Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակութիւնը անգնահատելի է: Ուժեղ, կազմակերպուած պետականութիւնը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանութեան առաւելագոյն ապակենտրոնացում եւ կայացած ՏԻՄ համակարգ: Դժբախտաբար, ստեղծուելուց մէկ եւ կէս տասնամեակ յետոյ էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու: Անցած ճանապարհը արժեւորելու եւ ճիշտ հետեւութիւններ անելու խնդիր ունենք:
Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապէս հեղինակազրկելու ուղին է որդեգրուել: Մենք միշտ այն համոզմանն ենք եղել, որ ՏԻՄ ընտրութիւնների անհարկի կուսակցականացումը տեղին չէ: Մեր ժողովուրդը կարիք ունի իրապէս ընտրուած, յարգանք ու հեղինակութիւն վայելող, համայնքի խնդիրները լուծող ղեկավարների եւ ոչ թէ քաղաք ու գիւղ «նայողների», իշխանութեան վերարտադրման համար ձայն ապահովողների:
Բնականաբար, լիարժէք ՏԻՄ համակարգ երբեք չի կայանայ պարտադրուած ընտրութիւնների միջոցով: Ցաւօք, ստիպուած ենք արձանագրել, որ Սեպտեմբերի 9ին եւ 23ին կայանալիք ՏԻՄ ընտրութիւնների նախընտրական շրջանը այս առումով յուսադրող չէ: Ազգային ժողովի՝ բնոյթով հակաժողովրդավարական ընտրութիւններից յետոյ այժմ էլ փորձ է արւում նոյն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրութիւններ անցկացնել: Կրկին գործի է դրուել իւրայիններին ամէն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը: Թանձրացող թշնամանքի եւ անհանդուրժողականութեան մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրութիւնների անցկացման հնարաւորութիւնը: Յայտարարւում է մէկ բան, արւում է ճիշտ հակառակը: Երբեմն տեղական «հեղինակութիւնները» իրենց վրայ պետական գործառոյթներ են վերցնում ու մնում անպատիժ: Դա հիւծում է մեր երկիրը, պառակտում հասարակութիւնը: Թալինի, Ախթալայի, Կապանի, Գիւմրիի օրինակները յուշում են, որ այդ երեւոյթները եզակի չեն եւ ընդհանրական դառնալու միտում ունեն:
Մենք յայտարարում ենք, որ նման գործընթացները ուղղակիօրէն հարուածում են մեր պետականութեանը, մեր քաղաքացիների մէջ սպանում են հաւատը որակական փոփոխութիւնների հանդէպ: ՀՅԴ Գերագոյն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրութիւնների հետ կապուած ապօրինութիւնները, ճնշումները, ահաբեկման երեւոյթները եւ իշխանութիւններից պահանջում է գործուն միջոցներ ձեռնարկել դրանք բացառելու եւ ազատ, արդար, մրցակցային ընտրութիւններ անցկացնելու համար: