
Խնդրի Լուծման Լաւագոյն Պահը, Ըստ Հետազօտական Կենտրոնի, Յետխորհրդային Վաղ Շրջանն Էր
ՏԱԹԵՒԻԿ ԼԱԶԱՐԵԱՆ
Մինչ Ռուսաստանն ու Արեւմուտքը շարունակում են իրենց հակամարտութիւնը Ուկրաինայի շուրջ, Կովկասում եւս ընթանում է աւելի նուրբ, սակայն հաւանաբար ոչ պակաս նշանակալի մի մրցակցութիւն, գրում է «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ յօդուածում:
«Մինչ Վրաստանը փորձում է մերձենալ Արեւմուտքին, իսկ Հայաստանը ամրացնում է կապերը Ռուսաստանի հետ, Ադրբեջանը փորձում է զգոյշ հաւասարակշռութիւն պահպանել երկու կողմերի միջեւ: Ադրբեջանը, այսպիսով, Կովկասի առանցքային դիրքում է, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն այն կարեւորագոյն ասպեկտն է, որ ձեւաւորում է Բաքուի դերը», մանրամասնում է «Ստրատֆոր»ը:
Վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառօտ պատմական ակնարկ՝ ղարաբաղեան հակամարտութեան հիմքը տեսնելով Ստալինի որոշման մէջ: «Ադրկովկասեան Դաշնային Խորհրդային Հանրապետութիւնը 1923 թուականին վերակազմաւորուեց երեք առանձին պետութիւնների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի: Լեռնային Ղարաբաղը դրուեց Ադրբեջանի իրաւասութեան տակ՝ այդ ժամանակ ազգութիւնների գործերով ժողովրդական կոմիսար Իոսիֆ Ստալինի կողմից: Ահա սահմանների եւ տարածքների այս վերաձեւումները, որոնք արուել էին տարածքային վէճեր ստեղծելու եւ այդ պետութիւնները մշտապէս թոյլ պահելու համար, գործի գցեցին ղարաբաղեան հակամարտութիւնը», գրում է «Ստրատֆոր»ը:
Չնայած անհաշիւ հանդիպումներին՝ վերջին 20 տարիների ընթացքում հակամարտութեան խաղաղ լուծման բանակցութիւնների անարդիւնաւէտութիւնը վերլուծական կենտրոնը կապում է աշխարհաքաղաքական հիմնարար գործօնների հետ: Առաջին եւ ամենագլխաւոր գործօնը տարածաշրջանի ազդեցիկ խաղացողների մասնակցութիւնն ու ազդեցութիւնն է հակամարտութեան վրայ:
«Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մրցակցել են Կովկասում դարերով, եւ այդ մրցակցութիւնը դեռ շարունակւում է ու տեղ ունի մեր իրականութեան մէջ: Այս երկրների մասնակցութիւնը, իրենց արմատացած եւ յաճախ մրցակցող ռազմավարական շահերով, հանդէս է գալիս որպէս Լեռնային Ղարաբաղի ձգձգուող հակամարտութեան կարեւոր բաղադրի»չ, գրում է «Ստրատֆոր»ը:
Խնդրի լուծման լաւագոյն պահը, ըստ կենտրոնի, յետխորհրդային վաղ շրջանում էր, երբ ԵԱՀԿի Մինսկի խումբն առաջարկեց բանակցութիւնների ընդունելի շրջանակ, երբ Միացեալ Նահանգները ներգրաւուեցին գործընթացում, Ռուսաստանն էլ դեռ թոյլ էր, իսկ Մոսկուայի եւ Վաշինգտոնի միջեւ կապերը՝ համեմատաբար ջերմ:
«Չնայած Ռուսաստանի գերակայ դերակատարութեանը, ղարաբաղեան խաղաղ բանակցութիւններում Ռուսաստանի շահերից է բխում ստատուս քուոյի պահպանումը երկու երկրների միջեւ, սակայն դա չի նշանակում, որ ղարաբաղեան հակամարտութեան ներկայիս վիճակը յաւէտ կը ձգուի: Ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը, Լեռնային Ղարաբաղը, որպէս կանոն, բռնկւում է տարածաշրջանում խոշոր ցնցումների ժամանակ եւ յատկապէս Ռուսաստանի թուլացման ժամանակաշրջանում: Ահա այս պահը մտածելու տեղիք է տալիս, յատկապէս, երբ Ռուսաստանը կրկին լուրջ խնդիրներ ունի նախկին խորհրդային ծայրամասերի հետ, ինչպէս երեւաց Ուկրաինայի դէպքում», գրում է «Ստրատֆոր»ը:
Թէեւ, ըստ վերլուծական կենտրոնի, սա ամենեւին չի նշանակում Ռուսաստանի անյապաղ կոլապս, այդուամենայնիւ, Ռուսաստանը լուրջ եւ երկարաժամկէտ խնդիրներ ունի իր ազդեցիկ դերը նախկին խորհրդային տարածքում պահպանելու համար, եւ այն երկրներից մէկը, որ կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, Ադրբեջանն է, որը հանդէս է գալիս որպէս Եւրոպայի էներգիա մատակարարելու այլընտրանքային աղբիւր, բացի այդ, ընդլայնում է իր կապերը Թուրքիայի, Իսրայէլի եւ հետեւաբար նաեւ Միացեալ Նահանգների հետ:
«Սակայն որպէսզի Մոսկուան իրօք փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի շուրջ, կա՛մ պէտք է զգալիօրէն թուլանայ, կա՛մ Ադրբեջանը Մոսկուայի շահերի համար այնքան կենսական կարեւորութիւն պէտք է ձեռք բերի, որ Մոսկուան փոխի իր լոյալութիւնը եւ հակառակուի Հայաստանին, ինչը այս պահին քիչ հաւանական հեռանկար է», գրում է «Ստրատֆոր»ը:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»