ԵՐԵՒԱՆ, «Արմէփրէս».- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան կը վստահեցնէ, որ անկախ այն իրողութենէն, թէ միւս խմբակցութիւնները վարչապետի թեկնածու չառաջադրելու յուշագիր ստորագրեն կամ՝ ոչ, ընտրութիւնները պիտի իրականացուին իր առաջադրած ժամկէտին:
«Անկախ նրանից՝ խմբակցութիւնները յուշագիրը կը ստորագրեն, թէ ոչ, մենք մեր սցենարը հրապարակել ենք, եւ քանի դեռ այն չեղեալ համարուած չէ, ուրեմն ուժի մէջ է: Երէկ ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատուած նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել, թէ ինչ ենք պատրաստւում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում չեն պատրաստւում վարչապետի թեկնածու առաջադրել: Եւ ասել եմ շատ յստակ: Եւ եթէ ուզում են թեկնածու առաջադրել, թող առաջադրեն», ըսաւ Փաշինեան:
Վարչապետը անդրադարձաւ նաեւ ՀՀԿ պատգամաւոր Արմէն Աշոտեանի ակնարկին, թէ «հնարաւոր է‘ վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի գծով այնքան էլ ճիշտ չեն հասկցած զիրար»:
«Հարց է առաջանում, եթէ մենք խօսում ենք եւ իրար այնքան էլ ճիշդ չենք հասկանում, էլ ինչ իմաստ ունի խօսակցութիւնը: Քանի դեռ չկան յստակ ազդակներ, որ մենք իրար ճիշդ ենք հասկանում, մեր գործընկերներն իրավիճակը ճիշդ են հասկանում, ես կարծում եմ, որ այդ խօսակցութեան ռացիոնալութեան (բանականութեան-Խմբ.) վերաբերեալ հարցեր կարող են առաջանալ», նշեց վարչապետը:
«Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, ես ասել եմ՝ կայ երկու տարբերակ: Այդ ընտրութիւններին խորհրդարանական խմբակցութիւնները գնում են համագործակցութեան կամ ոչ համագործակցութեան մթնոլորտում: Համագործակցութեան մթնոլորտն այն է, որ մենք փորձում ենք բարելաւել Ընտրական օրէնսգիրքը: Մենք ասում էք, որ պատրաստ ենք, այդ թւում՝ միջազգային կազմակերպութիւններին ասել, որ փոփոխութիւններ առաջադրեն Ընտրական օրէնսգրքում. մենք որեւէ խնդիր չունենք Ընտրական օրէնսգրքի հետ, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին», շեշտեց Փաշինեան: