«Պարտադրւած խաղաղութիւնը խաղաղ գոյութիւն չէ, այլ՝ խաղաղ կործանում»:
ԱՆԴՐԱՆԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Վերջերս Հայաստանի Գրողների միութեան հրատարակչութիւնը ընթերցողների դատին է ներկայացրել Անդրանիկ Յարութիւնեանի «Բերդաձորի Անդրանիկ» ստեղծագործութիւնների ժողովածուն:
Արցախեան շարժման տարիներում ատրպէյճանցիները 5 միլիոն տոլար գլխագին էին սահմանել Բերդաձորի Անդրանիկին վերացնելու համար: Հակառակորդների նախանձն էր շարժել այն անհերքելի իրողութիւնը, որ հայ քաջորդին անառիկ էր դարձրել Բերդաձորը: Ատրպեճանական հեռուստաընկերութիւնները, տեղի բնակչութեան վրէժը արթնացնելու նպատակով, ցուցադրում էին Անդրանիկի աչքերը եւ ասում. «Այս աչքերը թուրքի արեան ծարաւ ունեն»: Մինչ այդ՝ 1990թ. Բերդաձորի ինքնապաշտպանութեան խորհրդի շտաբում իր ելոյթի ժամանակ, Անդրանիկ Յարութիւնեանն ասել է. «Մենք վրէժ ունենք, արեան վրէժ: Պէտք է աշխատենք ուժեղանալ: Աշխարհում միշտ ուժեղներն են տնօրինում ճիշդն ու արդարութիւնը»:
Անդրանիկը մէկ տարեկանում զրկուելով մօրից՝ մնացել էր մեծ ծնողների խնամքին: Վանեցի Գրիգոր պապը միակն էր, որ 1915թ. ջարդերի ժամանակ փրկուել էր 28 հոգանոց գերդաստանից, վերջիններիս փակել էին մի տան մէջ ու այրել: Ճեւտէթ փաշան հանել էր Գրիգորի աչքերը եւ նրան ծովը նետել: Անվերջ լսելով իր պապի պատմութիւնները՝ տղայի հոգում բոյն դրեց Եղեռնի ցասումը եւ հաշուեյարդար տեսնելու պահանջը: Անդրանիկը պապի դաժան յուշերը ներկայացրել է իր պատմուածքներում.
– Իսկ քեզ, կեաւուր, չեմ սատկացնի. դու պէտք է ապրես ու յիշես այս մարդահոտը, պիտի կուրանաս, եւ այս կրակից բացի՝ ոչինչ չտեսնեն քո աչքերը աշխարհում: Եւ դառնալով զինուորներին՝ հրամայեց.
– Հանել սրա աչքերը եւ թող գնայ…
… Արիւնը լերդ-լերդ չորացել էր աչքաբներում, ամէն ինչ մութ էր, մութ, ուզեց արտասուել… (հատուած «Վանեցի Գրիգորը» պատմուածքից):
Հետագայում Անդրանիկը նկատել է տալիս. «Ես տեսել եմ ահաւոր, մեծ կարօտի շունչը մեր ընտանիքում, թէ ինչպէս կարօտած այդ ծերուկը գլուխը տմբտմբացնելով, գուցէ ինչ-որ ներքին բնազդով, միշտ երեսը շուռ էր տալիս դէպի Արաքս, դէպի գետի այն ափը…»:
Կեանքն այնպէս արեց, որ մէկ անձի մէջ խտացան շատ հզօր կերպարներ՝ լրագրող, գրող, քաղաքական գործիչ, զինուոր, որը անհրաժեշտ պահին գրիչը կարող էր փոխարինել զէնքով, զէնքը՝ գրչով:
«Նրա երակներում հոսում էր իր ցեղի ազնիւ արիւնը, ու մի օր պոռթկացող հոգին պիտի ժայթքէր: Արցախեան գոյամարտում չորս տարի մաքառէր, թրծուէր ու գրչի փոխարէն զէնքը գրկած՝ ոտքով կտրէր անցնէր Երազի ափ Բերդաձոր, ու ամբողջ աշխարհով մէկ տարածուէր «Բերդաձորի հանրապետութիւն» անունը՝ ահ ու սարսափի մէջ պահելով թուրքերին», գրում է Անդրանիկի այրին՝ տիկին Աստղիկը:
Անդրանիկը պաշտպանեց Արցախի այն հատուածը, որ նախադուռ էր հանդիսանում ՀՀ յետցամաքային կապ հաստատելու համար: Բերդաձորի պաշտպանութեամբ նա մէկ անգամ եւս յիշեցրեց Նժդեհի սխրանքը, որ կարելի է փոքրաթիւ ուժերով մեծաքանակ քոչուորներին յետ շպրտել եւ չթողնել, որ պղծուի սուրբ հողը:
Չորս տարի մարտական դիրքերում եղած գրողը 1992թ. մեկնեց ԱՄՆ՝ դիւանագիտական առաքելութեամբ: Հանդիպեց ամերիկեան քաղաքական գործիչների հետ: Այս զրոյցների ժամանակ Ա. Յարութիւնեանը ազգային քաղաքական հարցեր էր քննում, այս քաղաքական այրերին բացատրում էր հայ ազգային-ազատագրական պայքարի էութիւնը:
1991թ. ատրպէյճանցիների հայաթափման ծրագրում Գետաշէնից յետոյ Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինուորները գերուեցին եւ Պաքուի Բայլովեան բանտում դատապարտուեցին գնդակահարութեան: ԱՄՆում ՄԱԿի շէնքի մօտ ցոյց կազմակերպուեց, եւ Անդրանիկի հանդիպումը Ճորճ Պուշի հետ տուեց ցանկալի արդիւնք՝ գնդակահարութիւնն յետաձգուեց եւ Կարմիր խաչին յանձնարարուեց այցելել Պաքուի բանտ, իսկ Ատրպէյճանի նախագահ Մամէտովին՝ կանխել գնդակահարութիւնը:
Անդրանիկը հանդիպումներ ունեցաւ նշանաւոր մարդկանց հետ, եղաւ Վարազ Սամուէլեանի արուեստանոցում, եւ Վարազի հետ այցելեց Անդրանիկ զօրավարի յուշարձանին, եղաւ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր Դրոյի այրին՝ տիկին Գայեանէն նրան նուիրեց Դրոյի գիրքը եւ ձայներիզը:
Այդ ձայներիզում Սիմոն Վրացեանը, Դրոն եւ մէկը (որ չգիտէր նաեւ տիկին Գայեանէն), պատմում էին Բաշ-Ապարանի կռիւների մասին: Եւ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992թ. հնչեց հայկական հեռուստաէկրանից: Դրոյի այրին՝ տիկին Գայեանէն, Անդրանիկին ասել էր. «Եթէ Դրոն ողջ լինէր, թէկուզ սատանայի հետ դաշինք կը կնքէր, միայն թէ Հայաստանը փրկած լինէր»:
Նա երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցաւ ելոյթներ, եւ դրամահաւաքի աշխատանքը, որպէս օգնութիւն Արցախին, բաւական մեծ յաջողութեամբ պսակուեց: Բոլոր թերթերն էլ արձագանգեցին: Վարդգէս Պետրոսեանն ասել է. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարուած եւ հիացած է Անդրանիկով…»
ԱՄՆ կատարած այցի ժամանակ նա հանդիպել է 1982թ. Լոս Անճելըսում թուրք հիւպատոս Քեմալ Արիքանի սպանութեան մէջ ամբաստանուած, ցմահ ազատազրկութեան դատապարտւած Համբիկ Սասունեանի հետ: Աւելի ուշ Համբիկը գրել է. «Կեանքիս մէջ ես ոչ մէկուն չեմ հանդիպած կամ կարդացած մէկու մը մասին եւ ուզած նմանիլ իրեն, մինչեւ Անդրանիկին ծանօթանալս: Միայն ուզած էի ըլլալ Դանիէլ Վարուժանի նման: Սակայն, Անդրանիկը ինծի համար շուտով դարձաւ երկրորդ նշանաբանը կեանքիս» («Ասպարէզ», 1992թ.): Աւելին՝ նոյն թուականին ԱՄՆում մարդու իրաւունքների պաշտպան Անտրէ Սախարովի յուշամետալն Անդրանիկին է յանձնել Սախարովի այրին՝ Ելենա Պոնըրը:
Վաղեմի զինակից ընկերը՝ դերասան Ամիրան Գալստեանը յիշում էր, որ խորհրդային տարիներում Անդրանիկը եղել է մի ընդյատակեայ կազմակերպութեան անդամ, որը զբաղւում էր Հայ Դատի, ԼՂՀի ինքնորոշման հարցերով, նա առաջին հացադուլաւորների շարքում էր:
Անդրանիկը պատերազմից փառքով վերադարձաւ, բայց ճակատագրի անմեկնելի հեգնանքը 1992թ. Օգոստոսի 28ին Արտաշատից Երեւան վերադառնալիս տեղի ունեցած ինքնաշարժի արկածն էր, որ խլեց Անդրանիկի՝ Բերդաձորի Իշխանի կեանքը: Պատմութիւնը բազմիցս ապացուցել է, որ իրական հերոսները մահ չունեն: