ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԵԱՆ
Երբ Արցախեան ազատագրական պայքարի, պատերազմի մասին է խօսւում, մտովի պատկերւում են վառ անհատականութիւններ, որոնք խորհրդանշում են յանուն ազատ ու անկախ ապրելու կամք ցուցաբերած մեր ժողովրդի լաւագոյն յատկանիշները: Այդ անհատներից է Աշոտ Ղուլեանը (Բեկոր):
Ազատամարտիկի սխրանքները, նուիրական գործունէութիւնը՝ միտուած իր ժողովրդի իղձերի իրականացմանը, պատշաճ գնահատուած են պետութեան կողմից։ 1993թ. Աշոտ Բեկորը յետմահու արժանացել է «Մարտական խա»չ 1ին աստիճանի շքանշանի, 1999ին՝ Արցախի հերոսի կոչման՝ պարգեւատրուելով «Ոսկէ արծիւ» շքանշանով: Արժանացել է նաեւ «Մայրական երախտագիտութիւն», «Շուշիի ազատագրման համար» մեդալների, ինչպէս եւ ՀՀ երկրապահների կամաւոր միութեան եւ այլ հասարակական կազմակերպութիւնների յուշամեդալների: Նրա մասին գրուել են բազմաթիւ յօդուածներ Հայաստանի եւ Արցախի մամուլում, նկարահանուած են վաւերագրական՝ լայնէկրան, կարճամետրաժ, հեռուստատեսային ֆիլմեր, գրուել են գրքեր…
Ասում են՝ հերոսները չեն մեռնում, նրանք մնում են մեզ հետ: Եւ, իրօք, այդպէս է: Նրա իմաստուն մտքերն այսօր էլ անչափ այժմէական են հնչում. «Ամէն հայ պիտի զգայ, որ առանց իրեն հայրենիքը կը փլուի», «Հայրենասիրութիւն ասած բանը ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ քեզ վրայ դրուած պարտականնութիւնների բարեխղճօրէն կատարում: Եթէ զինուորից սկսած մինչեւ նախարար բոլորանուէր իրենց գործն անեն, մեր բոլոր ձեռնարկումները կը պսակուեն յաղթանակով»:
Աշոտ Բեկորը մեզ հետ է, քանզի նա ապրում է իր անունը կրող՝ Ստեփանակերտի թիւ 2 հանրակրթական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների սրտերում: Ստեփանակերտի գեղատեսիլ անկիւններից մէկում տեղադրուած է Աշոտ Բեկորի յուշաքանդակը, իսկ զբօսայգին կրում է նրա անունը: Իր բարձրահարթակից սրտացաւ հայեացքով նա ասես դիտում է սիրած քաղաքի անցուդարձը՝ ամէն պահ համոզուած, որ իր եւ իր ընկերներին հերթափոխած սերունդները շարունակում են իրենց գործը: Շուշի քաղաքի փողոցներից մէկը Աշոտ Ղուլեանի անուամբ է: Ստեփանակերտում կենտրոնական պաշտպանական շրջանում առաջին մոտոհրաձգային վաշտը կրում է Աշոտ Ղուլեանի անունը։ ՀՅԴ «Արթուր Մկտչեան» կոմիտէում գործում է «Բեկոր» խումբը, Երեւանի Նոր Նորք համայնքում՝ պատանի տեխնիկների Աշոտ Բեկորի անուան կայան-թանգարանը, հեռաւոր Կանադայի Լաւալ քաղաքում՝ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միութեան «Բեկոր Աշոտ» մասնաճիւղը: Եւ այս շարքը շարունակական է:
Վերջերս այն լրացրեց «Բեկոր Աշոտ» բարեգործական հիմնադրամը, որը կեանքի կոչուեց Աշոտի տիկնոջ՝ նրա երեք զաւակների մայր Նելի Ղուլեանի մտայղացմամբ ու ջանքերով: Հիմնադրամի խնդիրը, նախ եւ առաջ, Արցախեան ազգային-ազատագրական շարժման եւ պատերազմի մասնակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին աջակցելն է, շեշտում է տիկին Նելին, ինչպէս եւ ՀՀ քաղաքներում գործող «Մարտական փառք» թանգարանների հետ սերտ կապեր հաստատելը: Նպատակներն ու ուղղութիւնները շատ ու բազմազան են, թուարկում է նա, Շուշիում ստեղծել Աշոտ Բեկորի անուան տուն-թանգարան, որտեղ կը զետեղուեն Արցախեան ազգային-ազատագրական շարժման եւ պատերազմի այն մասնակիցների գործունէութիւնն արտացոլող նիւթերը, ովքեր առնչուել են Աշոտ Բեկորի հետ: Մարտակերտի շրջանի Դրմբոն գիւղի մօտակայքում կառուցել մատուռ՝ ի յիշատակ Աշոտ Ղուլեանի եւ իր մարտական ընկերների: Աջակցել եւ խրախուսել Ա. Ղուլեանի անունը կրող՝ Ստեփանակերտի թիւ 2 դպրոցի շնորհաշատ երեխաներին, ինչպէս եւ ազգային-ազատագրական շարժման ու պատերազմի մասին լաւագոյն հրապարակումների հեղինակներին: Հիմնադրամի ուղղութիւններից է լինելու հրատարակչական գործունէութիւնը, ինչպէս նաեւ լաւագոյն ուսանողների համար դրամական պարգեւների եւ անուանական թոշակների սահմանումը: Աշխատանք կը տարուի «Բեկոր Աշոտ» մարտական պարգեւ (պատուոգիր եւ մեդալ) ստեղծելու ուղղութեամբ. այն հիմնադրամի կողմից կը տրուի զօրամասերում աչքի ընկած լաւագոյն զինծառայողներին:
Հիմնադրամի ստեղծման կապակցութեամբ տիկին Ղուլեանի կոչն իր հայրենակիցներին, կարծում ենք, անհրաժեշտ է տեղադրել նաեւ մեր թերթի էջերում. «…Մենք, զոհուածների կանայք, մեր հոգում տանում ենք ե՛ւ կորստի ցաւը, ե՛ւ յաղթանակի բերկրանքը: Մենք հպարտանում ենք ազատագրուած Արցախով… Այսօր ապրողներիս կամքն ու ցանկութիւնը կատարելու համար ստեղծել ենք «Բեկոր Աշոտ» բարեգործական հիմնադրամը: Սա լոկ գլխագիր չէ… Սա ապրողների համար է ստեղծւում: Հիմնադրամը մտայղացել եւ ցանկանում է ձեր ուժերով ու միջոցներով իրականացնել մեր ազատագրական պայքարի մասունքների հաւաքագրումը (որպէսզի սերունդներին թողնենք պատմութեան ճշմարտացիութիւնը), որը կ՛ամփոփուի Շուշիում կառուցուելիք թանգարանում: Ինչպէս եւ՝ կառուցել մատուռ-աղօթատեղի, որտեղ մեր թոռները սաղմոս կերգեն նրանց լուսաւոր հոգիների համար: Բազում նպատակներ ու մտայղացումներ ունի Հիմնադրամը: Ուստի ակնկալում ենք ձեր առաջարկութիւնները, աջակցութիւնը, մի խօսքով, Հիմնադրամին զօրաւիգ կանգնելու ձեր ցանկութիւնը»:
Հիմնադրամի հաշիւը զետեղուած է AMERIABANK-ում եւ ունի արտարժոյթի չորս տարբերակ. ՀՀ դր.՝ N1570012047400100
ԱՄՆ՝ N1570012047400101
ԵՒՐՕ՝ N1570012047400146
ՌՈՒԲԼԻ՝ N157001204700158