ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- 81 տարեկանին մահացաւ գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թօփչեան: Լուրը հաղորդեցին կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան նախարարութենէն:
«Անգնահատելի է նրա աւանդը հայ գրականութեան նորագոյն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթօնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միութեան երկաթէ վարագոյրները` երեւան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրուած եւ ճանաչուած է ոչ միայն գրական շրջանակներում, այլեւ հասարակութեան լայն շերտերում: Մեծ է Ա․ Թօփչեանի ներդրումը նաեւ կինոաշխարհում: Սցենարական մշակման ճգնաժամային մի ժամանակահատուածում, որպէս գլխաւոր խմբագիր աշխատելով «Հայֆիլմ»ում, նա կարողացաւ աշխատանքը բերել կանոնական հունի: Դիտելով 1975-85 թթ. նկարահանուած ֆիլմերը` անհնար է չտեսնել նրա ձեռագիրը. «Երկունք», «Կեանքի Լաւագոյն Կէսը», «Մեր Մանկութեան Տանգոն», «Հին Օրերի Երգը»: Յաջողութեան գաղտնիքը գրականութիւնը կինոյի հիմքում պահելու նրա անխախտ սկզբունքն էր: Ակնառու է Ա․ Թօփչեանի աւանդը նաեւ թարգմանութեան ասպարէզում: Նրա շուրջ ութ տասնեակ թարգմանութիւնների շնորհիւ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամիւզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի եւ տասնեակ այլ ֆրանսագիր հեղինակների գրականութեանը: Անուանի գրաքննադատը, արձակագիրը, թարգմանիչը հայ ընթերցողներին է ներկայացրել նաեւ հայազգի օտարագիր եւ սփիւռքահայ գրողներին. Վահէ Քաչա, Ժան-Բատիստ Բարոնեան, Վահէ Գոդել, Վազգէն Շուշանեան, Զահրատ, Զարեհ Խրախունի եւ ուրիշներ: Ա․ Թօփչեանն առանձնայատուկ սէր էր տածում արեւմտահայ բանաստեղծ Ռուբէն Սեւակի գրականութեամբ նկատմամբ, որն արտայայտուել է նրա երկերի հատորների հրատարակութեան պատրաստմամբ ու լոյսընծայմամբ: Գրողի հանդէպ այդ սիրոյ շարունակութիւնն է նաեւ նրա «Եւ Անգամ Մահից Յետոյ» վէպը, որն արժանացել է մրցանակի: Յաջող էր նաեւ Ա․ Թօփչեանի ստեղծագործական գործունէութեան վերջին պտուղներից մէկի` «Բանկ Օտոման» վէպի համաշխարհային ճամբորդութիւնը: ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ վէպն արտերկրում հրատարակուել է մի քանի լեզուներով: Նախարարութեան դրամաշնորհով ստեղծուել եւ վերջերս լոյս են տեսել նրա «Որոգայթ» վէպը եւ Ժորժ Ռոդենբախի «Մշուշների Ճախարակը» ստեղծագործական ժողովածուն` ֆրանսերէնից թարգմանութեամբ», կ՛ըսուի նախարարութեան յայտարարութեան մէջ։
Ա․ Թօփչեան Ֆրանսիայի կառավարութեան կողմէ արժանացած է «Արուեստների եւ գրականութեան սպայի շքանշան»ին: