ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Քննադատներու կողմէ ողջունուած «Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարը ներկայացնում է՝ «Սիրտ, որ երգում է» խորագրով համերգը՝ Նոյեմբերի 3ին, Լոս Անջելեսի կենտրոնի «Զիփեր Հոլ» համերգասրահում։
Հայ դասական երաժշտութեան ապրող յօրինող Տիգրան Մանսուրեանի ծանրակշիռ ստեղծագործութեան ամերիկեան առաջին լսումն է գլխաւորում համերգը, ուր նաեւ պիտի հնչեն Լոս Անջելեսում ապրող յօրինողներ Արտաշէս եւ Աշոտ Քարթալեանների նոր գործերը, ինչպէս նաեւ սենեկային երաժշտութեան ծրագրի սիրելի գլուխ գործոցը՝ Եոհաննէս Բրահմսի «Լարային վեցեակ թիւ 2»ը։
Համերգին մասնակցում է UCLA-ից մեցցօ սոփրանօ Դանիէլ Սեգանը, «Վեմ» լարային քառեակի իր անդամակիցների հետ՝ ջութակահարներ Ջի Եուն Հուանգ եւ Աիքօ Ռիխտեր, ջութահար Մորգան Օշոգնեսի եւ թաւջութակահար Ջէյսոն Փեգիս։ Մասնակցում են նաեւ անուանի երաժիշտներ Ռոբերտ դը Մէյնը («LA Philharmonic»ի գլխաւոր թաւջութակահար), Մովսէս Պօղոսեանը («Դիլիջան»ի գեղարուեստական ղեկավար եւ UCLA-ի ջութակի պրոֆեսոր) եւ Վարդի Մանուէլեանը («LA Philharmonic»ի ջութակահար)։
Համերգը պիտի ընդգրկի նոյնպէս նախնական առանձին ներկայացումը՝ «Ելեւէջային Մանեակ» («Modulation Necklace») հայկական երաժշտութեան CD-ի՝ «Naxos»ի «Նոր կիզակէտ ձայնագրութիւններ» շարքից, UCLA-ի «Վեմ» համոյթի կատարմամբ։
«Դիլիջան» համերգաշարի յոբելենական 15րդ տարեշրջանը ներկայացնում է հնի եւ նորի, ճանաչուածի եւ չճանաչուածի հրաշալի մի հաւաքածոյ։ Արեւմտեան դասական երաժշտութեան՝ Բեթհովենի, Բրամսի, Շուբերտի եւ Հայդնի սիրուած գլուխ գործոցները պիտի կատարուեն կողք-կողքի Կոմիտասի, Յարութիւնեանի, Մանսուրեանի, Շարաֆեանի եւ այլ հայ հեղիկաների գործերի հետ։ Բացի «Դիլիջան»ի վերադարձող սիրելի արուեստագէտներից, ինչպիսիք են երգչուհիներ Թոնի Առնոլդը եւ Շուշիկ Պարսումեանը, դաշնակահար Ստիվըն Վանհաուերթը, ջութահար Պոլ Քոլեթթին, թաւջութակահարներ՝ Անտոնիօ Լիսին, Քլայվ Գրինսմիթը եւ Փիթըր Ստամփֆը, համերգաշարը պիտի ողջունի մի շարք երաժիշտների առաջին ելոյթը «Դիլիջան»ի համերգներում։ Նրանք են՝ «LA Philharmonic»-ի հոբոյահար Անն Գաբրիէլը, նշանաւոր դաշնակահար եւ «Yellow Barn» փառատօնի գեղարուեստական ղեկավար Սեթ Քնոփը, կանադացի ջութակահար-ջութահար Սքոթ Ս. Ջոնը, կլարնետահար Եասմինա Սպիգելբերգը (Շուէյցարիա), թաւջութակահար Եոշիկա Մասուդան (Ճապոնիա), այլոց կարգին։ «Դիլիջան»ի այս համերգաշրջանի երեք պատուիրուած գործերի հեղինակներն են Մարտին Ուլիխանեանը (Տիգրան Մանսուրեանի ֆիլմերի համար գրած երաժշտութեանը ի պատիւ), Դան Սեջուիգը, ինչպէս նաեւ պիտի ներկայացուի Ալիք Պարսումեանի նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, որի անդրանիկ ցուցադրութիւնը ընթանալու է Վագների «Տրիստան եւ Իզոլդա» օպերայից նախերգանքի Պրելիւդի կենդանի կատարման ուղեկցութեամբ։
Հիմնադրուելով 2005ին, «Լարք» երաժշտական ընկերակցութեան անդամների կողմից (հիմնադիր տնօրէն Վաչէ Պարսումեան), «Դիլիջան» համերգաշարը նուիրուած է ցուցադրելու արեւմտեան դասական սենեկային երաժշտութեան աւանդական գլուխ գործոցները, ինչպէս նաեւ գոհարներ՝ հայկական երաժշտութեան գանձարանից։ Նոր երաժշտութեանը ուժգին հաւատացող համերգաշարը իր հիմնադրութեան օրուանից պատուիրել եւ ներկայացրել է արդէն 54 գործեր։
Յաւելեալ տեղեկութիւնների եւ տոմսերի համար կը խնդրուի այցելել
www.dilijan.larkmusicalsociety.org. կայքը։ Կան ընդարձակ վճարովի կանգառներ, ներառեալ «Disney Hall»ինը, «Քոլբըրն» դպրոցի դիմացի փողոցը։
Նախորդ տարեշրջանների կատարումների լայն ընտրութիւնը վայելելու համար՝ այցելէք «Դիլիջան»ի www.youtube.com/user/DilijanMusic կայքը։
(Թղթակցութիւնը՝
«Դիլիջան»էն)