
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանի ներդրումներով կառուցուած Մաշտոցի 33/1 շէնքում բնակարան գնելու համար 37 մլն. 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինէ Գիւլխասեանի գործով շուրջ 9 ամիս տեւած դատաքննութիւնից յետոյ վերջապէս հրապարակուեց դատախազի մեղադրական ճառը, որը սակայն չարդարացրեց ոչ տուժող կողմի սպասելիքները, ոչ էլ բխեց շուրջ 9 ամիս տեւած դատաքննութեան ընթացքում արուած բացայայտումներից:
Մեղադրական ճառում առանց ներառելու անգամ դատաքննութեամբ բացայայտուած գործող անձանց՝ Արմէն Գալստեանի, Սեւակ Արզարունու (Արծրունի) եւ Ղեւոնդ Ղալումեանի հետ կապուած փաստական հանգամանքները, դատախազ Լեւոն Չարխիֆալակեանը դատարանից պահանջեց Էդուարդ Եսայեանին դատապարտել ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկէտով: Սակայն խնդիրը այստեղ ոչ թէ Եսայեանին տրուած ժամկէտի մէջ է, այլ այն, որ մեղադրող կողմը անգամ դատարանում հնչած այսքան բացայայտումներից յետոյ շարունակում է ամերիկահայ գործարար Խուդեանի սնանկութեան հասցուած ընկերութեան տնօրէն Եսայեանի գործողութիւնները որակել որպէս ի օգուտ Խուդեանի կատարուած գործողութիւններ: Եւ սա այն դէպքում, երբ դատարանում հարցաքննուած մի շարք վկաներ ու նաեւ ինքը՝ ամբաստանեալը, բազմիցս յստակ յայտարարել են, որ Լուսինէ Գիւլխասեանի բնակարանի թալանի առումով ամէն բան կատարուել է հէնց Վլադիսլաւ Մանգասարեանի ձեռքով եւ դատարանում հնչած բազմաթիւ վկայութիւններից ակնյայտ է, որ Եսայեանի գործողութիւնները եղել են ի օգուտ մի շարք անձանց, որոնց անունները բազմիցս յայտարարուել են, սակայն ոչ ի օգուտ Խուդեանի: Իր մեղադրական ճառում, ամփոփելով դատաքննական պրոցեսը, դատախազը Լուսինէ Գիւլխասեանի բնակարանի շուրջ կնքուած առուվաճառքի գործարքների մասով անմիջապէս սահուն անցում կատարեց Վլադիսլաւ Մանգասարեանի եղբայր Ռուբէն Մանգասարեանից մինչեւ Գայիանէ Ստեփանեան՝ արդիւնքում քօղարկելով վկաներից Արթուր Գալստեանի հետ տեղի ունեցած գործարքը, այն դէպքում, երբ հէնց Արթուր Գալստեանի գործարքով է միանգամայն ակնյայտ դառնում, թէ իրականում ովքեր են տնօրինել քաղաքացի Լուսինէ Գիւլխասեանի բնակարանը (ի դէպ՝ այդ տեսակէտից հարկ է նշել, որ դատարանն այդպէս էլ Սեւակ Արզարունուն (Արծրունի) չհարցաքննեց դատարանում՝ չնայած սրա վերաբերեալ ինչպէս ամբաստանեալի պաշտպանի, այնպէս էլ տուժող կողմի պահանջներին): Մինչդեռ դատախազը առնուազն պէտք է հաշուի առնէր գոնէ այն փաստերը, որոնցով հաստատւում էր, թէ իրականում ովքեր են տնօրինել քաղաքացի Լուսինէ Գիւլխասեանի բնակարանը: Իսկ մասնաւորապէս Արթուր Գալստեանի եւ Նարեկ Յարթունեանի ցուցմունքներով հաստատուած է այն փաստը, որ բնակարանը Ռուբէն Մանգասարեանի անուամբ ձեւակերպելուց յետոյ, յետագայ կեղծ գործարքների շնորհիւ, այն իրականում տնօրինել են Սեւակ Արզարունին (Արծրունի) եւ Արմէն Գալստեանը: Եւ եթէ նախաքննութեան ժամանակ հսկող դատախազ Արման Յակոբեանը 2012 թուականի Նոյեմբերի 21ին քննիչին պարտադիր ցուցում էր տուել կեղծ մեղադրանք առաջադրել Էդուարդ Եսայեանին, ինչպէս նաեւ խարդախութեան փաստով յարուցուած քրէական գործը քննել տնօրէնի կողմից լիազօրութիւնների չարաշահման փաստով, ապա ուղիղ 11 ամիս անց, դատարանում այս ընթացքում քննութեան ընթացքում արուած բացայայտումների լոյսի ներքոյ, մեղադրող դատախազը պարտաւոր էր փոփոխել մեղադրանքը: Սակայն մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակեանի մեղադրական ճառն ընդամէնը նախկին դատախազի կողմից տրուած մեղադրանքի կրկնութիւնն էր:
Դատախազի հրապարակած մեղադրական ճառից գոհ չէր նաեւ տուժող կողմը: Քաղաքացի Լուսինէ Գիւլխասեանի փաստաբանն իրենց ճառում նշեց, որ այս գործով իրականում նորմալ քննութիւն չի տարուել եւ իրենք պահանջում են վերաորակաւորել մեղադրանքը, քանի որ ըստ իրենց, տնօրէն Էդուարդ Եսայեանն իրականում խարդախութիւն է կատարել: Լուսինէ Գիւլխասեանը ի թիւս մի շարք այլ պահանջների, պահանջեց դատարանից առաւել խիստ պատիժ սահմանել Եսայեանի համար: Ինչպէս նաեւ յիշել այն մասին, որ գոյութիւն ունի ՀՀ Փորձաքննութիւնների ազգային բիւրոյի կողմից 01.10.2012թ. փորձագիտական եզրակացութիւն, յստակ արձանագրուել է, որ, իրօք, 07.12.200թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերութեան բանկային հաշուին մուտքագրուել է իրենց կողմից տրուած 37 մլն. 200 հազար դրամը, որից սակայն 15 մլն. 891 հազար դրամը մուտքագրուել է Ռուբէն Մանգասարեանի անուամբ, իսկ 21 մլն. 309 հազար դրամը՝ Ղեւոնդ Ղալումեանի անուամբ:
Մեղադրող դատախազ Լեւոն Չարխիֆալակեանի կողմից վերահաստատուած կեղծ մեղադրանքի հետ կապուած ՀՀ նորանշանակ գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանին է պատրաստւում դիմել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանը՝ պահանջելով, որ դատախազը միջնորդութիւն ներկայացնի եւ այս քրէական գործով վերջապէս օբյեկտիւ քննութիւն կատարուի: Գործարարի փաստաբան Լեռնիկ Յովհաննիսեանի խօսքով՝ իրենք օրէնքով սահմանուած բոլոր միջոցները ձեռնարկելու են, որպէսզի ոչ մի դէպքում Խուդեանին զրպարտող կեղծ մեղադրանքով դատական ակտ չկայացուի, այլ կայացուի մի դատական ակտ, որը կը բխի 9 ամիս շարունակ դատարանում գործով բացայայտուած հանգամանքներից:
Յարգանքներով՝
Սփիւռքահայ ներդրողների
շահերի պաշտպանութեան
նախաձեռնող խումբ