ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ
Մեր պատմութեան դժուարին ու ճակատագրական պահերին, հայ կինը երբեք անմասն չի մնացել մեր գոյապայքարից` փաստելով հայուհու քաջութեան, հերոսութեան ու նուիրումի մասին: Շատ հայուհիներ են ֆիդայիների հետ կռուել թշնամու դէմ եւ կեանքի գնով պաշտպանել հայրենի հողն ու իրենց ձագերին: Թէեւ նրանց մասին տեղեկութիւններն այնքան էլ շատ չեն, սակայն որոշ դէպքերում յայտնի են նրանց սոսկ անունները եւ գործելու վայրերը: Այսպէս` Սարգիս Կուկունեանի խմբում կռուել է հերոսուհի Մաքոն, Գրիգոր Տէր Մկրտչեանի խմբում` Մարիամ Մակարեանը` Մարօն, Մաղզուանում` Մարինոսը, Գէորգ Չաուշի խմբում` Ալվառինջցի Խանիկը, Տուրբախի կինը՝ Ագապին, այլ առիւծասիրտ հայուհիներ: Սրբանուն այս հայուհիներից ամենայայտնին, սակայն, Սօսէ Մայրիկն է` Աղբիւր Սերոբի քաջազուն կինը:
Սասունի Նեմրութ լեռան փէշերին գտնուող Թեղուտ գիւղում, տէր Մարգար Դրօ-Աստանտուրի հարկի տակ է ծնուել Սօսէն: Բազմանդամ ընտանիքի դեռատի դուստրը տակաւին տասներեք տարեկան էր, երբ սասունցի հայերի դրուածքի համաձայն` ծնողները ցանկանում են այդ տարիքում ամուսնացնել Սօսէին: Բայց ճակատագիրը նրան այլ բախտ էր տնօրինել` կեանքը կապել քաջասիրտ հայդուկի` Խչէենց Սերոբի հետ: Նա էր իր երազանքի ասպետը, որի հետ ուս ուսի մարտնչելու էր հայրենի լեռներում` արժանանալով ժողովրդական սիրոյ ու մեծարանքի: Դա է վկայում նրա անուանն յարադիր Մայրիկ պատուանունը:
1898ի Բաբշէնի կռուից յետոյ Սօսէն ամուսնու հետ ապաստանել էր Սասունում: Յաջորդ տարի նրանք Գելիէգուզան գիւղում էին ամբողջ ընտանիքով: Ինչ իմանար սարերի ասլան ֆիդային, որ մատնութեամբ տեղեկացուել է թուրքերին իր հանգրուանավայրը. 2000 թուրք եւ քուրդ զինուորներ շրջապատել էին Գելիէգուզանը: Իսկ մինչ այդ Հուսէյն էֆենդուց կաշառուած Գեղաշէն գիւղի ռես Աւեն, որ վստահութիւն ձեռք բերելու նպատակով արդէն մի քանի անգամ ուտեստեղէնով ու ուրախութեան ժպիտը դէմքին այցելել էր հայդուկապետին, հասցրել էր անել իր սեւ գործը` սպանիչ թոյնով պատուհասել էր նրան: Թշնամին, տեսնելով Սերոբի անօգնական վիճակը, յարձակւում է գիւղի վրայ: Իսկ Սերոբն ընդամէնը իր տասներկու զինուորների, կնոջ ու զաւակների հետ էր: Անհաւասար կռւում զոհւում են Սօսէի զինակից ընկերն ու ամուսինը, որդին` Յակոբը, Սերոբի երկու եղբայրները` Մխեն եւ Զաքարը:
Քաջասիրտ հայուհին վերցնելով ամուսնու հրացանը, շարունակում է մարտնչել, սակայն վիրաւորւում է եւ այդ վիճակում տարւում Բիթլիս, բայց կարճ ժամանակ անց ազատւում է բանտից: Մինչ այդ Բշարէ Խալիլը կտրում է իրենց սարսափը դարձած Սերոբի գլուխը եւ հայերին ահաբեկելու նպատակով ձողի վրայ Սասունի լեռներից հասցնում մինչեւ Բաղէշ…
Այդ անդառնալի կորուստն ու դաւաճանութիւնն արիւնապիղծ Աւէի, նրա ընտանիքի բոլոր անդամների կեանքերով էին հատուցուելու: Հատուցուելու էին Անդրանիկ զօրավարի եւ Գէորգ Չաւուշի ձեռամբ: Նոյն բախտին էր արժանանալու նաեւ իր ստոր արարքով յայտնի թուրքը` Բշարէ Խալիլ պղծանուամբ փաշան:
1904ի Սասունի յայտնի ապստամբութիւնից յետոյ, Սօսէ Մայրիկը տեղափոխւում է Վան, այնուհետեւ` Կովկաս: Ասենք, որ նրա միւս զաւակը` Սամսոնը, զոհւում է Կարինում` ջարդերի ժամանակ:
1920ի վերջերին, հարազատներին կորցրած հերոսուհին տեղափոխւում է Կոստանդնուպոլիս, ապա հաստատւում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այստեղ էլ ութսունհինգ տարեկան հասակում հրաժեշտ է տալիս աստանդական իր կեանքին:
Բայց սրբացած նրա աճիւնը չէր մնալու օտարութեան մէջ` 1998ին այն տեղափոխւում է հայրենիք եւ ամփոփւում Եռաբլուրի բարձունքին` մայրութիւն անելու երկնային թագաւորութեան արժանացած բազմահազար իր զինուոր-զաւակներին…
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»