Ռիմա Եսայեան


Արդէն մէկ դարից աւել է Ապրիլի 24ը մեզ համար դարձել է Ցեղասպանութեան անմեղ նահատակների խնկարկման, բայց նաեւ յարութեան ու յարատեւման օր, որովհետեւ համայն մեր ժողովուրդը աշխարհի չորս ծագերում ոգեկոչում է անմեղ զոհերի սուրբ յիշատակը:
Այս տարի լրանում է Մեծ Եղեռնի 107րդ տարելիցը: Թուրքական կայսրութեան` հայերի զանգուածային սպանութեան ծրագիրը ի չիք է դարձել, որովհետեւ այսօր հայն ապրում եւ արարում է, բացում ու ընդլայնում է հայկական դպրոցներն ու զարգացնում հայ մշակոյթը: Հայն ստեղծում, շարունակում է ապրել ու իր բողոքի ձայնը բարձրացնել աշխարհի անտարբեր լռութեան համար:
Այս ամէնի վկան աշխարհասփիւռ հայ մանուկի` հայերէնով բարբառելու փաստը, ոսկեղենիկ մայրենիով հայ մանչուկի ազնիւ պայքարը` յանուն պատմական արդարութեան վերականգման:
Այս գիտակցութեանն ու իր կոչմանը հաւատարիմ, Ապրիլի 23ին, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի աշակերտները, ուսուցչական կազմը, տնօրէնութիւնը`գլխաւորութեամբ Յովհաննէս սարկաւագ Գումրույեանի, ինչպէս նաեւ ծնողներն ու հիւրերը հաւաքուել էին եկեղեցու բակում տեղակայուած Եղեռնի սուրբ նահատակներին նուիրուած յուշաքարի մօտ` ոգեկոչելու զոհերին:

Արարողութիւնն սկսուեց 6րդ դասարանի աշակերտ Ալեքս Նահապետեանի «Տէր Ողորմեա» շարականի սրտայոյզ հնչիւններով, որի ներքոյ սաները խոնարհումով մօտեցան Սրբոց Խաչքարին: «Հայ Մեր»ի աւանդական երգեցողութեանը յաջորդեց Հայաստանի հիմնը` 1-3րդ դասարանների աշակերտների կատարմամբ: Ապա հնչեցրին հայրենասիրական խմբակային երգեր` «Կարմիր, Կապոյտ, Ծիրանագոյն…», «Հայ Ենք Մենք» եւ այլն, որոնք ընդմիջւում էին 2-5րդ դասարանների աշակերտներ հայրենաշունչ բանաստեղծութիւններով:
Եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ եկեղեցու հովիւ Խաժակ քահանայ Շահբազեանը: Տէր հայրն սկսեց Քրիստոսի հրաշափառ յարութեան աւետիսով եւ յաւելեց, որ Աստծու շունչը պիտի լցուի երեխաներով, ովքեր իրենց նուիրուածութիւնն պիտի ներդնեն Աստծու սիրոյ ու հաւատքի մէջ: Ապա խնդրեց սուրբ նահատակների բարեխօսութիւնը` յորդորելով ներկաներին ապրել ու ապրեցնել մեր նախնիների յիշատակը:
Նման ոգեկոչումները ապացոյցն են այն բանի, որ հայի ոգին ամուր ու հաստատակամ է, եւ պատմական արդարութիւնը կիսատ չի մնայ, եւ պատմական հայրենիքի հանդէպ մեր սերունդների երազանքներն իրողութիւն կը դառնան:
Յաւէրժ փա՜ռք մեր բազմաչարչար ժողովրդի սրբադասուած նահատակներին, հայի անկոտրում ոգուն ու վաղուայ լուսառատ ապագայի: