Հ-1 հանրային հեռուստաալիքի լուրերի բաժնից իմացանք գիւղատնտեսութեան նախարարի տեղեկատուութիւնը այն մասին, որ ծրագրել են հայկական Ծիրանը (առայժմ մեծատառով գրելու արժանի հայկական բնիկ միրգը) խաչաձեւելով եւրոպական ծիրանի հետ (միթէ՞ եւրոպացիք էլ կարգին ծիրան ունեն…) ընտրողաբար ստեղծել (սելեկցիա կատարել) նոր տեսակի ծիրան ստանալու համար՝ գարնանից մինչեւ աշուն պտղաբերող, ցրտադիմացկուն, հիւանդամերժ եւ լաւ տեսքով ու երկար պահպանուող ծիրան:
Յարգարժան պարոն նախարար, այնպէս արէք, որ իրենք՝ եւրոպացի՛ք, ձգտեն իրենց ծիրանը ազնուացնել հայկական մրգի տեսակների միջոցով: Փաստօրէն «կուլտուրականացուած» մրգի փոխարէն վերականգնելու ենք նախկին վայրենի կամ կիսավայրենի, բայց դիմացկուն տեսակները: Տասնեօթ տարի ԱՄՆում ապրողս ընդամէնը երկու անգամ եմ սխալուել եւ ծիրան գնել. առաջին անգամ՝ չիմանալով (իմ խամութեան պատճառով), իսկ երկրորդ անգամ՝ խաբուելով Քալիֆորնիայի պիտակից (թող մեր քալիֆորնիացիները ինձ ներեն): Այո՛, արտասահմանում մրգի ու բանջարեղէնի սեզոն չկայ: Բայց խանդավառ գնողներ էլ չկան ոչ միայն այն պատճառով, որ սեզոնից դուրս դրանց գները շատ բարձր են, այլեւ՝ դրանց անհամութեան պատճառով: Նոյնիսկ արտասահմանցիներն են գործածում «Ամէն պտուղ իր սեզոնին ուտել» արտայայտութիւնը:
Պարոն նախարար, ժամանակին, Խորհրդային Հայաստանում խաղողի այնքան նոր տեսակներ բուծեցին (եւ նոյնքան էլ գիտական թեզեր-դիսերտացիաներ պաշտպանուեցին), որ վերացան մեր եզակի եւ տարբեր նպատակներին ծառայող համապատասխան խաղողի տեսակները. քաղցր, կիսաքաղցր, դառն գինիների համար, սեղանին դնելու աղանդերային (դեսերտնի): Եւ ահա երկու տարի առաջ հարց բարձրացուեց՝ արդէն վերացած խարջի կոչուող խաղողի տեսակը վերականգնելու մասին՝ բարձրորակ խմիչքների տեսակներ արտադրելու համար: Վերջին տարիներին հայաստանահայերը շուկայում չեն գտնում մեր հռչակաւոր «Անահիտ» կոչուած համեղ լոլիկի տեսակը: Փոխարէնը սկսել են աճեցնել թէեւ ողորկ ու փայլուն, բայց կաշուի նման հաստ կեղեւով անհամ լոլիկներ: Թերեւս այս օտարածին անհամամուծութիւնները ուրիշներին արտահանելու իմաստով եկամտաբեր են՝ եւ դրանով իսկ արտադրողների համար արդարացուած են, սակայն նման անհեռատես քաղաքականութեամբ կորչելու է հայկական ծիրանի փառքը: Չմոռանանք, որ «Ոսկէ Ծիրան» փառատօնի մասնակից երկրները՝ Գերմանիայից մինչեւ Ճապոնիա, հարկ համարեցին մեր ծիրանի կորիզները տանել՝ իրենց երկրներում աճեցնելու համար:
Ծագող դժուարութիւններից ա՛յդ ձեւով խուսափելու փոխարէն Դուք պէտք է լուծէք եղած այգիների տարածքները մեծացնելու, նորերը ստեղծելու, ցրտահարութիւնների ու կարկուտի դէմ պայքարի միջոցներ ձեռնարկելու խնդիրները:
Մենք չենք ուզում կասկածի տակ առնել Ձեր՝ ազգային մտածողութեամբ եւ հեռատես ու խոհեմ քաղաքականութեամբ տնտեսութիւն վարելու կարողութիւնը:
Ընդունեցէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:
ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ (ԱՄՆ)
7 Ապրիլի 2013
polorovin Hamatzayn yem,, tidetsi koughatsineroon poghoke TVen AMOT , HAZAR AMOT ISHKHANOUTYAN ARATS KAYLIN YEV VOROSHOUMIIN, YEGER TSARERE GEDREN , HOGHERE OKDAKORTSEN DARPER TSRAKIRI SHENK….AMOT