Հայ ոսկերիչների հիմնադրամը (AJF) յայտարարում է, որ 2016թ.ին 50 ուսանողների կ՛արժանացնի ուսումնական դրամաշնորհների: Հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը միտում ունի նպաստելու նոր հնարաւորութիւնների զարգացմանը ոսկեգործութեան եւ ադամանդագործութեան ոլորտներում, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում: Ուսանողները կը ստանան հիմնական գիտելիքներ թանկարժէք քարերի, այդ թւում ադամանդների վերաբերեալ, ինչը կ՛օգնի նրանց յետագայ կայացմանը ոսկեգործութեան եւ ադամանդագործութեան ոլորտում:
Հայաստանում «Ադամանդի դասակարգում» մասնագիտութեամբ ուսանելու համար դիմորդները կարող են յայտ ներկայացնել Հայկական հեմմոլոգիական լաբորատորիա եւ ակադեմիային (AGLA): Մրցոյթին կարող են մասնակցել հետեւեալ համայնքների դիմորդները. Արցախ, Հայաստանի մարզեր, սիրիահայ համայնք եւ Սփիւռք: Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմորդները կարող են գրել AJF-ին կամ AGLA-ին (info@gemology.am):
Կանադայում AJF-ը կ՛իրականացնի իր նոր ծրագիրը ի նպաստ վերջին շրջանի սիրիահայ փախստականների: Հայաստան եւ այլուր տեղափոխուած տասնեակ հազարաւոր տարագիր սիրիահայերի թւում զգալի մի մաս հանգրուանել է նաեւ Կանադայում: Ուստի եւ Կանադա գաղթած սիրիահայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր ցանկութիւն ունեն սովորելու Մոնրէալի Հեմմոլոգիայի ինստիտուտում (EMG), կարող են մասնակցել Կանադայում անցկացուող դրամաշնորհային մրցոյթին: Աւելի մանրամասն տեղեկութիւնների եւ յայտի ձեւը ստանալու համար դիմորդները կարող են գրել AJF-ի կամ EGM-ին (info@egmtl.com):
2016թ. Յունուարի 28ին, 13 սիրիահայ փախստականներ արդէն իսկ սկսել են իրենց ուսումնառութիւնը EMG-ում: Նրանք ընտրուել են AJF-ին դիմած 43 դիմորդների խմբից: Նախորդ շրջանի «Հեմմոլոգիա-I» եւ «Ադամանդի դասակարգման» սիրիահայ շրջանաւարտները Յունուարի 27ին հրաւիրուել էին EGM ստանալու իրենց ատեստաւորման վկայականները: Նրանցից 7ն ընտրուել են «Հեմմոլոգիա-II» մասնագիտութեամբ դասընթացներին մասնակցելու համար: «Մենք շատ ուրախ ենք, որ հնարաւորութիւն ունենք ուսանելու հեղինակաւոր այս կանադական հաստատութիւնում, որը տալիս է բարձր գիտելիքներ եւ փորձ: Վստահ եմ, որ սա մեզ բոլորիս կ՛օգնի ինտեգրուելու եւ բարելաւելու մեր զբաղուածութեան հեռանկարները: Շնորհիւ AJF-ի, վերջերս ինձ նոր աշխատանք առաջարկեցին, եւ ես Կանադայում վերստին սկսեցի իմ կարիերան որպէս ոսկերի»չ, ասում է ուսանող Վիգէն Աբգարեանը:
«Մենք անչափ շնորհակալ ենք AJF-ի կրթաթոշակային ֆոնդի հովանաւորներին մեր կրթական առաքելութեանն ու փախստականների ինտեգրման ջանքերին աջակցելու համար: Յուսով ենք՝ ապագայում կը համագործակցենք նոր աջակիցների հետ եւս եւ կը նպաստենք տաղանդաւոր հայ երիտասարդների՝ յաջորդ սերնդին, ոլորտում առաջատարը դառնալու գործին», յայտարարեց AJF-ի խորհրդի նախագահ Փիեռ Աքքելեանը:
«Մինչ այսօր մեր հովանաւորների շնորհիւ դրամաշնորհների են արժանացել 45 ուսանողներ Հայաստանից, Արցախից, Սիրիայից, Իրաքից, Վրաստանից եւ Լիբանանից: Մասնաւորապէս բարձր ենք գնահատում «Birks» ընտանեկան հիմնադրամի, Կանադայի ոսկերիչների միութեան, «Jewelry Mutual Insurance»ի, Մոնրէալի Հեմմոլոգիայի ինստիտուտի (EMG), Հայկական հեմմոլոգիական լաբորատորիա եւ ակադեմիայի (AGLA), «Invessa Financial & Insurance company»ի, «Melisende Diamonds» ընկերութեան, «AJA Ontario»ի, «AJA Montreal»ի, ինչպէս նաեւ Փիեռ Հաջարի, Լիւսի Քիլիսլեանի, Ալֆրեդ Պօղոսեանի, Աբգար Փափազեանի, Հաբիբ Մալոյի, Լեւոն Եափարի, Վահէ Ուրունի, Տիրան Աւետեանի, Յարութ Միսիրեանի եւ Սիլվիա Մինասեանի աջակցութիւնը», աւելացրեց պարոն Աքքելեանը:
AJF-ը ստեղծուել է 2013 թուականին, նպատակ ունենալով զարգացնել հայ ոսկերչութեան ժառանգութիւնը՝ պատմական հետազօտութիւնների, մերօրեայ յաջողութիւնների վաւերագրման եւ նոր սերնդին մասնագիտական գիտելիքների փոխանցման միջոցով: AJF-ը կոչ է անում նոր հովանաւորներին միանալու իր առաքելութեանը՝ տաղանդաւոր երիտասարդներին որակեալ կրթութիւն ու մասնագիտական գիտելիքների միջոցով փայլուն ապագայ ընձեռելու մէջ: Լրացուցիչ տեղեկութիւնների կամ ծրագրի հովանաւոր դառնալու համար դիմէք info@ajf.foundation հասցէին: