2011թ. Ապրիլի 8ին ԱՄՆ պետքարտուղարութիւնը հրատարակեց 2010թ. մարդու իրաւունքների մասին զեկոյցը: Ինչպէս եւ անցեալ տարի, այս տարի նոյնպէս զեկոյցի՝ Վրաստանին վերաբերող մասում ջաւախքահայութեան իրաւունքների ոտնահարման փաստերը ներկայացուած են խիստ թերի եւ խեղաթիւրուած կերպով:
Մասնաւորապէս զեկոյցում արտացոլուած չեն ջաւախքահայութեան իրաւունքների ոտնահարման հետեւեալ փաստերը.
– Ջաւախքահայութեան հասարակական-քաղաքական կեանքը գտնւում է վրաց ուժային կառոյցների շարունակական, ուղղակի եւ տոտալ (ամբողջական-Խմբ.) վերահսկողութեան ներքոյ: Ոստիկանութեան կողմից իրականացուող անօրինական գործողութիւնների միջոցով (ճնշումներ, սպառնալիքներ, անօրինական կալանք, շինծու քրէական գործերի յարուցում եւ այլն) արմատախիլ են արւում ջաւախքահայութեան հասարակական բողոքի անգամ չնչին դրսեւորումները:

– Հայաբնակ շրջաններում յօգուտ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» իշխող կուսակցութեան կեղծուեցին 2010թ. Մայիսին կայացած ՏԻՄ (Տեղական Ինքնակառավարման Մարմիններու-Խմբ.) ընտրութիւնների արդիւնքները:
– Վրաստանի օրէնսդրութեամբ արգելւում է ստեղծել քաղաքական կազմակերպութիւններ տարածաշրջանային հիմքի վրայ: Դրա հետեւանքով ջաւախքեան քաղաքական կառոյցները ընտրութիւններին մասնակցելու համար ստիպուած են ուղիներ փնտռել համավրաստանեան որեւէ քաղաքական կուսակցութեան ընտրական ցուցակներում ընդգրկուելու համար: Սա էապէս խոչընդոտում է հայ բնակչութեան շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցութեանը հանրային կեանքին:
– Վրացական իշխանութիւնները արագացուած տեմպերով (կշռոյթով-Խմբ.) շարունակում են համախումբ հայ բնակչութիւն ունեցող շրջաններում հանրային կեանքի բոլոր ոլորտներում վրացերէն լեզուի բռնի պարտադրման քաղաքականութեան իրականացումը՝ արհամարհելով հայերէնին մարզային լեզուի կարգավիճակ տալու ջաւախքահայութեան պահանջները: Դրանով կոպիտ ոտնահարւում են Վրաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնները, այդ թւում՝ Ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան Եւրոպական շրջանակային կոնվենցիայի (ուխտի, համաձայնագրի-Խմբ.) դրոյթները:
– Սամցխէ-Ջաւախք նահանգում հայերն, ըստ պաշտօնական տուեալների, կազմում են բնակչութեան 55 տոկոսը, սակայն նրանք գրեթէ ներկայացուած չեն նահանգի կառավարման մարմիններում:
– Վրացական իշխանութիւնները շարունակում են սահմանի վրայ անօրինական խոչընդոտներ ստեղծել հայալեզու գրականութիւն եւ մամուլ Ջաւախք փոխադրելու հարցում:
Զեկոյցում արդարացիօրէն նշւում է, որ ջաւախքահայերը բողոքում են հայերէնին մարզային լեզուի կարգավիճակ տալու վրաց իշխանութիւնների դժկամութիւնից, սակայն դրանից անմիջապէս յետոյ աւելացւում է, որ «ըստ որոշ ՀԿների (հասարակական կազմակերպութիւններու-Խմբ.)՝ վրաց լեզուի ուսուցման վիճակը բարելաւուել է»: Դրանով ԱՄՆ պետքարտուղարութիւնը կարծես թէ անուղղակիօրէն քաջալերում է իշխանութիւններին շարունակել Ջաւախքում վրաց լեզուի արագացուած եւ բռնի ներդրման իրենց քաղաքականութիւնը, որը ջաւախքահայութեան դժգոհութեան հիմնական աղբիւրներից մէկն է:
2010թ. զեկոյցում չեն շտկուել շինծու մեղադրանքների հիման վրայ 10 տարուայ ազատազրկման դատապարտուած ջաւախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալեանի գործին վերաբերող անճշտութիւնները: Միեւնոյն ժամանակ, որպէս դրական երեւոյթ, պէտք է արձանագրել, որ նոր զեկոյցում ԱՄՆ պետքարտուղարութիւնը զետեղել է հայկական կողմի ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալեանը բանտարկուել է ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած իր հասարակական-քաղաքական գործունէութեան պատճառով:
Համեմատելով զեկոյցի Վրաստանին վերաբերող հատուածը տարածաշրջանի այլ երկրներին վերաբերող մասերի հետ, կարելի է արձանագրել, որ նշելով Վրաստանում արդար դատավարութեան բացակայութեան, իշխանութիւնների կողմից դատական համակարգի վերահսկողութեան եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդման երեւոյթների մասին, երեւոյթներ, որոնցից տուժում են նաեւ ջաւախքահայերը, ԱՄՆ պետքարտուղարութիւնն այնուամենայնիւ խուսափում է դրանց համարժէք գնահատականներ տալ՝ Վրաստանի հանդէպ կիրառելով երկակի չափանիշներ:
ԱՄՆ որպէս Վրաստանի հիմնական գործընկերներից մէկը, իր զեկոյցում չլուսաբանելով Վրաստանում մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների տարրական իրաւունքների ոտնահարման հիմնական փաստերը, ըստ էութեան արտօնում է Սաակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականութիւնը: Դրանով ԱՄՆ իշխանութիւնները «արջի ծառայութիւն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանութիւնների ներկայ գործելաոճը օրէցօր աւելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թւում նաեւ՝ ջաւախքահայերի դժգոհութիւնը:
Ելնելով վերոնշեալից՝ Ջաւախքահայութեան իրաւունքների պաշտպանութեան համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանութիւններին իրենց զեկոյցներում առաւել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչութեան խնդիրները, ինչպէս նաեւ ակտիւացնել (աշխուժացնել-Խմբ.) ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտաւորութիւնների լիարժէք կատարումն ապահովելու ուղղութեամբ:
ՋԱՒԱԽՔԱՀԱՅՈՒԹԵԱՆ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ