
1988ը դարձաւ արցախահայութեան, այնուհետ՝ համայն հայութեան մերօրեայ վերածնունդը: Փետրուարի 13ը եղաւ ընդյատակեայ շարժման եւ ժողովրդի կամարտայայտութեան ծաղկունքը: Մէկ շաբաթ հրապարակային ցոյցերին եւ երթերին զուգահեռ տեղի ունեցան ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների շրջանային եւ Ստեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջաններ, որոնք պահանջեցին հրաւիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միաւորելու օրակարգով: Փետրուարի 20ին ԼՂԻՄ մարզխորհրդի 67 պատգամաւորներ գրաւոր պահանջեցին հրաւիրել մարզխորհրդի արտահերթ նստաշրջան: Փետրուարի 20ի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը կայացրեց պատմական որոշումը՝ «Ընդառաջելով ԼՂԻՄի աշխատաւորների ցանկութիւններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագոյն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան իղձերին եւ ԼՂԻՄը Ադրբեջանական ԽՍՀի կազմից Հայկական ԽՍՀի կազմ յանձնելու հարցի դրական լուծմանը»:
Վերոյիշեալ որոշումն ուղարկուեց ինչպէս Բաքու, այնպէս էլ Երեւան եւ Մոսկուա:
70 տարիների ճնշումից յետոյ կիրառուեց զսպանակի օրինաչափ երեւոյթը:
Զգալով անխուսափելին՝ Արցախում 86ից նախապարտաստական աշխատանքներ էին տարւում՝ վերջնականօրէն առանձնանալու Ադրբեջանից եւ միանալու մայր հայրենիքին: Խորհրդային, ադրբեջանական իշխանական լծակներն ու գործակալները ամէն կերպ, ամէն միջոց կիրառեցին՝ խեղդելու Արցախում սկիզբ առնող ալիքը: Փորձուած եւ «արդիւնաւէտ» տարբերակը արեամբ խնդիրը լուծելն էր, ինչն այս անգամ արդէն անարդիւնաւէտ էր:
Արցախում սկիզբ առած շարժումը, ունենալով միանգամայն օրինական եւ սահմանադրական «պաշտպանուածութիւն», հակադրուելով անօրինական, ագրեսիւ եւ զինուած դիմադրութեան, վերածուեց ազգային ազատագրական շարժման, ինչն էլ յետագայում դարձաւ ազգային ազատագրական պայքար:
Խորհրդային Ադրբեջան պետութիւնը իր ամբողջ ներուժով այս խնդրանքին պատասխանեց՝ պատերազմ յայտարարելով իր իսկ վարչական ենթակայութեան մէջ գտնուող ժողովրդին:
Պատուով կրելով «իր վրայ դրուած գործը», պատերազմի դաշտում թողնելով հայութեան աւելի քան վեց հազար քաջորդիների կեանքը, համայն հայութիւնը արժանապատիւ դուրս եկաւ մեզ պարտադրուած պատերազմից, հռչակեց Արցախի անկախ Հանրապետութիւնը:
Այսօր ուղիղ 25 տարի է անցել այն պատմական պահից, երբ արցախահայութիւնը վճռական ոչ ասեց 70 տարիների լծին՝ սկիզբ դնելով նոր Վերածննդի:
Շնորհաւո՛ր յաղթական տօնդ, հայ ժողովուրդ…
«ԱՊԱՌԱԺ», ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷԻ
ՊԱՇՏՕՆԱԹԵՐԹ