ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Գալուստ Սահակեանը խոստովանում է, որ երկրից արտագաղթում են իշխանութիւնից հիասթափուելու պատճառով: Չնայած այս համոզմունքին՝ Սահակեանը պնդում է, որ ՀՀԿն պէտք է շարունակի ղեկավարել, իսկ երկրի կառավարումը ուղղորդի Սերժ Սարգսեանը: NEWS.am-ի հարցին՝ արդեօք դա չի՞ նշանակում, որ եւս 350 հազար քաղաքացի է արտագաղթելու Հայաստանից՝ ինչպէս եղել է վերջին տասը տարուայ ընթացքում, Գալուստ Սահակեանը պատասխանեց. «Դա մի այլ թեմա է, որի մասին կարելի է խօսել, մի երկու բառով ասեմ, մեր ժողովուրդը նոր տեսաւ ամբողջ աշխարհը եւ կարողացաւ իր որդիներով ու բարեկամներով տեսնել: 90-95 թուականներին 800 հազար հայ երկիրը լքեց, այն էլ այն դէպքում, որ ողջ ժողովուրդը կանգնած էր անկախութեան ճանապարհին: Մի մասը գնաց, որպէսզի լաւ ապրի, մի մասը էստեղ շատ լաւ էր ապրում, տեսաւ իր ընկերը, եղբայրը էնտեղ է, ասեց՝ ունեցածս ծախեմ, գնամ էնտեղ ու ինչ որ ունեմ, 5 տարուայ մէջ տասնապատիկը կ՛ունենամ, կան մարդիկ, որոնք հիասթափուած են իշխանութիւններից, կամ իրենց գործերը չեն կարգաւորւում, դրա համար հեռացան»:
Գալուստ Սահակեանը վրդովուած յաւելեց, որ ժողովուրդը դեռ չի տպաւորւում անկախութեամբ:
«Մեր ժողովուրդը դեռ չի հասկացել անկախութիւնն ինչ բան է, ինչի համար է ինքը պայքարում: Այսօրուայ ժողովուրդը տպաւորուած չէ՝ անկախ երկիրն ինչ է, ինչի համար է, բոլորը մտածում են՝ իրենց որդիները դառնան մեծահարուստներ, գիտնականներ, ինժեներներ»: