ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Pasadena Armenian Genocide Memorial» գրութեամբ ցուցանակներ շուտով կը տեղադրուեն 210 մայրուղում՝ տեղեկացնելով եւ ուղղորդելով դէպի Փասադենայի Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած յուշահամալիր: Այս մասին յայտարարուեց Փասադենայի Հայոց Ցեղասպանութեան Յիշատակման յանձնաժողովի (ՓՀՑՅՅ) կազմակերպած խնջոյքի ժամանակ: «Ամէն օր, աւելի քան 300 հազար մեքենայ է երթեւեկում 210 մայրուղիով, որ տարեկան կազմում է շուրջ 110 միլիոն, եւ ցուցանակները կարեւոր դեր կ՛ունենան՝ լայն հանրութեանը տեղեկացնելու հայերի նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան մասին, միաժամանակ օգնելով կանխելու մարդկութեան դէմ ապագայ յանցանքները», բացման խօսքում յայտնեց նախագծի մտայղացող, ՓՀՑՅՅ գանձապետ, ձեռնարկի կազմակերպիչ խմբի նախագահ Դաւիթ Ջորջ Գէորգեանը:
ՓՀՑՅ յանձնաժողովը, որ Փասադենայի «Մեմորիալ Փարք»ում կառուցուած յուշահամալիրի նախաձեռնողն ու իրականացնողն է, Յունուարի 25ին Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու «Կիրակոս» սրահում կազմակերպած ձեռնարկին հրաւիրել էր բարերարների, կամաւորների, Կալիֆորնիայի եւ Փասադենայի քաղաքական, հասարակական գործիչների, համայնքի տարբեր կազմակերպութիւնների ներկայացուցիչների՝ նրանց երախտագիտութիւն յայտնելու յուշակոթողն իրականութիւն դարձնելու համար:
«Հպարտ եմ լինելու այս պատմական պահի մասնակիցներից, որը նաեւ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին յարգանքի տուրք մատուցելու միջոց է: Յուսով եմ, շուտով կը տեղադրուեն ցուցանակները, որ եւս քայլ է ապագայ սերունդներին տեղեկացնելու այն արսափելի ոճիրի մասին, որ տեղի է ունեցել 1915թ.ին եւ այն վայրի մասին, որ նուիրուած է անմեղ զոհերի յիշատակին», նշեց Կալիֆորնիայի Խորհրդարանի ծերակուտական, ՓՀՑՅՅ անդամ Էնթընի Փորթանթինօն, որ նահանգի օրէնսդիր մարմնում ներկայացրել էր ցուցանակների մասին օրինագիծն ու հասել դրա հաստատմանը երկու պալատներում:
ԱՄՆ կոնգրէսական Ջուդի Չուն էլ ընդգծեց յուշահամալիրի կարեւորութիւնը նահանգի համար, որպէս նաեւ համայն մարդկութեան դէմ իրականացուած ոճրագործութիւնը խորհրդանշող արուեստի գործ:
Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքն ասաց, որ «հպարտ է Փասադենայում ունենալ նման յուշակոթող, որը յարգանքի տուրք է Ցեղասպանութեան զոհերին, միաժամանակ շատ կարեւոր է քաղաքի ողջ բնակչութեան համար կրթական առումով»: Թերի Թորնեքը պատմեց նաեւ 2017թ.ին Փասադենայի քոյր քաղաքների նախաձեռնութեամբ իր Հայաստան կատարած այցից ստացած բացառիկ տպաւորութիւնների մասին:
Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի ստեղծման գործում մեծ դեր ունի Փասադենայի Արուեստի կենտրոնը, որի նախագահ Լերն Բաքմանը յիշեց, թէ ինչպէս մրցոյթին մասնակից ուսանողներին յանձնարարել էր ամբողջական մօտեցում ցուցաբերել կոթողի նախագծեր ստեղծելիս՝ որ այն խօսի պատմութեան մասին, լինի մարդկութեանն ուղղուած ուղերձ, եւ դիպչի այցելուների սրտին: Յիշեցնենք, որ յուշակոթողի հեղինակն է Արուեստի կենտրոնի ուսանող Քեթրին Մենարդը: Ձեռնարկի հանդիսավար Դաւիթ Գէորգեանը տեղեկացրեց, որ նուիրատուութիւնների շնորհիւ յաջողուել է հաւաքել համապատասխան գումար մայրուղու ցուցանակների պատրաստման եւ տեղադրման համար: Նա նշեց, որ նուիրատուութիւններ անհրաժեշտ են նաեւ յուշահամալիրի պահպանման համար:
Երեկոյի բացումը կատարեցին ՀՄԸՄի Փասադենայի «Ազատամարտ» մասնաճիւղի սկաուտներն ու տէրունական աղօթքով՝ Ամերիկայի Արեւմտեան թեմերի հոգեւորականները: Ձեռնարկի հայկական ոգին զօրացրեցին «Հայաստան» մշակութային կենտրոնի պատանիները՝ դուդուկի եւ դհոլի կատարումներով:
Ձեռնարկի փակումը կատարեց երգչուհի Նեկտարինէ Չիլեանը «Կիլիկիա» երգով, ում յոտընկայս ձայնակցեցին աւելի քան 300 հիւրերը:
Ներկաների թւում էին նաեւ Կալիֆորնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների տան անդամ Քրիս Հոլդենը, Փասադենայի քաղխորհրդի անդամներ, Գարդենայի քաղխորհրդի անդամ Արթ Քասքանեանը, Հարաւային Փասադենայի քաղաքապետի պաշտօնակատար դոկտ. Մարինա Խուբեսրեանը, Հարաւային Փասադենայի եւ Գլենդելի Միացեալ կրթաշրջանների անդամներ, Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան լիազօր արտակարգ դեսպանորդ Վալերի Մկրտումեանը, Փասադենայի Հայ մշակութային հիմնարկութեան, Հայ Դատի Փասադենայի յանձնախմբի, Հայաստանի Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկեան յունական խորհրդի, Պոլսահայ միութեան, Փասադենայի քոյր քաղաքների, քաղաքապետարանի տարբեր յանձնախմբերի ատենապետեր ու ներկայացուցիչներ:
Տեղեկանք. Փասադենայի «Մեմորիալ Փարք»ում գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշակոթողը 16 ոտնաչափ բարձրութեամբ մետաղեայ եռոտանի է, որ նմանեցուած է թուրքերի կողմից կիրառուած կախաղաններին, որոնց վրայ սպանուել են հայ մտաւորականները: Եռոտանին հիմնուած է քարէ շրջանի-աւազանի վրայ, որի մէջ եռոտանու վերնամասից 21 վայրկեանը մէկ թափւում են ջրի կաթիլներ՝ մէկ տարում 1.5 միլիոն կաթիլ: Յուշահամալիրի կողքին տնկուել է 12 նռնենի, որոնք խորհրդանշում են Արեւմտեան Հայաստանի կորսուած նահանգները: