ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ

Եթէ ոչ ամէն օր, գոնէ շաբաթը մէկ, լա՛ւ թող լինի ամիսը մէկ անգամ, հեռախօսով գերեզման գնելու առաջարկ եմ ստանում: Կալիֆորնիա մուտք գործած հային անսովոր այս առաջարկները, երբեմն ընդվզումի պատճառ են դառնում, հայհոյում են, վիրաւորում, ոմանց սիրտը անգամ սկսում է վատ բաներ գուշակել՝ գիշերները չեն քնում: Յետոյ՝ ժամանակը ամէն ինչ հարթում է, նոր եկողը յարմարւում է, սկսում է աւելի քաղաքակիրթ պատասխանել գերեզման առաջարկողների զանգերին, անգամ գալիս է ժամանակ, որ ինք է զանգահարում ու լաւ պայմաններ խնդրում:
Հայերս երբեմն էլ այդ փոքրիկ հողակտորները, որպէս նուէր ենք գնում մեր վատառողջ, անմիջական հարազատի, ասենք՝ զոքանչի համար: Ի հարկէ, դա մնում է գաղտնիք մինչեւ այն ժամանակ, երբ տուեալ անձի ոգին լուսաւորւում է: Իսկ եթէ մահամերձը չի մահանում ու հարազատներին յուսախաբ է անում, բախտը բերում է նուէր գնողին: Հողի արժէքը տարէ-տարի, ամսէ-ամիս, օրը-օրի բարձրանում է, գերեզմանահող գնողը կարողանում է աւելի բարձր արժեքով վաճառել իր գնած հողակտորն ու գումարը ներդնում մի այլ բնագավառում:
Ես էլ եմ գնել. վեց հոգու համար տեղ ունեմ, չգիտեմ ո՞ւմ բախտ կը վիճակուի վայելել այդ հրաշալի այգում գտնուող հողաբաժիններս: Տարիներ առաջ եմ գնել, արժէքը համարեայ կրկնապատկուել է:
Ի՞նչ է, վա՞տ է: Վատը այն է, որ դեռ չգիտեմ ո՞րն է իմը լինելու, ո՞վ է լինելու իմ հարեւանը, ի՞նչ ազգից, կամ ինչպիսի հաւատ է ունենալու այդ երջանիկը: Վերջապէս, դա յաւիտենական հանգրուան է, ոչ վարձով տուն է, ոչ սեփական՝ վաճառքի ենթակայ բնակարան, ոչ էլ կողակից, որ ծայրահեղ դէպքում կարողանաս ապահարզահան տալ:
Դրա համար էլ ասում եմ. «Աչքը լոյս հայ մեռելների», որովհետեւ մօտակայ Հոլիվուդ Հիլզի գեղատեսիլ Ֆորեսթ Լոն հայաշատ գերեզմանատան տնօրինութեան հանճարեղ մտայղացումով, գերեզմանատան մի հատուածում, քարէ միջնորմերով հողամասեր են առանձնացրել ու բեռլինեան պարիսպ յիշեցնող հիմնական պատը զարդարել են մեր ժողովրդի համար երկու սրբութիւնների՝ ԱՐԱՐԱՏ լեռան ու հայկական ԵԿԵՂԵՑՈՒ խճանկարային պատկերներով, որի առջեւի քարէ հսկայ դագաղ յիշեցնող ութ հոգիանոց դամբարանը, իր խորհրդանշական ութ ոչխարներով, ունի իր պատուաբեր արժէքը (շուրջ 300 հազար դոլար): Հօրս արեւ, լուրջ եմ ասում, այս օրերում ութ յարկաբաժին բնակելի շէնքի գին:
Ասում են (չգիտեմ ինչքանով է իրական) սովետախտով հիւանդ հայերի բարեկամ՝ Ստալին հայրիկը, ցանկացել է հայերին հիանալի պայմաններով տեղափոխել Սիբիր եւ ապահովել նրանց կենցաղային բոլոր կարիքները: Ժամանակի մեր կաթողիկոսը պայման է առաջարկել. «Նախ տեղափոխել ԱՐԱՐԱՏԸ, յետոյ միայն ժողովրդին»: Դրանով էլ հարցը փակուել է: Ստալինի երազը իրականացրեց մեր անկախութիւնը, նախ ժողովուրդը տեղափոխուեաց, ոչ թէ Սիբիր, այլ աւելի հեռաւոր ափեր, ապա ԱՐԱՐԱՏի տնազը, կամ այսպէս ասած՝ խճապատկերը, տեղափոխեցին նրանց գերեզմանատանը, որպէս հայ մեռելների յաւերժութեան խորհրդանիշ:

Հրաշալի է, Արարատի լանջերին ապրելու փոխարէն, այս հեռաւոր ափերում թաղւում ենք նրա պատկերի տակ ու գլուխ գովում՝ «հպարտ եմ, որ հայ եմ»:
Ինչ որ է, ես մի բանի վրայ էլ եմ զարմանում. բիզնեսի աշխարհում ինչպիսի «հանճարեղ» մտքի թռիչքներ ասես, որ չեն լինում: Բիզնեսմենները ինչպէ՞ս են կարողանում մուտք գործել մարդկանց ազգային ոգու խորքերն ու գտնել տուեալ ազգին բնորոշ յատկութիւնները: Ֆորեստ Լոնի տնօրինութիւնը ի՞նչպիսի սկզբունքներից ելնելով է Արարատի լանջին, ութ հոգիանոց դամբարանի վրայ, ութ ոչխար պատկերել:
Հայաստանում ընդունուած է հանգուցեալի պատկերով զարդարել դամբարանի բազալտեայ քարը, իսկ դու, յարգարժան ընթերցող կարո՞ղ ես գուշակել թէ ովքե՞ր են յաւիտենական հանգիստ գտնելու այդ ութ հոգիանոց պատուաւոր դամբարանում, որոնց էլ պատկերելու են այդ ութ ոչխարները:
Հարցը նրանում է, որ իմ հայրենակիցների գերեզմանասալիկներն արդեն իսկ պատկերուած են հայկական եկեղեցիով ու Արարատ լերան պատկերով: Ոչ մի հայի գերեզմանի քարին ոչխարի պատկեր չես գտնի, թէ որտեղից այս «հանճարեղ» միտքը հասունացաւ ոմանց գլխուղեղի «ծալքերի» մէջ, դեռ պարզ չէ: Արդեօ՞ք այդ «մտածողները» չէին կարող, իրենց բիզնեսը աւելի արդիւնաւէտ դարձնելու համար անգամ, ինչ-որ քիչ-թէ շատ խելքը գլխին հայի հետ խորհրդակցել ութ ոչխարի ու պահապան հովիւ-հրեշտակի փոխարէն, ասենք, «խաբրիկ մը բերող» ինչ-որ կռունկ պատկերել: Անձամբ ես խորհուրդ կը տայի, այդ հսկայ մարմարեայ դամբարանի աջ եւ ձախ կողմերը երկու մանղալ եւս աւելացնէին, որպէսզի հայի քէֆին, քէֆ չհասներ:
Շատ եմ ցանկանում, կարդաք ներքեւի ընդգծուած տողերը , որը անգլերէնից թարգմանուել է հայերէնի՝ որպէս գովազդ: Այստեղ արդէն ընդգծուած է մեր ոսկեղնիկ լեզուի հանճարեղ աղաւաղման մի փորձ, որը կարծես արուել է այն նպատակով, որ գրագէտ ընթերցողը կարդալուց յետոյ սրտի տագնապ ունենայ:
«Ֆորեստ Լոնի Ժառանգության Պարտեզում, գտնվում են տարբեր տեսակի գերեզմանատեղեր որոնք նպաստում են պարտեզի խաղաղարար ու պատվավոր մտնոլորտին: Պարտեզը շրջապատուած է գեղեցիկ բնապատկերներով եւ արվեստ ներկայացնող տեսարաններով, ներառյալ մի խճանկարչությամբ որը հանդուրժելու խորհրդանիշն է Հայերի հայրենի երկիր Արարատ սարի: Ժառանգության այս պարտեզը ներկայացնում է Ֆորեստ Լոնի լավագույն գերեզմանատներից մէկը»: