«Պէտք է Հայրենիքին Ծառայելու Այլընտրանքային Միջոցներ Որոնել»
Վարեց՝ ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ
1999էն ի վեր, Չեխիոյ մէջ (Փրակ) լոյս կը տեսնէ «Օրեր» անկախ ամսագիրը: Հրատարակիչը ոչ-կառավարական Կովկաս-Արեւելեան Եւրոպա լրատուական կեդրոնն է՝ Յակոբ Ասատրեանի խմբագրապետութեամբ: Ամսագիրը ունի նաեւ իր կայքը, որուն խմբագիրն է Աննա Կարապետեան: Հայաստանի իրադարձութիւններէն բացի, «Օրեր»ը կը լուսաբանէ ո՛չ միայն Չեխիա բնակող հայերու գործունէութիւնը, այլ նաեւ կ՛անդրադառնայ արեւելեան Եւրոպայի համայնքներու մշակութային, քաղաքական, ընկերային եւ մարզական կեանքին:
Ստորեւ կը հրատարակենք Երեւանի մէջ Յակոբ Ասատրեանի հետ ունեցած մեր հարցազրոյցը.
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Չեխիոյ hայութիւնը ինչպէ՞ս ապրեցաւ թաւշեայ յեղափոխութիւնը:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Հայաստանի թաւշեայ յեղափոխութեան ընթացքին արդէն միանգամից Չեխիայի հայ համայնքի մէջ վերազարթօնքը նկատելի էր: Ճակատագրական օրերին, երբ այստեղ սկսուել էր «մերժիր Սերժին» շարժումը, մասնաւորապէս Պրահայում յանպատրաստից կազմակերպուեցին երեք ցոյցեր՝ փոքր եւ մեծ տարողութեամբ, որոնցից մէկը տեղւոյն եկեղեցիի մօտ, միւսը՝ Հայաստանի դեսպանատան առաջ, եւ երրորդը՝ Պրահայի հրապարակներից մէկում: Այս վերջին հանրահաւաքի ժամանակ ելոյթ ունեցողները նշեցին, որ Չեխիայի հայութիւնը նոյնպէս միանում է հայաստանեան շարժմանը եւ պահանջում է Սերժ Սարգսեանի հրաժարականը: Հետաքրքրական էր, որ այդ միջոցառումներին բացի պրահահայերից մասնակցում էին երկրի տարբեր քաղաքներից եկած հայորդիներ: Գաղութի վերազարթօնքը զգալի էր յատկապէս երիտասարդների մէջ, գլխաւորութեամբ «Ուրարտու» մշակութային միութեան նախագահ Ալեքսանդր Սարգսեանի: Յեղափոխութեան Մայիսեան յաղթանակը ուղղակի վերածուեց համընդհանուր տօնախմբութեան՝ երգ ու պարով: Առաջին անգամն էր որ Չեխիայի հայերը համախմբուել էին ոչ թէ Ցեղասպանութեան պահանջատիրութեամբ, այլ՝ հայ մշակոյթի միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելով: Պէտք է ասել, թէ մեր համայնքը շատ բարձր տրամադրութեամբ դիմաւորեց թաւշեայ յեղափոխութիւնը եւ բարոյահոգեբանական փոփոխութիւնները արդէն նկատելի են:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Չեխիոյ եւ յատկապէս Փրակի հայ համայնքը կարելի է նորաստեղծ համարել: Ե՞րբ եւ ինչպէ՞ս կազմուած է գաղութը:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Համայնքը հիմնականում 1990ական թուականներին է ստեղծուել, եթէ նկատի չունենանք սովետական տարիներին գոյութիւն ունեցած փոքրաթիւ հայութիւնը: Գաղութը մեծամասնութեամբ կազմուած է հայաստանցիներից, որոնք Չեխիայում հաստատուել են Սպիտակի երկրաշարժից յետոյ: Այն ժամանակ նկարիչ Տիգրան Աբրահամեանի հիմնած կազմակերպութիւնը մեծ օգնութիւն է ուղարկել Հայաստան: Այդ առիթով հաւաքուած նիւթական օժանդակութիւնից պատկառելի մի գումար մնացել է Չեխիա, նկատի ունենալով մամուլի մէջ լոյս տեսած յօդուածները, որոնք գրում էին թէ հաւաքուած գումարը տեղ չի հասնում: Այդ դրամով տղաները հիմնել են Չեխիայի ամէնից յայտնի մարդու իրաւունքների պաշտպանութեան բարեգործական հիմնադրամը, որ կոչւում է «Չելովեքթիսնի», այսինքն՝ մարդը կարիքի մէջ: Այդ կազմակերպութիւնը անցեալ 28 տարիների ընթացքում մարդասիրական օժանդակութիւն է տրամադրել Հայաստանին եւ Արցախին: Հայաստանի մէջ այդ կազմակերպութիւնը ունի ներկայացուցչութիւն եւ իրականացնում է քաղաքացիական հասարակութեան ի նպաստ նախագծեր:
1993ից սկսեալ, նկարիչներ, շինարարներ կամ գործարարներ են հաստատուել Չեխիա, որոնք հետզհետէ յաջողել են իրենց գործի մէջ: Մօտաւորապէս 25 հայ նկարիչներ են ապրում Պրահայում, որոնց համար յաճախ կազմակերպւում են ցուցահանդէսներ: 1997ից գործում է շաբաթօրեայ հայկական դպրոցը, որտեղ երեխաները գրել կարդալ եւ երգ ու պար են սովորում, թատերական ներկայացումներ են պատրաստում: Կարեւոր է ընդգծել, որ դպրոցը գործում է Չեխիայի թիւ մէկ «Չարլզ» համալսարանի մէջ, որ մեզ անվճար դասարաններ է տրամադրել: Ի մէջ այլոց գալ տարի պիտի տօնենք Պրահայի մէջ լոյս տեսնող «Օրեր» ամսագրի 20ամեակը:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Ի՞նչն է, որ հայաստանցիները մղած է երկիրը լքելու եւ Չեխիա հաստատուելու:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Նրանց մեծ մասը անձնական կապեր են ունեցել Չեխիայի հետ: Նրանք ո՛չ միայն Պրահա են հաստատուել, այլ նաեւ՝ Օսթրաւա, Ժիհլաւա եւ այլուր: Չեխիա գաղթած առաջին սերնդի երեխաները արդէն չեխական դպրոց աւարտելով՝ յաջողել են տարբեր մասնագիտութիւնների մէջ եւ բարձր պաշտօնների են տիրացել:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Որքա՞ն է Չեխոյ հայերու թիւը:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Դժուար է յստակ թիւեր ներկայացնել, բայց մօտաւորապէս 7-8 հազար հայեր են ապրում Չեխիայում: Նրանց մի մասը գաղթել է Խորհրդային Միութեան հանրապետութիւններից, մի մասը՝ սովետական Հայաստանից եւ մի մասն էլ Բաքուից կամ Սումգայիթից փախստականներ են, որոնք նախ հաստատուել են Ռուսաստան եւ յետոյ են տեղափոխուել Չեխիա: Արեւմտահայերի թիւը շատ քիչ է, որոնք եկել են Կիպրոսից, Լիբանանից կամ Սիրիայից: Համայնքը ընդհանրապէս միատարր է: Վերջին շրջանին Պրահայի համալսարանի մէջ հայաստանից ուսանողներ ունենք:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Հայաստանցի երիտասարդներուն մէջ հայրենադարձութեան տրամադրութիւններ կա՞ն, թէ ոչ: Նաեւ՝ զինուորացու տղաքը ի՞նչ դիրքորոշում ունին Հայաստանի մէջ զինուորութիւն ընելու եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու առընչութեամբ:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Նման հարցախոյզ չի եղել եւ ես չեմ կարող խօսել նրանց դիրքորոշումների մասին: Բայց նրանք, որ Չեխիա են ծնուել եւ կամ փոքր տարիքից են եկել, արդէն զինուորութեան խնդիր չունեն, իսկ զինուորական տարիք ունեցողներն էլ մեծ մասամբ վճարել են գինը (3000 տոլար) եւ ազատ երթ ու դարձ են անում: Ես այստեղ ուզում եմ յիշել 2016ի Ապրիլեան պատերազմը, երբ համայքից շատ-շատերը զանազան միջոցներով աջակցեցին իրենց հայրենակիցներին: Նրանց մէջ կային նաեւ հայութիւնից հեռու ապրող երիտասարդներ: Սա փաստ է, որ երբ հայրենիքը դժուարութեան մէջ է գտնւում, համայնքը միահամուռ կերպով միաւորւում է եւ օժանդակում իր հայրենակիցներին: Իմ կարծիքով՝ նախ պէտք է մարդկանց մօտ իշխանութիւնների նկատմամբ վստահութիւնը վերականգնել եւ յետոյ էլ պէտք է հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել, որպէսզի նրանք, ովքեր ծնուել ու մեծացել են արտերկրում եւ իրենց ծնողների քաղաքացիութիւնն են որդեգրել, կարողանան զինուորութիւնից բացի այլ կերպով աջակցել իրենց հայրենիքին: Պէտք է հաշուի առնել նաեւ դրսում ապրողների ընտանեկան, ֆինանսական եւ տնտեսական զանազան խնդիրները:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Հայաստան-Չեխիա օդային ուղղակի կապ գոյութիւն ունի՞:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ցայսօր ո՛չ, բայց այս ամառ երեք ամսով վերականգնեցին ուղղակի կապը եւ այդ պատճառով էլ բազմաթիւ չեխահայեր իրենց ընտանիքներով առիթ ունեցան արձակուրդը Հայաստան անցկացնելու: Շատեր ուզում են իրենց աչքերով տեսնել թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ նո՛ր Հայաստանը:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Հայաստանի դեսպանութիւնը ի՞նչ միջոցներով կ՛օգնէ համայնքին:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Չեխիայի մէջ համայնքի կազմակերպման եւ ընդհանրապէս հայութիւնը ներկայացնելու գործում դեսպանատունը կարեւոր դերակատարութիւն ունի: 2011 թուականից սկսեալ Հայաստանի դեսպանատուն ունենք: Ասեմ, որ շնորհիւ Հայաստանի ներկայացուցչութեան՝ անցեալ 7 տարիների ընթացքում աննախադէպ զարգացում ապրեցին հայ-չեխական յարաբերութիւնները՝ նախագահների, խորհրդարանների կամ կառավարութեան մասշտաբով: Դեսպանատան ջանքերի շնորհիւ՝ չեխական գործարարութիւնը սկսուեց հետաքրքրուել Հայաստանով, նաեւ հայկական շուկայից որոշ առարկաներ սկսեցին յայտնուել չեխական շուկայի մէջ, ինչպէս կոնեակը, տարբեր տեսակի այլ խմիչքներն ու պահածոները: Իսկ հակառակ ուղղութեամբ՝ Չեխիայի ապակեղէնը կամ չեխական ինքնաշարժերը մուտք գործեցին Հայաստան: Նաեւ Երեւանում արդէն գոյութիւն ունեն չեխական ճաշարաններ, գարեջրատուն եւ այլն: Չեխիան նաեւ տարբեր ոլորտներում տեխնիկական օգնութիւն է ցուցաբերում Հայաստանին, ինչպէս աթոմակայանի վերակառուցումը, մշակութային առումով՝ ցուցահանդէսների կազմակերպումը կամ երաժշտական խմբերի համերգները: Իսկ քաղաքական տեսանկիւնից –ինչպէս գիտէք– Չեխիայի խորհրդարանը ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը, որ արդիւնք էր հայ-չեխական պատգամաւորական խմբերի, Հայաստանի դեսպանատան եւ համայնքի անդամների աշխոյժ ջանքերին: Տեղեկացնեմ, թէ տարիներից ի վեր մեր ստեղծած Ապրիլ 24ի կոմիտէն ո՛չ միայն Ցեղասպանութեան ոգեկոչումով է զբաղւում, այլ նաեւ՝ համակարգում է համայնքային ձեռնարկները:
Չեխիայի մէջ կարեւոր դեր ունի նաեւ Հայ առաքելական եկեղեցին, որի հոգեւոր հովիւը աւելի քան 15 տարի է, որ ծառայում է իր հօտին: Չեխիայի կաթոլիկ եկեղեցին՝ Պրահայի կենտրոնը գտնուող 14րդ դարի իր եկեղեցին 25 տարուայ օգտագործման համար նուիրել է մեր համայնքին: Այնտեղ ամէն Կիրակի ժամերգութիւն է կատարւում, իսկ եկեղեցական տօներին էլ պատարագ է մատուցւում:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Եկեղեցւոյ եւ դեսպանատան կողքին Չեխիոյ մէջ հայկական ի՞նչ կազմակերպութիւններ կը գործեն:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Ինչպէս գիտէք, «Օրեր» ամսագրի հրատարակիչը ոչ-կառավարական Կովկաս-Արեւելեան Եւրոպա լրատուական կենտրոնն է եւ մենք իրականութեան մէջ զբաղւում ենք տեղեկատուական եւ քարոզչական հարցերով: Գոյութիւն ունի նաեւ անցեալ տարի կեանքի կոչուած Հայ երիտասարդական միութիւնը, իսկ համահամայնքային միակ կազմակերպութիւնը –ինչպէս ասացի– Ապրիլ 24ի կոմիտէն է:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Համայնքէն ի՞նչ արձագանգներ կան Նիկոլ Փաշինեանի հայրենադարձութեան կոչին նկատմամբ:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Նման արձագանգներ ինձ յայտնի չեն: Բայց դրանից առաջ արդէն չեխահայ գործարարներ Հայաստան գալով ներդրումներ են կատարել, ինչպէս՝ Աղասի Զաւարեանը, որ Լոռիի իր գիւղի մէջ հիմնել է ընկոյզի վերամշակման այգիներ, որոնք բնականաբար աշխատանք կ՛ապահովեն տեղացիներին:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Չեխ ժողովուրդը Հայաստանի յեղափոխութեան նկատմամբ ինչպիսի՞ վերաբերում ցուցաբերեց:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Չեխ ժողովրդի կողմից շատ լաւ ձեւով ընդունուեց Հայաստանի յեղափոխութիւնը: Դրական էին նաեւ պետական մակարդակով արձագանգները, որոնք գնահատեցին Փաշինեանի ժողովրդավար շարժումը: Նոյնիսկ թերթերից մէկը Փաշինեանը համեմատեց Չեխիայի թաւշեայ յեղափոխութեան առաջնորդ Վացլաւ Հաւելի հետ, ասելով որ Նիկոլ Փաշինեանը հայերի Հաւէլն է: Միւս կողմից սակայն, որոշ մտավախութիւններ կան, թէ արդեօք պատերազմական վիճակում գտնուող Հայաստանը պիտի կարողանա՞յ բարեփոխութիւններ կատարել եւ միաժամանակ պահպանել այդ փխրուն խաղաղութիւնը:
ԺԻՐԱՅՐ ՉՈԼԱՔԵԱՆ.- Հոն թարգմանական գրականութիւն կը հրատարակուի՞:
ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ.- Այդ կարգի հրատարակութիւնների թիւը մեծ չէ, եթէ էլ կան անձնական նախաձեռնութիւններ են: Օրինակ վերջին տարիներին իմ խնդրանքով հրատարակչութիւններից մէկը չեխերէնով վերահրատարակեց Վերֆելի «Մուսա Լերան 40 Օրերը»: Միաժամանակ գրական ամսագրերից մէկը –դարձեալ իմ առաջարկով– իր ամբողջ թիւը նուիրեց «Հայ գրականութիւնը եւ Ցեղասպանութիւնը» թեմային եւ այնտեղ չեխերէնով լոյս տեսան թէ՛ հին եւ թէ ժամանակակից հայ գրողների գործերը: Չմոռանամ ասելու, որ գրող, հասարակական գործիչ Վարուժան Ոսկանեանի «Շշուկների Մատեան» գիրքն էլ թարգմանուեց չեխերէնի: