Չարի մռնչոց, բարու արտասուք,
Անբառնալի ցաւ, ճանապարհ մահուան,
Ողորկ նենգութիւն՝ ձեռքեր դահիճի,
Ընտրանք՝ հաւատքի ու լինելութեան:
Ապրիլեան օրը մթնել էր արդէն,
Խաւարն էր ձորից երկինք բարձրացել,
Երգը դաշտերում լռել էր վաղուց,
Հայ օճախների լոյսն էր դալկացել:
Բացուել էր մահի երախն արնախում,
Թախծոտ աչքերից սարսափն էր հոսում,
Գոյժն էր դեգերել հազարաբերան,
Անմեղ մանուկներ՝ թիրախ են դառնում:
Երկար քարաւան, սովեալ անապատ,
Ուր մարդիկ անլուր մխանքով ընկան,
Ճիչեր՝ որ ահից երկինք բարձրացան,
Վերջին ցոլքերով, վերջին ամոքման:
Աշխարհ անլեզու, աշխար հեգնութեան,
Կեանքի դաւերին սառն ու անհաղորդ,
Նա ով, անրջեց լոյսը բարութեան,
Դարձաւ պատանդը, զոհը անկենդան:
Գիտենք որ սին էր որոգայթն հոգու,
Հայը կարեկցանք էլ չի հայցելու,
Իր սիրտը արդէն շեղբերից խոցուած,
Ամբարիշտներին էլ չի ներելու:
Մահուան սարսափի ամպն է ցրելու,
Արեւի պայծառ շողն է ըմպելու,
Վախճան չունեցող իր նախնիների,
Անխոնջ հաւատով՝ վեր է յառնելու :
Դարերից եկող մի հին ժողովուրդ,
Յոյսի եւ լոյսի՝ դռներն պիտ բանայ,
Երազանքներով անպարփակելի,
Իր լոյս յաւէրժին՝ գամուած պիտ՛ մնայ:
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ
ՊՈՍԹՈՆ