ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Եգիպտացի մի խումբ լրագրողներ, որոնք Հայաստան են այցելել Սեպտեմբերի 17-24ը, իրենց տպաւորութիւնները արտայայտել են տասնեակ յօդուածներով, որոնք լոյս են տեսնում եգիպտական առաջատար մամուլի էջերում: Այս մասին «Արմէնպրէս»ին տեղեկացրին Հայ Դատի Եգիպտոսի յանձնախմբից:
Ըստ աղբիւրի՝ հանրածանօթ լրագրող եւ գրող Սայիդ Մահմուդի «Անուշի Արցունքները Երեւանում» վերտառութեամբ յօդուածը լայն տարածում է գտել եգիպտական լրատուամիջոցների եւ կայքերի էջերում:
Ներկայացնում ենք յօդուածի՝ Հայ Դատի Եգիպտոսի յանձնախմբի տրամադրած թարգմանութիւնը.
ԱՆՈՒՇԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Կեանքումս չեմ տեսել հայերի պէս մէկ ուրիշ ազգ, որ իր քաղաքակրթական յիշողութեան մէջ այդքան վստահ լինի: Մայրաքաղաք Երեւանում հանդիպածս ցանկացած քաղաքացի կենդանի մարմնացումն է «պատմութիւն, որ կրում եմ ուսերիս» արտայայտութեան, ինչպէս իր յայտնի «մեմուար»ները (յուշերը) վերնագրել է ամերիկեան սոցիոլոգ (ընկերաբան) Ուիսը: Բոլոր պատմութիւնները, որ լսեցի այստեղ, ինձ տեղափոխեցին անցեալ այն պատկերներով, որոնք մարդիկ վերականգնում են իրենց առօրեայ կեանքում, ասես թէ ընտրել են, որ պատմութիւնը պիտի կենդանի մնայ, եւ նրանք գիտակցաբար որոշել են դէմ գնալ պատմական կաղապարուած պատումներին: Սփիւռքում ունեցած փորձը նրանց բոլորին դարձրեց տառապանքի յիշողութեան զոհ, սակայն նրանք դրա գերին չդարձան:
Անկախութիւնից մօտաւորապէս 30 տարի յետոյ հայերը յստակ քայլերով ընթանում են դէպի ապագայ: Նրանց դուր է գալիս, երբ իրենց ասում են՝ «դուք խոստումնալից ազգ էք»: Միեւնոյն ժամանակ նրանք աւելի շատ կ՛ուրախանան, եթէ ասես՝ «դուք հին ազգ էք»: Հայ երիտասարդները չեն դադարում իրենց պատմութիւնը սովորել, իսկ ինչ վերաբերում է Սփիւռքում ապրող մեծահասակներին, ապա նրանք չեն կտրում իրենց կապը մայր հայրենիքի հետ: Նրանք նպատակ ունեն յետ բերել եւ վերահաստատել անցեալը, որովհետեւ այն պայքարը, որ իրենք են վերապրել, եղել է լոկ յիշողութեամբ:
Երեւանում անցորդը չի կարող չնկատել մարդկանց հիացմունքը գրականութեան, երաժշտութեան, երգերի եւ լեզուի հանդէպ, որոնք նրանք դիտարկում են որպէս գոյութիւն կամ ջիղ, որի կարիքը ունի իր արմատներով պատմութեան խորքերը գնացող ազգը: Կառավարութիւնը շատ տարիներէ ի վեր իրականացնում է մի ծրագիր, որը նման է «Այստեղ ապրել է» ծրագրին, որը ձեռնարկեց մեր մշակոյթի նախարարութիւնը, եւ քաղաքում տարածուեցին հարիւրաւոր յուշատախտակներ՝ տների պատերին ամրացուած, եւ մէջտեղումՀայաստանի պատմութեան մէջ մեծ դերակատարում ունեցած գործիչների փորագրուած դէմքերը՝ սկսած ազգային երաժշտութեան հաւաքագրողից, այբուբենը ստեղծողից, ֆիլմերի հերոսներից մինչեւ անկախութեան առաջնորդները: Եւ այս բոլորն իրենց ներդրումն են ունեցել այս ազգի հոգեւոր պատմութեան կերտման գործում: Սա մէկ այլ դաս է, որ պէտք է սովորենք հայերից, ինչպէս որ պէտք է նրանցից սովորենք յիշողութիւնը պահպանելու ձգտում ունենալ:
Ցանկացած զբօսաշրջային ծրագրի առաջին քայլը սկսւում է Մատենադարան այցից, եւ այն, բացի իր գիտական նշանակութիւնից, նաեւ դարձել է զբօսաշրջիկների համար պարտադիր այցելութեան վայր: Մատենադարանը մշտապէս լեցուն է մարդկանցով, ովքեր չեն դադարում յիշարժան լուսանկարներ անել, եւ դրանով հայերն իրագործում են իրենց նպատակը՝ հաստատելու պատմական Հայաստանի իրական գոյութիւնը:
Ամենակարեւոր առաքելութիւնը Երեւան այցելութեան ժամանակ Ցեղասպանութեան թանգարան գնալն է, որը ճարտարապետական իր եզակի ձեւով մարմնաւորում է ցեղասպանութեան փորձը, որին հայերը ենթարկուեցին Օսմանեան կայսրութեան իշխանութեան օրօք 1915թ., եւ որը հայերի ժամանակակից պատմութեան կենտրոնական եւ ամենաառանցքային դէպքն է: Այս փորձը մեզ յիշեցնում է մեր թերացումը մեր գերիների հարցում, ովքեր Իսրայէլի կողմից սպանուեցին զանգուածային գերեզմաննոցներում կամ այն, թէ ինչպէս վարուեցին Բահր ալ-Բակար դպրոցի երեխաների հետ: Եւ չնայած հոկտեմբերեան յաղթանակի յաւերժացման համար կէս դարում վատնուած հարիւրաւոր միլիոններին՝ մենք չենք մտածում՝ ինչպէս շահել ցաւից ու դրա յիշողութիւնից, իսկ պատմութեան մէջ մոռացութեան համար տեղ չկայ:
Սա մէկն է Հայաստան այցելութեան ընթացքում մեր քաղած դասերից, որը դրսեւորուեց մեզ ուղեկցող թարգմանչուհի Անուշի արցունքներում: Վերջինս չկարողացաւ շարունակել պտոյտը Ցեղասպանութեան թանգարանում եւ ասաց, որ ամէն անգամ, երբ այնտեղ է լինում, չի կարողանում մոռանալ իր պապերի մասունքները: Անուշը արաբերէն է սովորել, սիրել այն եւ աշխատում է նրանով: Երազում է երկու տարով գնալ Դուբայ, որպէսզի իր միակ աղջկայ ուսման ծախսերի գումարը վաստակի: Նա լսում է «Քարիիւքա»ի (եգիպտական ռոք խումբ) եւ Ալ-Շէյխ Իմամի երգերը եւ ամէն անգամ, երբ եգիպտացիների հետ է հանդիպում, օգնութիւն է խնդրում՝ համոզելու իշխանութիւններին, որ ճանաչեն հայերի նկատմամբ իրագործուած Ցեղասպանութիւնը, եւ եգիպտական հետաքրքիր արտասանութեամբ ասում է. «Արածդ լաւ գործը վերջացրո՛ւ, Սիսի»՝ մատնանշելով նախագահի խօսքը, որով վերջինս հանդէս եկաւ անցած Փետրուարին Միւնխենի գագաթնաժողովում: Դրանով Անուշն ակնարկում էր Եգիպտոսի դերը, որ Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ գրկաբաց ընդունեց հայերին, Ցեղասպանութիւն, որին զոհ գնաց մօտաւորապէս 1.5 միլիոն հայ, եւ որի յիշողութիւնները դեռ կենդանի են թանգարանում:
Անուշը ոչ թէ քաղաքական, այլ մարդասիրական ճանաչում է ուզում՝ հիմնուած մարդու իրաւունքների եւ միջազգային օրէնքների չափանիշների վրայ, առանց Թուրքիայի քաղաքական մեքենայութիւնների: Նա ուզում է, որ սովորենք ամերիկացի երջանկայիշատակ փիլիսոփայ եւ արձակագիր Սիւզան Սոնթեգի խօսքերից՝ ուրիշի ցաւին ականջալուր լինելու մասին: