Վարեց՝ ԱՆԻ ԳԷՈՐԳԵԱՆ
ԵՐԵՒԱՆ.- «Հայրենիքի փրկութեան շարժում»ի համակարգող, ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան «Թերթ»ի հետ ունեցած զրոյցին ընթացքին դիտել տուաւ, որ Նիկոլ Փաշինեան չէ ուզած արտահերթ ընտրութիւններ իրականացնել, պարզապէս կեղծ օրակարգով փորձած է շեղել, խաբել հանրութիւնը` աթոռին կառչած մնալով: Ան շեշտեց, որ իշխանութիւնները պիտի չմարսեն իրենց դաւաճանական գործողութիւնները.
«ԹԵՐԹ».- Պարո՛ն Սաղաթէլեան, իշխանութիւնները հրաժարւում են արտահերթ ընտրութիւններ անցկացնել, ձեր կարծիքով սա ինչո՞վ է պայմանաւորուած:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Հիմնական արտահերթ ընտրութիւններ անցկացնելու գաղափարից հրաժարուելու 3 հիմնական պատճառ կայ: Առաջինը` հասկացել են, որ ընտրութիւնների միջոցով վերարտադրուելու շանս (հնարաւորութիւն-Խմբ.) չունեն. պարզապէս անհնար է: Երկրորդ` հասկացել են, որ արտահերթ ընտրութիւնների դէպքում իրենց թիմի հետ եւս խնդիրներ են ունենալու, որովհետեւ խորհրդարանում բախտի բերմամբ յայտնուած պատգամաւորների մեծ մասը մանդատը (պաշտօնը-Խմբ.) կորցնելու է: Երրորդ` մտածում են` կարելի է շարունակել ժողովրդին խաբել, լռեցնել եւ այս ամէնը մարսել: Այս պատճառներով որոշել են ուժի միջոցով պահել իշխանութիւնը եւ հրաժարուել նաեւ այդ մտքից, բայց չարաչար սխալւում են:
«ԹԵՐԹ».- «Իմ Քայլը» յղում է անում ժողովրդին. ասում են` պահանջ չկայ, խորհրդարանական ընդդիմութիւնն էլ հրաժարուեց:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Ինձ թւում է` հարցումը ՔՊ («Քաղաքացիական Պայմանագիր») շրջանակում են արել, մասնաւորապէս իրենց խմբակցութեան ներսում, այլ դէպքում կը հասկանային հասարակական իրական պահանջ կա՞յ, թէ՞ ոչ:
«ԹԵՐԹ».- Պարո՛ն Սաղաթէլեան, այլ վախեր չէ՞ք տեսնում, շատերը նշում են, որ դա կարող է պայմանաւորուած լինել նաեւ երկրորդ նախագահի յայտարարութիւնով, որ ընտրութիւններին մասնակցելու է եւ վստահաբար յաղթելու է:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Եթէ յիշում էք, մենք մի քանի անգամ ասել ենք, որ աթոռին կառչած անձը փորձում է օրակարգը շեղել. ինքը մտադրութիւն չունէր արտահերթ ընտրութիւնների գնալ, կրկնեմ` լաւ հասկանում է, որ վերարտադրուելու շանս չունի: Այս իմաստով գնահատել է իրավիճակը, հաւանական մասնակիցներին ու փորձելու է կառչած մնալ աթոռից, խուսափել պատասխանատուութիւնից:
«ԹԵՐԹ».- Դուք ասացիք, որ չի ստացուելու ժողովրդին խաբել, բայց ի՞նչ է արուելու, այդպէս չլինի. տեսնում ենք, որ հասարակութեան ներսում կան նաեւ այնպիսի անձեր, ովքեր այսքանից յետոյ փորձում են արդարացնել Նիկոլ Փաշինեանին:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Սովորաբար պոպուլիստները (ամբոխահաճ անձերը-Խմբ.) սեփական ժողովրդին խաբում են մէկ անգամ, բայց երկրորդը չի ստացւում: Իրենք, թաքնուելով ժողովրդի թիկունքում, անընդհատ խօսելով ժողովրդի անունից` փորձում են տպաւորութիւն ստեղծել, որ ամէն ինչ լաւ է, պահանջ չկայ հեռացման ու դրանով նաեւ փորձելով հասարակութեանը մասնակից դարձնել իրենց խայտառակ դաւաճանական պրոցեսին (գործընթացին-Խմբ.):
«ԹԵՐԹ».- Պարո՛ն Սաղաթէլեան, ընդդիմադիրները մեծամասամբ նշում էին, որ Նիկոլ Փաշինեանի վարչապետութեան պայմաններում արտահերթ ընտրութիւնների չեն գնալու, առաջարկում էք ժամանակաւոր կառավարութիւն ստեղծել, դրանից մէկ տարի յետոյ էլ գնալ ընտրութիւնների: Հիմա պահանջները նո՞յն են, ի՞նչ էք անելու:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Ուզում եմ յստակ մէկ անգամ եւս յիշեցնել, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այդ թւում խորհրդարանական դէմ չի եղել արտահերթ ընտրութիւնների անցկացմանը, այլ ընդհակառակը` ներկայացրել են դրա պահանջը եւ անհրաժեշտութիւնը` միաժամանակ նշելով դրան հասնելու շատ յստակ ճանապարհային քարտէզը` հրաժարական, անցումային կառավարութեան ձեւաւորում, արտահերթ ընտրութիւնների անցկացում: Ընդդիմութիւնը մօտ 10 օր առաջ էլ վերահաստատել է իր պահանջը, օրակարգը, ճանապարհային քարտէզը: Հետեւաբար` մեր մօտեցումների մէջ ոչինչ չի փոխուել: Պայքարը բոլոր ուղղութիւններով շարունակւում է, Փետրուարի 20ին ունենք նշանակած մեծ հանրահաւաք: Լինելու են երթեր, ցոյցեր, անհնազանդութեան տարբեր ակցիաներ (գործողութիւններ-Խմբ.): Կրկնեմ` եթէ իրենց թւում է` մարսելու են իրենց դաւաճանութիւնը կեղծ օրակարգերով շեղելով, հանրութեանը խաբելով, ուժով իշխանութիւնը պահելով սխալւում են:
«ԹԵՐԹ».- Մինչեւ ընդդիմութիւնն ասում է, որ օրակարգում ոչինչ չի փոխուել, հանրահաւաքներ է իրականացնում, շարունակում են մտահոգիչ գործընթացները թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի սահմանային բնակավայրերում:
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ.- Նոյեմբերի 9ից սկսած, դեռ դրանից առաջ էլ բազմիցս ասել ենք, որ այս մարդկանց իշխանութեան մնալու ամէն մէկ օր աւելի կորուստ է մեր հայրենիքի համար: Այո, քանի դեռ գոյութիւն ունի այս չարիքի կառավարութիւնը որեւէ լաւ բանի սպասել անհնար է: Իշխանութեան խմբակը մեղմ ասած ի վիճակի չէ պահել ժողովրդի շահերը, այլ ընդհակառակը` տպաւորութիւն է, որ սպասարկում է թշնամի երկրի շահերը: