ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԵԱՆ

Մայիսի 12ին ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում կայացաւ «Վանայ ծովի արշալոյսը» գեղարուեստական ֆիլմի ստեփանակերտեան առաջնախաղը, այն ցուցադրուեց նաեւ յաջորդ օրը: Ի դէպ, ֆիլմի յաղթարշաւը սկսուել է Երեւանից, որտեղ Ապրիլի 23ին կայացաւ առաջնախաղն ու արդէն երեք շաբաթ է՝ նա չի իջնում «Մոսկուա» կինոթատրոնի էկրանից: Ցուցադրման յաջորդ կէտը, բնականաբար, պէտք է լինէր Ստեփանակերտը, համոզուած էին ֆիլմի ստեղծողները: Մեծ պատիւ է այն ցուցադրել հերոսական Արցախում. ողջ խմբի կարծիքը ներկայացրեց գլխաւոր դերակատար, յայտնի դերասան Կարէն æհանգիրեանը:
Առաջնախաղի հանդիսաւոր դիտմանը ներկայ էին Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը, ԱԺ խօսնակ Աշոտ Ղուլեանը, վարչապետ Արա Յարութիւնեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ: Առաջնախաղին ներկայ էր ֆիլմի գլխաւոր պրոդիւսեր, յայտնի բարերար, «Արմաւիա» ընկերութեան գլխաւոր տնօրէն Միխայիլ Բաղդասարովը:
Ֆիլմը, տեղեկացնում է բեմադրող-ռեժիսոր Արտակ Ղուլեանը, ցեղասպանութեան, աւելի ճիշդ, անասելի այդ ողբերգութեան հետեւանքների մասին է. իւրաքանչիւրիս համար՝ խորհելու առիթ:
Ֆիլմը նկարահանելու համար ներգրաւուել են տաղանդաւոր ուժեր՝ յայտնի եւ նոր–նոր ասպարէզ մտնող դերասաններ: Կարծում ենք, ազնիւ, լիարժէք աշխատանքի շնորհիւ յաջողուեց անկեղծ լինել թէ՛ հանդիսատեսի եւ թէ՛ ստեղծագործական խումբն՝ իր իսկ առջեւ: Տեղեկացնենք, ֆիլմի պրոդիւսերը Մարտուն Ադոյեանն է, սցենարը՝ Արէն եւ Արմէն Վատեանների, բեմադրող-ռեժիսորը՝ Արտակ Իգիթեանը, ռեժիսորը՝ Վահան Ստեփանեանը, կոմպոզիտորը՝ Հայկօն, գլխաւոր դերերում՝ Կարէն æհանգիրեան (Կարապետ պապը, Հայաստան), Ժան Պիեռ Նշանեանը (Տիգրան՝ Կարապետի որդի, ԱՄՆ), Արեւիկ Մարտիրոսեան (Մանէ՝ Տիգրանի երկրորդ կինը, Ֆրանսիա), Արէն Վատեան (Գէորգ՝ Կարապետի թոռը, ՌԴ), Գիւնիշի Զան (Գէորգի ընկերուհին, Թուրքիա):
Ֆիլմը բարձրացնում է հրատապ, ցաւոտ թեմա. ահեղ այն օրերից հարիւր տարի անց, ինչպէ՞ս է հայ մարդն այդ ցաւն ընկալում, ընդունում: Արդեօ՞ք Թուրքիայում դարասկզբին կատարուած Ցեղասպանութիւնից փրկուած հայի զաւակը, թոռը պատրաստ է իր վրայ վերցնել ոճրագործին մարդկութեան դատին յանձնելու պարտականութիւնը: Դրսում գլոբալացումն է տիրում, հարիւր տարի է անցել. ի՜նչ ցեղասպանութեան մասին է խօսքը, բացականչում է հերոսի թոռը, ասել է թէ նրա շուրթերով խօսում է երիտասարդ հայ ժամանակակիցը: Արդեօ՞ք, գլոբալացմանն ի զօրու է դիմանալ, յաղթահարել հայի յիշողութիւնը: Թէ՞ եւս մի քանի տասնեակ տարի, եւ ահաւոր այդ ոճրագործութեան մասին անգամ հայ մարդը չի յիշի… Հարցեր՝ հրատապ, ցաւոտ, որոնց փորձում են իրենց պատասխանը տալ ֆիլմի հեղինակները:
Հայի համար ամենակարեւոր արժէքն ընտանիքն է, որդու երեսին ճչում է ցեղասպանութիւնից փրկ-ուած, հեռաւոր Ամերիկայում ապաստան գտած, սրբազան Երկիրն իր երբեք չմոռացած հայ մարդը: Այս իմաստնութիւնը, այս սկիզբների սկիզբը նա ժառանգել է իր պապերից: Բայց որ չի կարողանում ժառանգութիւնն այդ թողնել իր զաւակներին՝ հոգին խռովուում է, ըմբոստանում… Խռովում է այն մտքից, որ գենետիկական կոդի թելն իր վրայ պէտք է կը տրուի: Ինչպէս նա կարող է հանդուրժել դա: Նա, որ արիւնալի այդ յորձանուտում կորցրել է ողջ գերդաստանը, կորցրել է հայրենիքը… «Տիգրան Մեծից միայն անունդ է մնացել քո մէջ», ցաւով ասում է Կարապետ պապը որդուն, բայց եւ մտքում մի յոյս փայփայում, որ դա լոկ այդպէս չէ, եւ որ կը գայ այն օրը, երբ իր, կարծես հողմաղացների հետ պայքար յիշեցնող մենամարտը կը շարունակեն վաղուց ապահով կեանքով ապրող իր զաւակը, թոռը: Որ գոնէ նրանց կը յաջողուի տեսնել սրբազան երկիրը, ետ վերադարձնել ու նորից տէր կանգնել պապենական հողին: Թոռան թրքուհի ընկերուհին նրա հօր տանն անակնկալի է գալիս՝ բախուելով այս բոլոր հարցադրումներին: Այո, անձամբ նա ոչ մի վատ բան չի արել ոչ հայի, ոչ էլ որեւէ այլ մարդու հանդէպ: Բայց… հասկանում է ցաւն ու հեռանում: Պատասխան, թէկուզ տասնեակ տարիներ անց, ով էլ լինի՝ թէ՛ ոճրագործների թոռները, թէ՛ ծոռները… անթիւ անմեղ զոհերի հոգիների Դատի առաջ պէտք է տայ: Դերասանը դա հասկացել է, ընդունել, ուստի համաձայնուել խաղալ ֆիլմում…
Կինոնկարը դեռ հանուած չէ վաճառքի: Հեղինակները պատրաստւում են ներկայացնել այն միջազգային փառատօններին՝ ակնկալելով անաչառ գնահատական:
