
ՀՐԱՆԴ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Օգոստոսին նախատեսուող Թուրքիայի նախագահական ընտրութիւններին որպէս թեկնածու առաջադրուած Էքմելեդդին Իհսանօղլուն Հայկական հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան խնդրի լուծման առումով ճիշդ է գնահատում ժամանակին Թուրքիայի հանրապետութեան ութերորդ նախագահը եղած Թուրգութ Օզալի մօտեցումը: Այդ մասին, Akunq.net-ի համաձայն, «Դեմոկրատ Հաբեր»ում գրում է պոլսահայ լրագրող Հրանդ Գասպարեանը:
Ըստ աղբիւրի՝ նախընտրական քարոզարշաւի շրջանակներում կայացած մի հանդիպման ժամանակ Էքմելեդդին Իհսանօղլուն, պատասխանելով «Թարաֆ» օրաթերթի հայազգի լրագրող Հայկօ Բաղդադի՝ Հայկական հարցի վերաբերեալ հարցին, նշել էր, որ տեղին է համարում Թուրքիայի կառավարութեան կողմից սոյն թուականի Ապրիլի 23ին հրապարակուած ապրիլքսանչորսեան ցաւակցական ուղերձը եւ նաեւ ընդգծել, որ ժամանակին նմանատիպ դիրքորոշում էր ունեցել նաեւ Թուրքութ Օզալը:
Ինչպէս յիշեցնում է Հրանդ Գասպարեանը, Օզալի հրահանգով Հայկական հարցի լուծման կարգաւորման ուղղութեամբ ժամանակին աշխատանքներ էին տարւում թէ՛ երկրի ներսում եւ թէ արտերկրում: Թուրքիայի ութերորդ նախագահը «Խելացի մարդիկ» անուան տակ 8-10 հոգիանոց մի խումբ էր կազմել՝ հիմնականում բաղկացած օսմաներէնին տիրապետող պաշտօնաթող դիւանագէտներից ու գեներալներից, ովքեր զեկոյցներ էին ներկայացրել Օզալին:
Իսկ Օզալի կառավարման տարիներին Ազգային կրթութեան նախարարը եղած Վեհբի Դինչերլերը «Աքսիոն» ամսագրին տուած հարցազրոյցում նշել էր, թէ Օզալը 1984թ. փորձում էր լուծել Հայկական հարցը եւ Ամերիկայի միջոցով ըմբռնել, թէ կոնկրետ ինչ են հայերը պահանջում Թուրքիայից: Դինչելերը նաեւ յայտնել էր, որ Օզալը մի աշխատանքային խումբ էր ստեղծել՝ օսմանահպատակ հայերի ժառանգները հանդիսացող սփիւռքահայերի վերադարձի համար ուղիներ որոնելու նպատակով եւ անգամ կոնկրետ նախագծեր մշակել այդ ուղղութեամբ, որոնցից մէկն էլ կրում էր «Վանի պրոյեկտ» անուանումը: Թէեւ Օզալը գիտակցում էր, որ իր ժամանակաշրջանի միւս պետական գործիչները լաւ չեն վերաբերուի այդ նախագծին, սակայն այնուամենայնիւ 1988-89թ.թ. կապեր էր հաստատել ԱՄՆում գործող մի հայկական կազմակերպութեան հետ եւ քննարկել Վան նահանգի Էդրեմիթ շրջանի կողմերում մի հողատարածք յատկացնելու եւ յատուկ սփիւռքահայերի համար նախատեսուող մի հանգստեան տուն կառուցելու հարցը:
Ինչպէս «Աքսիոն» հանդէսին պարզաբանել էր Վեհբի Դինչերլերը, Թուրքութ բէյի նպատակն էր Թուրքիա բնակութեան հրաւիրել տարեց սփիւռքահայերի՝ այդպիսով փորձելով թէ՛ ներդրումային դաշտ ստեղծել երկրում եւ թէ հարթել առկայ խնդիրները: Սակայն Օզալի նախագիծը խիստ քննադատութեան էր ենթարկուել թուրքական մամուլի եւ հասարակայնութեան կողմից: Զանգուածային լրատուամիջոցներն անգամ լուրեր էին տարածել, թէ «Օզալը Վանը տալիս է հայերին»: Զանգուածային լրատուամիջոցների բացասական արձագանգից յետոյ Օզալը սկսել էր անգամ ճնշումների ենթարկուել կուսակցութեան ներսում: Հարցը մինչեւ իսկ ընդգրկուել էր Ազգային անվտանգութեան խորհրդի օրակարգում, եւ զինուորականներն իրենց անհանգստութիւնն էին յայտնել, որի պատճառով նախագիծն այդպէս էլ կեանքի չէր կոչուել:
Akunq.net