
ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».– Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեան 5 Մարտին կայացած կուսակցութեան արտակարգ համագումարին ընթացքին յայտարարեց, որ այլեւս քաղաքականութեամբ պիտի չզբաղի, եւ որ կուսակցութեան նախագահի եւ խորհրդարանական խմբակցութեան ղեկավարի լիազօրութիւններէն կը հրաժարի։
Ան «Բարգաւաճ Հայաստան»ի նախագահի պաշտօնին համար առաջարկեց Նայիրա Զոհրաբեանի թեկնածութիւնը:
«Մեզ միասին յաջողուեց ստեղծել թէ՛ Հայաստանի ներսում, թէ՛ Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակութիւն վայելող կուսակցութիւն: Ձեզնից իւրաքանչիւրն այդ գործում ունի իր աւանդը», կուսակցականներուն դիմելով յայտնեց Ծառուկեան եւ շարունակեց. «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղուել ակտիւ քաղաքականութեամբ, վայր դնել կուսակցութեան նախագահի եւ խմբակցութեան ղեկավարի լիազօրութիւնները»:
«Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդիւնք է: Սա իմ անձնական որոշումն է, եւ ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կը մօտենաք: Մէկ բան ուզում եմ անպայման շեշտել. քաղաքականութեան մէջ գտնուելու տարիներին ես երբեք չեմ հետապնդել անձնական շահ: Չեմ օգտագործել ժողովրդի աջակցութիւնը անձնական նպատակներով: Չեմ փոխանակել ժողովրդի հաւատը պաշտօնների եւ այլ շահի հետ: Իմ թիմի եւ ժողովրդի մէջքի հետեւում գործարքներ չեմ կնքել: Այս բոլոր տարիների ընթացքում ես հետապնդել եմ պարզ, մարդկային նպատակ՝ իմ ժողովրդի աչքերում տեսնել ժպիտ, եւ ոչ թէ արցունքներ», յայտարարեց Գագիկ Ծառուկեան:
«Ուզում եմ լինել աւելի՛ անկեղծ: Քաղաքական բոլոր հնարաւոր ճանապարհներով ես փորձել եմ լուծումներ գտնել, պայքարել մեր ժողովրդին տանջող խնդիրների լուծման համար: Բայց ես միշտ դէմ եմ եղել մայդաններին, ու այստեղ նոյնպէս ես անկեղծ եմ», ըսաւ ան՝ աւելցնելով. «Ես հեռանում եմ ակտիւ քաղաքականութիւնից: Ես այլեւս կուսակցութեան նախագահ չեմ: Բայց ես շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին: Դա կ՛արուի այլ ոլորտներում, այլ բնագաւառներում: Ես կը շարունակեմ կառուցել իմ երկրում եկեղեցիներ, դպրոցներ, մարզասրահներ, օգնել մշակոյթի եւ գիտութեան մարդկանց: Բայց ես դա կ՛անեմ որպէս հայ, որպէս Հայաստանի քաղաքացի, որպէս Գագիկ Ծառուկեան»:
«Ես որեւէ կապ այլեւս չունեմ ԲՀԿի հետ: Դուք քիչ յետոյ կ՛ընտրէք նոր նախագահ, նոր ղեկավար մարմիններ, եւ կուսակցութեան ճակատագիրն այսուհետ ձեր ձեռքերում է: Սա իմ վերջնական որոշումն է։
Կան շատ թեկնածուներ, որոնք պատուով կարող էին ստանձնել կուսակցութեան նախագահի պաշտօնը: Ես առաջարկում եմ, որ այդ գործը վստահուի մեր գործընկեր Նաիրա Զոհրաբեանին: Հաշուի առնելով նրա ժողովրդականութիւնը, նուիրումը թիմին: Մնացածը ձեր որոշելիքն է: Այսուհետ ամէն ինչ ձեր որոշելիքն է», իր խօսքը եզրափակեց Գագիկ Ծառուկեան:
Նայիրա Զոհրաբեան ընտրուեցաւ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ: Զոհրաբեանի թեկնածութեան ձեռնպահ քուէարկեց միայն Ազգային ժողովի պատգամաւոր Լեւոն Խաչատրեանը:
ԲՀԿի նախագահ ընտրուելէն ետք Նայիրա Զոհրաբեան յայտարարեց. «Ինձ համար հեշտ չէ ստանձնել Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահի պաշտօնը: Ես հասկանում եւ սթափ գնահատում եմ բոլոր հնարաւոր դժուարութիւններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կը լինեն յաղթահարելի միայն մէկ դէպքում, եթէ մենք լինենք միասնական ու միմեանց օգնելով շարժուենք առաջ»:
«Վստահ եմ՝ միասին մենք կը կարողանանք վերագտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարուած երկխօսութիւնն ու շարունակել աշխատել պետութեան առջեւ ծառացած լրջագոյն խնդիրները լուծելու համար», դիտել տուաւ ան։
«Յարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգաւաճ Հայաստան»ը յայտարարում եմ ընդդիմութիւն: Նոյնը ես կը յայտարարեմ Ազգային ժողովի առաջիկայ քառօրեայում՝ օրէնքի համաձայն:
Մեզ, բնականաբար, ժամանակ է պէտք մեր մարտավարութիւնն ու հետագայ քայլերը ծրագրելու համար: Մեզ հիմա լրջագոյն քննարկումների եւ վերլուծութիւնների փուլ է սպասւում՝ ընդդիմութեան յստակ եւ ընկալելի մարտավարութիւն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետեւ մենք պատասխանատուութիւն ունենք ժողովրդի առջեւ: Այլ ճանապարհ չկայ», հաստատեց «Բարգաւաճ Հայաստան»ի նոր ղեկավարը: