ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Ղարաբաղեան շարժման հուժկու ալիքը չէր կարող շրջանցել Հադրութի շրջանը, որտեղ միացման գաղափարի առաջամարտիկների կողմից Շարժումից աւելի վաղ ծրագրուել եւ յետագայում կեանքի է կոչուել Մայր հայրենիքից արհեստականօրէն անջատուած հայկական հատուածի՝ բնօրրան վերադարձնելու գաղափարը: Շրջանն ունեցել է մի խումբ նուիրեալներ, ովքեր իրենց հետեւից տանելով հասարակ ժողովրդին՝ ղեկավարել եւ ուղղորդել են նրա պայքարը:
Շրջանը փետրուարեան ցոյցերին գնաց նախապատրաստուած՝ ունենալով ազգային գաղափարների եւ արժէքների այն ամբողջական համակարգը, որն ի զօրու էր համախմբել բիւրաւոր մարդկանց:
Զարթօնքի օրերի յիշողութիւններով ու այսօրուայ գնահատականներով «Ազատ Արցախ»ին է ներկայանում Հադրութում ծաւալուած ազատագրական պայքարի նուիրեալ, ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամաւոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Լեւոն ՀԱՅՐԻՅԵԱՆԸ.
«Ժողովրդի դերը պատմութեան մէջ իրօք մեծ է: Մեծ է նաեւ ժողովրդին իր յետեւից տանող անհատների դերը, ուստի եւ, խօսելով Ղարաբաղեան շարժման մասին՝ չպէտք է մոռացութեան մատնենք, նախեւառաջ, գաղափարակիրներին, ում կատարած գործը պէտք է մնայ մեր յիշողութեան մէջ եւ յաւուր պատշաճի արժեւորուի: Այսօր, երբ մենք խօսում ենք Ղարաբաղեան շարժման մասին, պիտի շեշտենք, որ Իգոր Մուրադեանն է ծրագրել, նախագծել եւ իրականութիւն դարձրել Շարժումը: Լ. Հայրիյեանն այս նախաբանով սկսեց իր զրոյցը:
Իգոր Մուրադեան, Արթուր Մկրտչեան, Մանուէլ Սարգսեան, Էմիլ Աբրահամեան, Վիգէն Գրիգորեան, Էրիկ Աբրահամեան, Գրիշա Հայրապետեան. իրաւամբ, նրանք էին շրջանում ծաւալուած ազգային-ազատագրական պայքարի առաջատար եւ կազմակերպող ուժը:
Այն տարիներին Լեւոնը ֆիզիկա էր դասաւանդում Հադրութի շրջանի Էդիլլու գիւղում: Պատմեց, որ 1986 թուականի ամառային մի օր Արթուր Մկրտչեանը կանչեց իրեն ու ասաց, որ գնալու են Քիւրաթաղ: Երեւանից եկել էր Սարգսեան Մանուէլը. նա ճարտարապետ էր, զբաղւում էր եկեղեցիների չափագրմամբ: Նրանց հետ էր Էմիլ Աբրահամեանը: Ոտքով Էդիլլուից շարժուեցին դէպի Քիւրաթաղ եւ սկսեցին խօսել ազգային ու հոգեւոր արժէքների մասին: Զրոյցը յանգեց նրան, որ այդ արժէքները պահպանելու համար անհրաժեշտ է վերամիաւորուել Մայր Հայաստանին, որն իր հերթին ենթադրում է համաժողովրդական շարժում: Կարծիքների փոխանակման ժամանակ Լ. Հայրիյեանն ասաց, որ ինքը համազգային զարթօնքի նախադրեալներ չի տեսնում եւ գտնում է, որ ժամանակը դեռ պէտք է հասունանայ, այսինքն՝ ազգային կրթարաններում պիտի հայրենասէրների մի սերունդ ձեւաւորուի, որն էլ իր վրայ կը վերցնի ազգային-ազատագրական պայքարի նախապատրաստման եւ իրականացման առաքելութիւնը: «Աւելի ուշ,- ասաց մեր զրուցակիցը,- ես համոզուեցի, որ նրանք ճիշտ էին հարցը դրել: Իգոր Մուրադեանը մինչ այդ զրոյցների եւ քննարկումների ժամանակ կարողացել էր համոզել մեր ընկերներին, որ եկել է յարմար պահը, երբ ժողովրդին պէտք է ոտքի կանգնեցնել: Այսօր, 25 տարուայ հեռաւորութիւնից, ուզում եմ ասել, որ հպարտ եմ այն բանի համար, որ մեր ազատագրական պայքարում ծառայել եմ այդ մարդկանց հետ, նոյն «դասակում»»:
Լեւոնն ասաց, որ այդ ամառը Ի. Մուրադեանը (աշխատում էր ՀԽՍՀ էկոնոմիկայի նախարարութիւնում՝ որպէս տնտեսագէտ) Վազգէն Մանուկեանի հետ եկել էր Ղարաբաղ, հանդիպումներ եւ զրոյցներ ունեցել մարդկանց հետ: 1986 թուականից սկսուել էր նուիրեալների հաւաքագրումը միացման գաղափարի շուրջ, մնում էր ճշտել Շարժումն սկսելու ժամանակը: Շարժումից 10 տարի անց Ի. Մուրադեանը պիտի գրէր, որ իրեն յաջողուել է Հայաստանում եւ Ղարաբաղում գտնել այն հարիւր նուիրեալներին, որոնց ջանքերով հնարաւոր դարձաւ ազգային-ազատագրական պայքարի սկիզբը:
Այդ փուլին յաջորդեց ժողովրդին դիմում-կոչեր յղելու ժամանակաշրջանը: Պատմական Հայաստանի քարտէզներն էին տարածւում, ժողովրդի մէջ բացատրական աշխատանք տարւում Արցախին ու Նախիջեւանին բաժին հասած դաժան ճակատագրի պատճառների ու հետեւանքների մասին:
Լ. Հայրիյեանը յատուկ կարեւորեց նաեւ 1987 թուականի Յունուարին 9 հադրութցիների նամակը ԽՄԿԿ Կենտկոմի գլխաւոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին: Նրանք են՝ Արթուր Մկրտչեան, Մանուէլ Սարգսեան, Էմիլ Աբրահամեան, Գրիշա Հայրապետեան, Գագիկ Սադըխեան, Արմէն Ներսիսեան, Անիւտա Ներսիսեան, Էլզա Աբրահամեան, Նելլի Կասպարովա: Այնուհետեւ Հադրութում սկսուեց ստորագրահաւաք, որը բացայայտեց շրջանի բնակչութեան քաղաքական կամքը: Ի զուր չէին ասում, որ հէնց ստորագրահաւաքը պէտք է համարել ղարաբաղեան առաջին հանրաքուէն: Այո, հնարաւոր չէր, որ փետրուարեան մի օր ժողովուրդը միանգամից պաստառներով ու կարգախօսներով դուրս գար փողոց: Յիրաւի, տիտանական աշխատանք է կատարուել համաժողովրդական պայքար ծաւալելու համար: Գիւղերում կազմակերպւում էին ժողովներ, որոնք աւարտւում էին Մայր Հայաստանին միանալու մասին հռչակագրերի ընդունմամբ:
Իգոր Մուրադեանը ծաւալուն նամակ էր գրել Հէյդար Ալիեւին, որում բացայայտօրէն մեղադրել էր նրան՝ Ղարաբաղում ստեղծուած իրավիճակի համար: Վերջում գրել էր. «Ես քեզ յաղթելու եմ»:
«Մեզանում շատ յաճախ ,- շարունակեց մեր զրուցակիցը,-Շարժման սկիզբը համադրում են փետրուարեան յուզումներին, իսկ ես գտնում եմ, որ դա չէր սկիզբը: 1988ի փետրուարեան ցոյցերով ոչ թէ Շարժման սկիզբը դրուեց, այլ յաղթականօրէն աւարտուեց նրա առաջին փուլը»:
Ստորագրահաւաքից յետոյ սկսուեց հեռագրարշաւը. Հադրութից հազարաւոր հեռագրեր էին ուղարկւում Մ. Գորբաչովին: Մարդիկ միմեանց ասում էին. «Դու հեռագիր ուղարկե՞լ ես: Շու՜տ արա մէկն էլ դու ուղարկիր»: Այսօր այդ ամէնը բաւականին պարզունակ է թւում, բայց դա վկայում է ժողովրդի ոգեւորութեան մասին:
Լեւոն Հայրիյեանի համոզմամբ՝ Արթուր Մկրտչեանի դերը ըստ էութեան չի արժեւորուել: Արժանի գնահատական չի տրուել նաեւ Ղարաբաղեան շարժման փուլում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գործունէութեանն ու դերին: Ի դէպ, վերոնշեալ 100 նուիրեալներից 75ը դարձել են դաշնակցականներ:
Մարդիկ մտնում էին կուսակցութեան շարքերը՝ տեսնելով նրանում ազգային գաղափարախօսութիւն: Միւս կողմից՝ յիրաւի անգնահատելի է կուսակցութեան կողմից արցախահայութեանը ցուցաբերուած նիւթաֆինանսական օգնութիւնը: Մեր զրուցակցի խօսքերով՝ Ղարաբաղեան շարժման 25ամեակի առթիւ նորովի պիտի արժեւորուի ՀՅԴի դերը, պիտի ընդգծուի, որ 1988ի շարժումը, որը նոր երեւոյթ էր ազատագրական մտքի պատմութեան մէջ, մեծ ազդակ հաղորդեց յանուն համազգային գաղափարների ՀՅԴի մղած պայքարին:
Բոլոր որոշումներն ընդունւում էին կոլեգիալ (հաւաքական-Խմբ.) հիմունքներով: Կատարուել էր աշխատանքի յստակ բաժանում. գաղափարական ուղղութիւնը տանում էին Արթուր Մկրտչեանն ու Մանուէլ Սարգսեանը, կազմակերպական հարցերը լուծում էր Գրիշա Հայրապետեանը: Գաղափարախօսները Մահաթմա Գանդիի ուսմունքից ընդօրինակել էին քաղաքացիական անհնազանդութեան գաղափարը, որը դրսեւորւում էր Ադրբեջանից ստացուած սննդամթերքն ու միւս ապրանքները յետ ուղարկելով: Յատկապէս մեծ էր Արթուր Մկրտչեանի անձնական ազդեցութիւնը մարդկանց վրայ. նա կարողանում էր մարդկանց համոզել՝ իր գաղափարները հասցնելով նրանց:
ԼՂՀ հռչակումից եւ խորհրդարանական առաջին ընտրութիւններից յետոյ Արթուր Մկրտչեանն իր գործունէութիւնը շարունակեց Ստեփանակերտում: Արցախի Հանրապետութեան առաջին ղեկավարի մասին Լ. Հայրիյեանը խօսում է պատկառանքով եւ շեշտում, որ Արթուր Մկրտչեան-հայրենասէրի անաղարտ կերպարը մինչ այսօր մնացել է մեր ժողովրդի սրտում: Ապա վկայակոչում է Գէորգի Պետրոսեանի դիպուկ խօսքերը. «Արթուր Մկրտչեանը բարոյականութիւնը բերեց քաղաքականութիւն»:
Զրոյցի աւարտին նա խօսեց ներկայ քաղաքական իրողութիւնների մասին՝ շեշտելով, որ մեր վզին փաթաթուած պատերազմի արդիւնքում ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի մասը, ինչն իր ամրագրումն է ստացել երկրի հիմնական օրէնքում: Մեր բոլոր նուաճումների գագաթնակէտը հայկական երկրորդ պետութեան գոյութիւնն է, որով նոր էջ բացուեց հայ ժողովրդի պատմութեան մէջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչմանը, Լ. Հայրիյեանը կարճ կապեց. «Ես ինքս չեմ ճանաչում Արցախից դէպի արեւելք գոյութիւն ունեցող հանրապետութիւնը, քանի որ այնտեղ տեսնում եմ կիսով չափ հայկական, կիսով չափ էլ՝ պարսկական հողեր: Եկէք այսօր աւելի շատ մտածենք մեր երկիրը հզօրացնելու մասին»:
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
–Այս Էջը Կը Հովանաւորեն
ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՎԱՐՈՒԺԱՆ
ԵՒ ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆՆԵՐ