացի Շտրաուսը երգւում էին իրենց բնագրերով։ Ապա յաջորդում էին՝ մերոնք։ Չարենցին եւ Իսահակեանին կերպարանաւորել էր Մանսուրեանն իր ոգեղէն, հայկական երաժշտութեան ընդերքներից բխող սովորոյթների նորովի դրսեւորումներով, եւ Շուշիկը կարողանում էր ցոյց տալ «իջնող տագնապը մութի», նաեւ՝ պատկերել «հէք գլխին շառաչող հողմերը»։
Ռոմանոս Մելիքեանի «Գիշերն Եկաւ»ից յետոյ (խօսք՝ Գ. Քեալաշեանի) հնչում էր փառայեղ «Շափաղ Կու Տաս»ը (խօսք՝ Աւ. Իսահակեանի) Շուշիկ Պարսումեանի նոյնքան փառայեղ մեկնաբանութեամբ. երգչուհին տալիս էր «շափաղի» այն փայլքը, որ տարածւում էր «բաղի միջին», այս պարագային՝ ողողելով գողտրիկ համերգասրահը։
Գուրգէն Ալեմշահի «Ես Սիրեցի»ն՝ գրուած Վահան Թէքէեանի համանուն բանաստեղծութեան վրայ, մի սիրազեղուն ներդաշնակութիւն էր երաժշտութեան հետ, եւ երգչուհին ուղղակի բեմադրում էր այն։ «Իղձ» երգի բանաստեղծութիւնը պատկանում էր Արշակ Չօպանեանին, հայ առաջին գրականագէտներից, որ Գրիգոր Նարեկացու ժառանգութիւնը վերլուծել էր որպէս գեղարուեստական ստեղծագործութիւն եւ նրան դրել էր համաշխարհային հսկաների կողքին։ Եւ Շուշիկը Չօպանեան-Ալեմշահ սինթեզը (համադրութիւնը) ներկայացնում էր մեզ՝ իր ստորագրութեամբ։ Երբեմն զարմանում ես. ապրում ենք, առանց գիտակցելու, թէ մեր աչքերի առջեւ կերտւում է մեր մշակոյթի պատմութեան շարունակութիւնը, մեր ազգային աւանդների պահպանմամբ եւ զարգացմամբ, իսկ մենք սովորական, առանց զգալու դրա յոյժ կարեւորութիւնը, դիտում եւ անցնում ենք, երբեմն միայն վաւերագրելով այդ անցուդարձը։
Հասնում ենք մեծն Կոմիտասին։ Շուշիկ Պարսումեանը բազմիցս հանդէս էր եկել կոմիտասեան ելոյթներով։ Ու ամէն անգամ դրանք ներկայացել են տարբեր խորութեամբ, միշտ աւելի հասունացած, յղկուած, իւրաքանչիւր անգամ նոր երանգաւորումով։ Այստեղ արդէն չկան խօսքի եւ երաժշտութեան տարբեր հեղինակներ։ Կոմիտասն ինքն է, հայ ռամիկն է, որ Կոմիտասով ամրագրուել է որպէս գեղարուեստական երգ։ «Ալագեազ Բարձր Սարին», «Ես Սարէն Կու Գայի» զոյգ երգերը հոգեհարազատ էին, ինչպէս միշտ։
Համերգի եզրափակիչ համարներն էին Գեղունի Չթչեանի «Մանուշակին« եւ «Արարատ» երգերը, Յովհաննես Շիրազի համանուն բանաստեղծութիւններով։ Անշուշտ որ «Լարք» երաժշտանոցի որեւէ ներկայացում, լինի դա աշակերտական ամենափոքրիկ ելոյթ կամ աշխարհահռչակ երաժիշտների համար կազմակերպած բեմական մեծ համերգ, պիտի եզրափակուեն հայութեան խորհրդանիշներով։ Այդ օրուանն էին՝ հայրենիքի սէրը եւ Արարատ լեռը. ըստ Շիրազի՝ մանուշակը չպիտի պոկուէր իր մայր հողից եւ դեռ երազ էր «այսքան մօտիկ եւ այսքան հեռու Արարատ լեռը»։
Առանց ընդմիջման ընթացող համերգը՝ անընդհատ փոփոխուող պատկերների յաջորդականութեամբ, երգչուհի Շուշիկ Պարսումեանը կարողանում էր պահել նոյն գծի վրայ, ինչին օգնում էր նրա արագ կերպարանափոխումը մէկ երգից միւսը, որ ունկնդրին մղում էր միշտ ունենալու հետաքրքրուածութիւնը յաջորդի նկատմամբ, եւ՝ դարձեալ յաջորդի։ Ունկնդիրների բուռն ծափերի տարափը պարտադրեց երգչուհուն կատարել մէկ համար եւս՝ իտալացի Տիրինդելլիի երգը։ Դաշնակահար Սթիվըն Վանհաուերթի անթերի նուագակցութիւնը համերգի յաջողութեան ամուր պատուանդանն էր, մանաւանդ հայկական երաժշտութեան հասկացողութեամբ եւ ըմբռնումով։
Աւարտուել էր համերգը։
Նորակառոյց սրահի բազմաթիւ հանդիսատեսները փոխադրւում էին «Լարք»ի համալիրի Թրպանճեան սրահ՝ հիւրասիրութեան եւ խորհրդածութեան իրար հետ, շարունակելով մտածելու այն մեծ վայելքի մասին, որ տրուած էր ներկաներին։
Հանգիստ էինք, քանի որ դեռ կենդանի է հայ մշակոյթը՝ այն ստեղծողը, ներկայացնողը եւ գնահատողը։