ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԴԷՄ ԱՌ ԴԷՄ
ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ
Գիտահետազօտական իր աշխատանքների ընթացքում, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթճեանին յաջողուեց, Սբ. Թադէի վանքի մօտակայքում, պատահաբար յայտնաբերել քարեղէն մի ոտք, որը յայտնօրէն դարերի կնիքն էր կրում իր վրայ:
Ստորեւ ներկայացնում ենք սրբազան հօր կատարած գրառումը այս մասին, որը փոքր ուսումնասիրութեան ձեւի տակ ներկայացւում է ընթերցողին.
«Վերջին շրջանին այնքան յաճախակի այցելութիւններ տուեցինք Սբ. Թադէի մեր հոյակերտ վանքը, որ այլեւս ինքնաշարժը վարորդի կարիք չէր զգում, ուղղուելու համար այնտեղ…
Վեհավայրում մեր աղօթքը մատուցելու եւ մնայուն ուխտաւորի հոգով հաւատքի մեր ծննդավայրի խորանի առջեւ ծնրադրելու բարեբախտութիւնից բացի, նաեւ մեր սոյն այցելութիւնների նպատակն էր՝ մօտիկից հետեւել վանահօր խուցի վերանորոգութեան աշխատանքին:
Վանքապատկան նախկին «Վանք» գիւղի բնակիչները, որոնցից մի քանիսը արդէն մեր վանքի պահապաններն են, մեր ինքնաշարժը ճանաչելով, շուտով իմանում են, թէ այնտեղ ենք գտնւում: Նոյնիսկ հետեւում են, թէ գիշերո՞ւմ ենք այդ օր վանքում, թէ վերադառնում Թաւրիզ:
Հովիւի Կատարած Գիւտը
Այսպիսի այցի մի օր էր 14 Ապրիլ 2016ը, երբ կէսօրուայ մօտ հասանք Սբ. Թադէի վանքը: Հաճելի ամայութիւն էր, մենաստանի վայել: Վանահօր խուցի վերանորոգութիւնը գրեթէ ամբողջացել էր, յարդարանքի եւ կահոյքի զետեղման աշխատանքը մնացել էր միայն: Մինչ լծուել էինք սոյն գործին, պահապաններից մէկը մօտեցաւ մեր դռանը: Նրան ընկերակցում էր գիւղից մի հովիւ: Նրա ձեռքում կար մի քարի կտոր, որը բերել էր մեզ յանձնելու:
Առաջին իսկ հայեացքից տեսանք, թէ դա մի արձանի ոտք է, կիսաբարձր վիզով մոյկի ընդհանուր տեսքով: Ոտքի մատները չկային, այլ՝ կօշիկի տեսք ունէր քարը, ողորկ եւ քանդակագործի ձեռամբ յղկուած արտաքինով: Հարեւան գիւղի հովիւին շնորհակալութիւն յայտնելուց առաջ, ուզեցինք իմանալ թէ ճիշդ որտեղի՞ց էր յայտնաբերել նա այս քարի կտորը: Ուղեկցեցինք նրան, մինչեւ մայրուղիից դէպի վանք մտնող ճանապարհի սկիզբը, Սբ. Սանդուխտ կոյսի մատռան դիմացի կողմը, որտեղ, իր հօտը արածելու ընթացքում, հողի մէջ կիսաթաղ մի ողորկ քար էր նշմարել նա, եւ այն դուրս բերելով տեսել էր, թէ կօշիկի ձեւ ունի: Ուստի, լաւագոյն համարել էր բերել այդ քարը եւ յանձնել մեզ:
Քարը, տաշուածքի հետքերից հետեւցնելով, դարերի հնութեան դրոշմ էր կրում իր վրայ: Քրիստոնէական դարաշրջանէ շատ աւելի կանուխ, հին հեթանոսական կուռքերի մնացորդ էր հաւանաբար, որի արձանը փշրուած լինելով, ոտքի անկարեւոր այս մասը ջարդուելուց հրաշքով էր փրկուել: Իսկ եթէ բնութեան աղէտի՝ երկրաշարժի զոհ համարենք սոյն կուռքի կործանումը, ապա դրա ամէնից ամուր բաժինը եղած պէտք է լինի ոտքը, որը չի՛ փշրուել, դիմանալով իր վրայ թափուող քարերի տարափին: Հաւանաբար անձրեւները լուանալով հողը, հետզհետէ գետնի երես էին բերել մեր ազգային պատմութեան համար թանկարժէք այս մասնիկը:
Հայ Թագաւորների Ամառանոցը Արտազում
Վայրը, որտեղ հովիւը յայտնաբերել էր սոյն քարի բեկորը, համաձայն մեր պատմիչներին, արքայական ամառանոց էր եղել, որի ժայռային պատուանդանը մինչեւ այսօր բացայայտ երեւում է, իսկ դրա վրայ անցեալում գտնուած կառոյցի փլատակները թափուելով, լեռ են կազմել հաւանաբար, դարերի ընթացքում հողով ծածկելով արքունական հովոցի շինութեան համար օգտագործուած քարերը:
Արքունի այս հովոցի մասին ակնարկութիւնների հանդիպում ենք մեր պատմութեան անցքերի ուսումնասիրութեան էջերում. «Գաւառը առաջ Շաւարշական կամ Շաւարշա կ՛ըսուէր իրեն Շաւարշան գիւղաքաղաքին անունովը, ուր թագաւորաց ամարանոց կար. բայց ետքէն մեր Արտաշէս երկրորդին ատեն Ալանաց երկրին Արտազ գաւառէն հոս գերի գալով, այս գաւառին առջի անունը փոխեցին ու Արտազ դրին»(1):
Սբ. Թադէոս Գալիս Է
Սանատրուկի Ամառանոցը
Արտազում արքունական մի ամառանոցի գոյութեան մասին առաքելական դարից էլ վկայութիւն ունենք, երբ Սբ. Թադէոս առաքեալ Աբգար թագաւորի խնդրանքով հասնում է Եդեսիա, ըստ աւանդութեան Յիսուսի կողմից ուղարկուած, բորոտութիւնից բժշկելու համար թագաւորին:
Բժշկութիւնը, ըստ բարեպաշտ թագաւորի հաւատքին կատարելուց յետոյ, իրեն ընկերակցող աշակերտների հետ առաքեալը անցնում է Հայաստան: Հայոց Սանատրուկ արքան Աբգարի քեռորդին էր, որը թագաւորեց Աբգարի մահից յետոյ, երբ նրա թագաւորութիւնը բաժանուեց: Եդեսիայում նրա Անանուն որդին թագաւորեց, իսկ Հայաստանում, իր քեռորդին՝ Սանատրուկը:
Ուստի, քրիստոնէութեան Մեծ վարդապետին՝ Յիսուսի աշակերտի ձեռքով իր մարմնի վրայ կատարուած բժշկութիւնից մեծապէս ազդուած, Աբգարը յանձնարարական նամակ է տալիս առաքեալին եւ ուղարկում նրան Սանատրուկի մօտ:
Առաքեալը «առնոյր զաշակերտսն եւ փութով հասանէր յաշխարհն Հայոց, առ թագաւորն Սանատրուկ, ի գաւառն Արտազ, ի քաղաքագեւղն Շաւարշան, յապարանս արքունի, որ էին հովոց գետինք թագաւորացն Հայոց» (2):
Բնականաբար Յիսուսի առաքեալները ամրան եղանակը պիտի նախընտրէին, Պաղեստինից դուրս քարոզութեան ձեռնարկելու համար: Ուրեմն, Թադէոս ամրան եղանակին ճանապարհուելով Եդեսիայից, հայոց արքային հանդիպելու էր նրա ամառանոցում՝ Արտազում:
Այնուհետ, պատմութեան անցքերը ծանօթ են, թէ՝ Սանատրուկ նախ ընդունեց քրիստոնէութիւնը, սակայն «յերկիւղէ նախարարացն Հայոց» (3), հաւատուրաց դարձաւ, մինչեւ իսկ քրիստոնէութիւնն ընդունած իր Սանդուխտ աղջիկը նահատակել տալով: Ի դէպ, Սանատրուկի մահուան յիշատակութիւնը կատարելով, Պատմահայրը ասում է, թէ պարսից Արտաշէս թագաւորի 12րդ տարին գահ բարձրանալով, Սանատրուկը երեսուն տարի գահակալելուց յետոյ «մեռաւ յորսի, նետի ուրուք դիպեալ փորոտեացն, իբր թէ վրէժս հատուցեալ ընդ չարչարանաց սրբոյ դստերն» (4): Ուրեմն, պատմիչը աստուածային պատուհաս է համարում, որսի ընթացքում Սանատրուկ արքայի աղիքներին դիպած նետը, որովհետեւ նա իր սուրբ դստեր՝ Սանդուխտին այնքան չարչարել, ու ի վերջոյ նահատակել էր տուել:
Սանդուխտի
Նահատակութիւնը, Յիշեալ
Ամառանոցի Ճանապարհին
Մեր ազգի անդրանիկ նահատակը լինելու պատիւը, համաձայն մեր պատմութեան տուեալներին, Սուրբ Սանդուխտին է պատկանում: Պալատական այս աղջիկը, որը շատ հաւանաբար իր ընտանիքի հետ միասին ամառանոց էր եկել, հօր հետ միասին քրիստոնէութիւնը ընդունեց: Իսկ հօր կողմից նոր կրօնի ուրացումից յետոյ, մնաց անխախտ իր հաւատքի վրայ, որի համար էլ նահատակուեց, 43 թուի 15 Դեկտեմբերին:
Պատմահայր Խորենացին, արձանագրելուց յետոյ Սբ. Թադէոսի նահատակութեան մանրամասները, յիշատակում է նաեւ Սանդուխտ կոյսի նահատակութեան դրուագը. «Եւ մարտիրոսանալ դստերն արքայի Սանդխտոյ հուպ ի ճանապարհն» (5): Ճանապարհին մօտիկ նահատակուելուց յետոյ, որ է ամառանոցի ճանապարհը, գիշեր ատեն քրիստոնեայ հաւատացեալներ՝ Սբ. Թադէոսի աշակերտներ, գաղտնաբար վերց-նում են նրա մարմինը եւ մօտակայ բլրի վրայ թաղում այն (6):
Սուրբ Սանդուխտի գերեզմանի վրայ կառուցուած երկթեք տանիքով մատուռը գտնւում է ճիշդ այն ուղղութեան վրայ, ինչպէս ներկայացւում է պատմագիրների կողմից, երբ արքունի ամառանոցից դուրս բերուելուց եւ նահատակուելուց յետոյ, հաւատաւոր քրիստոնեաներ կը տանեն ու կը թաղեն Սանդուխտը: Մայրուղուց բաժանուելուց յետոյ, երբ թեքւում ենք ու մտնում Սբ. Թադէ առաջնորդող ճանապարհը, արքունի ամառանոցի հաւանական աւերակները լինում են մեր աջ թեւում, իսկ դրանց ճիշդ դիմացը՝ ճամբի ձախին՝ Սբ. Սանդուխտի գերեզմանի վրայ կառուցուած մատուռը:
Կուռքի Ոտքի Նորայայտ
Մասնիկը
Հնագիտական ուսումնասիրութեան համար մի նոր էջ բացող սոյն մասնիկը, ոտքի, կամ՝ լաւ եւս կիսաբարձր վիզով մոյկի, 24 սմ. երկարութիւն ունի ցածի մասում, բթամատից մինչեւ գարշապար: Լայնքը 9 սմ. է, իսկ բարձրութիւնը՝ 15 սմ.: Ոտքի դիմացի բաժինը տափակ տաշուածք ունի: Մարդկային ոտքի նմանեցնելու մեծ ճիգ է կատարել քանդակագործը, գարշապարին տալով ճիշդ կլորութիւնը, իսկ ոտքի նստամասին եւ դէպի վերեւ բարձրանալու բաժնին տալով տարբեր հաստութիւններ: Կարելի չէ՛ հաստատ ասել, թէ այն ա՞ջ ոտքի քանդակ է, թէ ձախ: Կրային դեղնաւուն ամուր քարից է սարքած եղել արձանը, որի տեսակին շատ կարելի է հանդիպել շրջակայքում:
Վստահաբար երբ արքունի կառոյց էր եղել այնտեղ, ուրեմն անպայման նրա մէջ կամ կողքում պիտի լինէր հեթանոսական ատրուշան եւ բագին, որի մօտում նաեւ հեթանոսական կուռքեր: Շատ հաւանաբար սա էլ մի նշխար է մեր հեթանոս նախահայրերի պաշտած կուռքերի անշունչ քարեղէն մարմիններից: Բնա՛ւ յաւակնութիւնը չունենք պնդելու մեր գտածոյի շուրջ, վստահաբար հնագիտութիւնը իր խօսքը ունենալու է այս մասին: Մեր կատարածը լոկ տեղեկատուական ուսումնասիրութիւն է:
Մեր հեթանոս պապերի հաւատքին ու պաշտամունքին յիշատակը ներկայացնող այս փոքրիկ մասնիկը, դարերի խորքից եկած եւ մեր հայրերի անմիջական ներկայութիւնը զգալի դարձնող մի մասունք է, որը Ատրպատականի Հայոց թեմի թանգարանի հնագիտական բաժնի հարուստ հաւաքածոյին մաս է կազմելու»: