«Անգամ մըն ալ Մենաւորը տեսնեմ,Հոն մեռնիմ, եւ հոն ալ ընկերներուս մօտ թաղուիմ…»
Մալխաս
ՍԵԴԱ ՄԱՐԹԻՐ

Մի պահ չես կարող պատկերացնել, թէ վերում ասած Մալխասի այս խօսքերը, որոնք բուրում են ամէնէն անկեղծը, իրականը, իր ականջներով է լսել Արաքս Մակարեանը, որ իր 103 տարեկան հասակում իսկ, դեռ յիշում եւ պատմում էր։
Իսկ որքան է մեծանում արժէքն այս խօսքերի, երբ եղել է մէկը, որ հանդիպել է գրողների հետ, նրանց կեանքի ու կենցաղի մասին խօսել, հարցրել ու սեղան նստել նրանց հետ… ահա այդպիսի՛ն է եղել Արաքս Մակարեանը: Այն կինը, որ ապրեց մի դար եւ աւելին…
Նրան հանդիպել եմ ծերանոցում, նստած իր յատուկ աթոռին, ակնոցները աչքերին, «Ասպարէզ»ն էր ընթերցում. հարցական հայեացքից այնքան պարզ երեւում էր նրա խորհրդաւոր ապրած կեանքը. որքա՛ն ասելիք ունէր իր անցեալից… Իր («Մոխրացած յուշեր») գրքի նախաբանում, խոստովանել է այդ գրքի գրելու պատճառը՝ իր ասութեամբ՝ դաժան ու բծախնդիր Անդրանիկ Սարեանը, որ նախատում է, իրեն գրական տարազները անտեսելու համար, սակայն նոյն մարդը նաեւ մղում է Արաքս Մակարեանին գրի առնել իր յուշերը: Գրքի նախաբանում Անդրանիկ Սարեանը գրել է, որ թէեւ Արաքսը ուշացած ճամբորդ է մեր գրականութեան մէջ, սակայն նա ապրում է անցեալի ու ներկայի ոգեշունչ տեսլականով։
85 տարեկան հասակում, թարմանում է Արաքս Մակարեանի մէջ գրելու բարձր տրամադրութիւնը եւ նա յաջողում է աւարտել իր գիրքը։
Յաճախակի իմ հանդիպումների մէջ, ամէն անգամ մի նոր ասելիք կար. հետաքրքիր էր, երբ պատմում էր Ահարոնեանի, Արշակ Զօպանեանի, Շիրազի, Մելիք Թանգեանի եւ շատ ուրիշների մասին, որոնց հանդիպել էր, վայելել նրանց ներկայութիւնը եւ ահա, փոխանցում էր… մի անգամ, իր մահուանից մի շաբաթ առաջ, կրկին հանդիպեցի նրան՝ նոյն դիրքով նստած. բարեւեցի, ասացի՝ ի՞նչ նորութիւն, ասաց, թէ Բոստոնից մի գիրք է ստացել Նորայր Փահլաւունուց, պատրաստւում է նրան պատասխանել նամակով։ Այդ կինը ինձ համար դարձել էր նիւթերի, հանճարների անվերջ մի գանձարան, որը երբեք չէր յոգնում պատմելուց. պատմում էր, որ 1916ից մինչեւ 1921 թուականները, Թեհրանի ազգային դպորցները ապրեցին ոսկեդարը, քանի որ տեսուչները եւ ուսուցիչները եղել էին հանրայայտ գրագէտ մտաւորականներ՝ Նիկոլ Աղբալեան, Հ. Աճառեան, Լ. Շանթ, Գ. Իփեքեան, Կ. Պիոնեան… Հարցրեցի, թէ ինչո՞ւ Մալխասը փափաքում էր կրկին տեսնել («Մենաւորը») Սուրբ Թադէի վանքը. պատմեց, որ 1956 թուականին, Թեհրան էր հրաւիրուել «Զարթօնք»ի հեղինակը՝ իր պատուին կատարելու գրական իր յոբելեանը, պատմում էր, թէ ինչպիսի՛ շքեղ հանդիսութիւն էր դա, դժուար է նկարագրել. նա փափաքում էր կրկին անգամ տեսնել ու ապրել այն վայրերը, ուր ինքը եղել էր, ապրել էր իր ֆիդայի ընկերների հետ, բայց նրան չյաջողուեց գնալ այնտեղ, քանի որ օդի աննպաստ պայմանները թերեւս արգելք դարձան հանճարեղ գրողին, կատարելու իր այս փափաքը…
Մի օր էլ, երբ ծերանոց հանդիպեցի, նրա սենեակը տեսայ. դատարկ էր. հարցրեցի պատասխանատուներից, ասացին, թէ փոխադրել են հիւանդանոց, եւ նա այնտեղ աւարտեց իր մայրամուտը…
Շատ ափսոսեցի, սակայն գիտէի, որ հաւատով ապրող, հաւատով շնչող Արաքս Մակարեանը, ապրել էր մի մեծ ու իմաստալի կեանք, որը առնչւում էր ժամանակի առաջաւոր մարդկանց հետ…