Մայիսի 2-4ը Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը Լաս Վեգաս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունեցաւ Նեւադա նահանգից ԱՄՆ կոնգրեսական Սիւզի Լիի (Susie Lee) հետ:
Հանդիպման ընթացքում քն-նարկուեցին ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններին, մասնաւորապէս Նեւադա նահանգի հետ գործակցութեանն առնչուող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լաս Վեգասում ՀՀ պատուաւոր հիւպատոս Ադրուշան Արմէնեանը:
Գլխաւոր հիւպատոսը հանդիպեց նաեւ Լաս Վեգաս քաղաքի տնտեսական եւ քաղաքային զարգացման տնօրէն Ռիչ Աթկինսի (Rich Atkins) հետ: Նրանք քննարկեցին Լաս Վեգասի նորարարական կենտրոնի հնարաւորութիւնները հայ գործարարների կողմից օգտագործելու ուղիները: Հանդիպման օրակարգում էր նաեւ Հոկտեմբերին Երեւանում կայանալիք Տեղեկատուական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին Լաս Վեգասի պաշտօնական պատուիրակութեան մասնակցութեան հարցը:
Արմէն Բայբուրդեանը հայ-ամերիկեան յարաբերութեան օրակարգի տնտեսական ոլորտի հարցերը քննարկեց Լաս Վեգասի Առեւտրի պալատի նախագահ Բեթ Սիուալդի (Beth Sewald) հետ: Հաշուի առնելով, որ Լաս Վեգասը յայտնի է հիւրանոցային բիզնեսով՝ քննարկման առանցքում էին հիւրընկալութեան մենեջմենթի, հիւրանոցային եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցութեան հեռանկարները:
Դեսպան Բայբուրդեանը հանդիպում ունեցաւ Նեւադայի համալսարանի փոխնախագահ եւ առաջին պրոռեկտոր Դայեան Չէյզի (Diane Chase) եւ համալսարանի այլ պաշտօնեաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուեցին դասախօսների եւ ուսանողների փոխանակման ծրագրերը: Զրուցակիցները կենտրոնացան հիւրընկալութեան մենեջմենթի եւ տեխնոլոգիաների ոլորտներում գործակցութեան հնարաւորութիւնների վրայ:
Արմէն Բայբուրդեանը Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս եւ Սուրբ Կարապետ եկեղեցիներում հանդիպում ունեցաւ ամերիկահայ համայնքի հետ: Գլխաւոր հիւպատոսը հարցազրոյց տուեց նաեւ տեղի հայկական «Armount» հեռուստաընկերութեանը:
Գլխաւոր հիւպատոսն այցելեց Լաս Վեգասում ՀՀ պատուաւոր հիւպատոսի գրասենեակ, հանդիպեց հայկական համայնքային կառոյցների ղեկավարների հետ:
Արմէն Բայբուրդեանը մասնակցեց նաեւ Հայաստանից ժամանած «Cadence» երաժշտախմբի համերգին, որը կազմակերպուել էր ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան հովանու ներքոյ: