
ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Օգոստոսի 24ին Գլենդէյլում բացուեց դերասանուհի, նկարչուհի Նարէ Հայկազեանի առաջին անհատական ցուցահանդէսը: Ցուցադրութեան համար ընտրուած շատ հետաքրքիր վայրում՝ Hollywood Production Company-ի շէնքի տանիքին, Նարէ Հայկազեանը ներկայացրեց վերջին երեք ամսուայ ընթացքում ստեղծած 24 աշխատանք:
– Ինչպէ՞ս ես Նարէ:
– Փնտռում եմ ,- Նարէի պատասխանն է: Մի բառի մէջ ամփոփւում է նրա ստեղծագործ տեսակը: «Արուեստը ճանապարհ է դէպի կատարելութիւն»,-ասում է Նարէն, իսկ ճանապարհին արուեստագէտը փնտռում է կերպարներ, մարդիկ, յոյզեր, պատասխաններ. փնտռողը՝ գիտի: Կատարելութիւնը փնտռելու Նարէի դրսեւորումներից մէկն է նկարչութիւնը՝ դերասանի մասնագիտութեան, պարի, հագուստների ձեւաւորմանը համընթաց:
Նկարելու նրա ցանկութիւնը շատ ինքնաբուխ է եղել: Բնակարանի պատը տգեղ էր, դատարկ եւ պէտք էր այն հետաքրքիր դարձնել: Թերի էին եւ անաւարտ նաեւ զգեստները,Նարէն սկսեց դրանք ձեւաւորել, նկարել կտորի վրայ՝ համապատասխանեցնել կրողին՝ իրեն, ապա ընկերուհիներին, յետոյ էլ բոլոր ցանկացողներին:
Ցուցադրութեան ներկայացրած բոլոր աշխատանքները ստեղծուել են վերջին մի քանի ամսում մէկ ներշնչմամբ:
«Երբ մի բան է ստեղծւում, այն սկսում է ներսից թակել,-ասում է Նարէն,- Երբ ասելիք կայ ու այն արդէն արտայայտուած է՝ այլեւս քոնը չէ»:
Ընկերների ոգեւորութեան եւ գնահատականի արդիւնքում էլ հնարաւոր դարձաւ Նարէ Հայկազեանի առաջին անհատական ցուցահանդէսը: Նաեւ հօրից՝ քանդակագործ Աշոտ Հայկազեանից եկած մոնումենտալի զգացողութիւնն է յայտնւում ձեւաւորման մէջ՝ կտաւները փակցուած էին սեւ ու սպիտակ մանեկենների վրայ:
Բոլոր կտաւներում՝ կոմպոզիցիաների (ստեղծագործութիւններուն-Խմբ.) տարբեր անկիւններում հայելու մասնիկներ են տեղադրուած:
«Դիմացինի արտացոլանքն անձնական մօտեցումն է իմ աշխատանքին, -ասում է Նարէն,- Իմ ցանկութիւնն էր, որ դիտողը իր մասնիկը տեսնի»:
Նախապէս, պարերի մէջ էլ Նարէին մշտապէս ոգեւորել է հայելու թեման:
«Այդ թեման ինձ միշտ անհանգստացրել է,- նշում է Նարէն,- եւ դեռ սպառուած չէ»:
Մանրիկ հայելիների օգնութեամբ ցուցադրութեան այցելուները Նարէի ստեղծագործական դաշտում էին, շարունակելով ու լրացնելով կտաւները: Գրեթէ բոլոր աշխատանքներում գոյների նեդաշնակութիւն կայ, միաժամանակ՝ պայքար ու լարուածութիւն, գոյների ու յոյզերի պոռթկում: Կտաւներն էլ նայելիս՝ կարելի է տեսնել Նարէ դերասանին, Նարէ պարուհուն:
Այս ցուցադրութեամբ Նարէն իր մէջ ամրապնդեց ու հաստատեց Նարէ նկարչուհու գոյութիւնը: Դարձաւ փաստ Նարէ արուեստագէտի այս դրսեւորումը: Այսօր նա այսպէս է արտայայտւում իւրաքանչիւր չխաղացած դերի, չպարած պարի, չծնուած ներկայացման ու ապրուած զգացումի դիմաց: