
Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը հանդիսանում է բազմաթիւ հանրապետական, միջազգային ու համաշխարհային մրցոյթների յաղթող: Պատուով է ներկայացնում Հայաստանն ու հայ մշակոյթը ու միշտ փայլում իր բարձր կատարողական արուեստով:
2020ին կայացած համաշխարհային World Folk Vision Global Cultural Initiative մրցոյթ փառատօնում գրանցել է պատուաւոր յաղթանակ` արժանանալով Գլխաւոր մրցանակի, աշխարհի ժողովուրդների երաժշտութիւն անուանակարգում: Սա շատ կարեւոր ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ պատմութեան մէջ հայկական քանոն նուագարանը Սայաթ-նովայի «Էշխեմեդ»ով` Մարիաննայի հոգեզմայ կատարմամբ յաղթանակ գրանցեց:
Մարիաննան իր մասնակցութիւնն է ունեցել մի փառատօնի, որը նուիրուած է եղել տաբլայի վարպետ Սթալվարդ Փանդիտ Չատուրի 95ամեակին Հնդկաստանում: Այնուհետեւ քանոնահարուհուն առաջարկում են մասնակցել միջազգային մրցոյթի:
Օրեր առաջ Հնդկաստանում կայացած միջազգային մրցոյթում Գէորգեանը արժանացել է առաջին եւ յատուկ մրցանակների: Մրցոյթին մասնակցել են 200ից աւել երաժիշտ բազմաթիւ երկրներից: Մեր հայրենակցուհին միակ մասնակիցն է եղել, ում յատուկ մրցանակ են շնորհել:
Ապրելով ու ապրեցնելով հայ մշակոյթը, նա ջանասիրաբար փորձում է ինքնուրոյն քայլեր ձեռնարկել օտար ազգին ներկայացնելու ազգայինը, մեր անգին գոհարները: Մարիաննան ոչ միայն ինքն է ներկայացնում այլ ազգերին հայ երաժշտութիւնն ու մշակոյթը, այլ նաեւ այլ ազգի երաժիշտներին է սովորեցնում ու իրենց հետ ներկայացնում: Քանոնահարուհին համավարակի ընթացքում իրականացրել է մի նախագիծ, որի բուն նպատակն է եղել, որ «աշխարհը նուագի ու երգի հայերէն»: Երաժիշտը նախագծի շուրջ համախմբել է աշխարհի 30 տարբեր երկրներից մասնակիցներ, որոնք նուագել ու երգել են բացառապէս հայկական երգ-երաժշտութիւն, իրենց ազգային ու բացառիկ նուագարաններով : Օտարերկրացիներին հետաքրքրել է ոչ միայն երաժշտութիւնը, այլեւ Հայաստանը:
Գէորգեանը նուագել է հնդիկ, չինացի, ֆրանսիացի, նիգերիացի, ճապոնացի, անգլիացի, ամերիկացի, աւստրալիացի, մեքսիկացի, եգիպտացի, իտալացի, պարսիկ, գերմանացի, շուէդ, չեխ երգիչ-երաժիշտների հետ միայն հայկական երաժշտութիւն:
Մի կարեւոր նախագիծ եւս իրականացրել է քանոնահարուհին` «Սարի աղջիկ»ը: Գլխաւոր նպատակը, որ այս երգը օտար ազգը ընկալի որպէս հայկական, քանի որ փաստացի նոտաները Կոմիտասի ձեռագրով են գրառուած 1913ին, Սուրմալու գաւառում: Ըստ Գէորգեանի, մեծ ոգեւորութեամբ են համաձայնել իր երգիչ, երաժիշտ ընկերները իրականացնել այն: Միացել են Անգլիայից, Մեքսիկայից, Թունիսից, Իրաքից, Հնդկաստանից, Մարոկկոյից, Ճապոնիայից, Կանադայից, Աւստրալիայից, Բանգլադեշից, Ամերիկայից:
Ազգային մշակոյթը պահպանելու եւ զարգացման գործում նպաստելու համար նրան են շնորհել Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Սայաթ Նովայ» մեդալ, Ոստիկանութեան միջազգային միութեան կողմից մեդալ, «Ալմաստ» մշակութային կենտորնի կողմից՝ «Նաղաշ Յովնաթան» մեդալ: Բազմաթիւ հասարակական կազմակերպութիւնների կողմից ստացել է շնորհակալագրեր ու պատուոգրեր, միջոցառումներին քանոնով իր շքեղաշուք կատարումները նուիրելուն համար: Համամարդկային երաժշտի բարձր արուեստից ոգեշնչուած նրան են ձօնուել բազում բանաստեղծութիւններ։
Գէորգեանի քանոնը չի լռել անգամ պատերազմի օրերին, երբ կեանքի ու մահուան կռիւ էր գնում, այն հնչել է, որպէս աղօթք, որպէս կեանքի փարոս:
Գէորգեանը սովորել ու աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցը, իսկ ներկայումս Կոմիտասի անուան սենեկային երաշտութեան տան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի (գեղարուստական ղեկավար՝ Ս. Երկանեան) մենակատար քանոնահարուհին է: