
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Ներկայումս աշխարհում բազմաթիւ խնդիրներ կան, սկսած Լիբիայի քաղաքական իրավիճակից եւ վերջացրած Ճապոնիայի բազմաբնոյթ աղէտներով: Կան նաեւ հները, ինչպիսիք են համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ եւրոպական երկրների պարտքը: Վերջինս կարծես շուտով իր լուծումը կը ստանայ, որքան էլ դա անհաւանական թուայ: Ապացոյց կարելի է համարել այն փաստը, որ եւրոն անկում չապրեց, երբ հետեւելով իռլանդացի իր պաշտօնակցի օրինակին՝ Պորտուգալիայի վարչապետը հրաժարական տուեց:
Այս ցնցող նորութիւնը նոյնպէս խառնաշփոթ չստեղծեց ֆոնդային բորսայում: Երբ անցեալ տարի նոյն իրավիճակում Յունաստանն էր, եւրոն շեշտակի անկում գրանցեց, իսկ Միացեալ Նահանգների տնտեսութեան վերականգնումը յայտնուեց մեծ հարցականի տակ:
Լուրջ տեղաշարժների նկատմամբ այս թեթեւ արձագանգի բացատրութիւններից մէկն այն է, որ շուկան արդէն վաղուց պատրաստ էր դէպքերի նման զարգացմանը: Բացի այդ, կարծես համոզուածութիւն է առաջանում, որ Եւրոպան կարող է յաղթահարել արդէն իսկ երրորդ պարտքի ճգնաժամը եւ ամրապնդել իր արժոյթի դիրքերը: Եւրոպական երկրները պարտքերի դէմ պայքարի նոր երկարաժամկէտ ծրագիր են մշակել, որը թոյլ կը տայ Եւրամիութեան անդամ երկրներին կանոնակարգել իրենց ֆինանսական վիճակը: Այս գործընթացն արդէն սկսուել է. այն ներառում է օգնութեան մշտական հիմնադրամը, որը եկել է փոխարինելու ժամանակաւոր հիմնադրամին: Այսպիսով նաեւ տեղի է ունենում երկրների մերձեցում՝ հակառակ նախկին քաղաքականութեանը, համաձայն որի անդամ երկրները փորձում էին ճնշում գործադրել իրենց «շռայլ ծախսող» հարեւանների վրայ: Փորձը ցոյց տուեց, որ այդ քաղաքականութիւնը չի գործում:
Այս մշտական հիմնադրամի դէպքում նախահաշուի հսկայական պակասուրդ ունեցող երկրները հաստատուն օգնութիւն կը ստանան եթէ՝ «ճիշդ ուղի» բռնեն: Բացի այդ ֆինանսական խնդիրներ ունեցող երկրներն արդէն սկսել են սահմանափակել իրենց ծախսերը: Սա իհարկէ առաջացնում է քաղաքացիների դժգոհութիւնը, սակայն իր դրական ազդեցութիւնն է ունենում ֆինանսական շուկաների վրայ:
Դրական է նաեւ այն, որ հակառակ կանխատեսումներին, Իսպանիան դեռեւս օգնութեան հիմնադրամներին դիմելու կարիք չունի: Երկրի կառավարութիւնը յայտարարել է նախահաշուի պակասուրդի վերահսկմանը եւ հարկերից խուսափելու դէմ պայքարին ուղղուած նոր միջոցների մասին:
Այս ամէնն իհարկէ դրական տեղաշարժերի մասին է խօսում, սակայն պէտք չէ նաեւ մոռանալ, որ Գերմանիան եւ Ֆրանսիան նոյնպէս պարտքի խնդիր ունեն, չնայած իրենց ուժեղ տնտեսութիւններին: Հարկ է յիշել նաեւ, որ ծախսերի կրճատումն էլ ինքնանպատակ չպէտք է լինի. այս միջոցի շահագործումը կարող է կանգնեցնել տնտեսական վերականգնումը: Այս ամէնով հանդերձ Եւրոպան համախմբուածութեան դրական օրինակ է ցոյց տալիս աշխարհի երկրներին:
————————————————————————————————————————————————
Տնտեսութեան Մէջ Դեռեւս Տիրապետում Է Անորոշութիւնը
Մարտ ամսին աճ գրանցած վառելիքի արժէքը թարմացրել է դոլարի արժէզրկման վերաբերեալ գոյութիւն ունեցող վախը, քանի որ դէպքերի այդ զարգացման դէպքում կտրուկ կը նուազեն սպառումը եւ տնտեսական աճը:
Բնակարանային շուկայի ուսումնասիրութիւնը նոյնպէս պարզել է, որ ոլորտում գների շարունակական անկում է արձանագրուել:
Այնուամենայնիւ վերլուծաբանները կարծում են, որ վառելիքի բարձր գնի բացասական ազդեցութիւնը տնտեսութեան աճի վրայ ժամանակաւոր բնոյթ կը կրի: Կարելի է ասել, որ վերականգնումը յարատեւ չէ, քանի որ վերելքին յաջորդում է վայրէջքը: Այս ամէնը նուազեցնում է սպառողների ակտիւութիւնը, իսկ բենզինի աճող գինը միայն բարդացնում է իրավիճակը: Այն գնալով բարդանում է, քանի որ բնակարանների գներն էլ գնալով նուազում են, ինչի պատճառը վարկի գծով չվճարած պարտքի համար առգրաւուած բնակարանների մեծ քանակն է շուկայում:
Բացասական է այն փաստը, որ նման ցածր ցուցանիշ անշարժ գոյքի շուկան գրանցել էր 2009թ. Ապրիլին, իսկ այն քաղաքացիների թիւը, որոնք չեն կարողանում վճարել իրենց բնակարանների վարկը գնալով աճում է: Այս հանգամանքը ստիպում է վերլուծաբաններին պնդել, որ սա շատ աւելի մեծ վնաս կը հասցնի տնտեսութեանը. շինարարութիւնը կազմում է երկրի համախառն ներքին արդիւնքի 2.3%:
Միացեալ Նահանգների կենտրոնական բանկի համար ամենավատ լուրը կը լինի դոլարի արժէզրկումը, սակայն կարծես ոչինչ չի յուզում պաշտօնեաներին: Նրանք շարունակում են պետական պարտատոմսերի գնումը, որպէսզի խթանեն աշխատաշուկան եւ կանգնեցնեն գների անկումը: Նրանց ջանքերը կարող են ի զուր անցնել, եթէ սպառման առարկաների գների կտրուկ աճը յանգեցնի գնաճի: Մէկ այլ անհանգստութեան պատճառ կարող էր լինել Ճապոնիայի երկրաշարժը, սակայն ուսումնասիրութիւնները դեռեւս յստակ տեղեկութիւններ չեն պարունակում այդպիսի ազդեցութեան մասին: Մասնագէտները աւելի հակուած են կարծել, որ սպառողների ակտիւութեան անկումը պայմանաւորուած էր դեռ նախքան երկրաշարժը՝ առկայ օրինաչափութիւններով: